Լրահոս
Օրվա լրահոսը

Պակիստանի հետ բանակցություններ վարելն առանց Հայաստանի համաձայնության կամ անմիջական մասնակցության` բացարձակ անընդունելի է. Արման Բաբաջանյան

Ապրիլ 16,2025 23:23

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և ինքնիշխան պետություն, չի կարող լռությամբ համաձայնություն տալ այնպիսի նախաձեռնությունների, որոնք ոչ միայն խարխլում են նրա արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները, այլև բացահայտորեն անտեսում են նրա պետական արժանապատվությունը։

Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցությունը որևէ կերպ չի կարող արդարացնել այն փաստը, որ այդ նույն հարթակում սկսվում են բանակցություններ մի պետության հետ, որն ամբողջությամբ և բացահայտ կերպով մերժում է Հայաստանի գոյությունը՝ չճանաչելով նրա անկախությունը և աջակցելով այն հակառակորդին, որն 2020 թվականին սանձազերծեց բացարձակ ագրեսիա մեր ժողովրդի դեմ։

Պակիստանի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններին Հայաստանի լռակյաց ներառումը ոչ թե տնտեսական շահի հարց է, այլ՝ ազգային արժանապատվության։ Անթույլատրելի է, որ որևէ միություն, այդ թվում՝ ԵԱՏՄ-ն, որի կազմում Հայաստանն ընդգրկված է, բանակցի նման երկրի հետ՝ առանց հստակ հաշվի առնելու այդ համագործակցության քաղաքական հետևանքները Հայաստանի համար։

Այս պայմաններում Հայաստանի իշխանությունները, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պարտավոր են անհապաղ և հրապարակայնորեն պահանջել պարզաբանում Մոսկվայից՝ ո՞ր մանդատի հիման վրա է Հայաստանի անունից քննարկվում որևէ համաձայնագիր մի պետության հետ, որը պաշտոնապես չի ճանաչում մեր ինքնիշխանությունը։ Պակիստանի հետ այսպիսի բանակցություններ վարելն առանց Հայաստանի համաձայնության կամ անմիջական մասնակցության՝ միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի տեսակետից բացարձակ անընդունելի է։

ԵԱՏՄ-ի և դրա շրջանակներում ձևավորվող «Մեծ Եվրասիա» նախագծի տրամաբանությունը խզվել է Հայաստանի ազգային շահերից այն պահից, երբ այդ հարթակում պետական դաշնակից հռչակված երկրները սկսեցին միակողմանիորեն ձևավորել արտաքին տնտեսական ուղղություններ՝ առանց հաշվի առնելու Հայաստանի քաղաքական շահերն ու արտաքին քաղաքական գծի զգայունությունը։ Նման ծրագրերում Հայաստանի մասնակցությունը ոչ միայն անարդյունավետ է տնտեսական տեսանկյունից, այլև վտանգավոր է՝ մեր արտաքին քաղաքականության ուղղվածությունն ու սկզբունքայնությունը խաթարելու տեսանկյունից։

Անհապաղ և հստակ դիրքորոշում է պահանջվում՝ Հայաստանն այլևս չի կարող լինել մի միության անդամ, որի նախաձեռնած նախագծերը հակասում են նրա անվտանգության շահերին, միջազգային դիրքավորմանը և քաղաքական ինքնությանն ու արժանապատվությանը։ ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի համար այլևս ոչ թե տարբերակ է, այլ՝ անհրաժեշտություն՝ խուսափելու համար անդառնալի վնասներից։

Այդ որոշումը պետք է ընդունվի պետական սթափությամբ, ռազմավարական հեռատեսությամբ և քաղաքական ամբողջական պատասխանատվությամբ՝ միաժամանակ նախաձեռնելով Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ վերաբանակցման գործընթաց՝ ուղղված Հայաստանի եվրոպական ուղեգծի համակարգված վերականգնմանը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930