Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսականորեն՝ աշխարհի ցանկացած երկրում էլ կարող է պետության ղեկին հայտնվել ոչ ադեկվատ մեկը. «ՉԻ»

Ապրիլ 17,2025 10:19

Տեսականորեն՝ աշխարհի ցանկացած երկրում էլ կարող է պետության ղեկին հայտնվել ոչ ադեկվատ մեկը, կամ էլ՝ հոգեկան հիվանդություն ձեռք բերել արդեն իշխանության հասնելուց հետո։ Բայց բազմաթիվ երկրներում ինչ-որ պաշտպանական մեխանիզմներ երևի գոյություն ունեն, մինչդեռ մեր դեպքում իրավիճակը բարդանում է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը հասցրել է «հիվանդության խորացման» ընթացքում ամուր վերահսկողություն սահմանել բոլոր առանցքային ինստիտուտների նկատմամբ։ Խորհրդարան, կառավարություն՝ բոլոր ենթակա կառույցներով, մարզպետարաններ, դատաիրավական համակարգ, ուժային կառույցների վերին օղակներ և այլն, ընդհանուր առմամբ՝ մոտ 3-4 հազար մարդ։ Եվ այդ 3-4 հազար հոգուն ձեռնտու է ոչ ադեկվատ, հոգեպես անհավասարակշիռ, երբեմն՝ հիստերիկ «շեֆը», որովհետև իրենք կոմֆորտի գոտում վայելում են իշխանական բարիքները՝ բացարձակապես առանց որևէ պատասխանատվության (եթե անգամ «շեֆը» որևէ բանի համար պատասխանատու չէ, իրենք ինչո՞ւ պիտի պատասխանատու լինեն), իսկ պատահաբար հիստերիայի նոպաներին զոհ գնալու հավանականությունն էլ վիճակագրորեն բավականին փոքր է։ Դրա համար էլ այդ 3-4 հազար հոգին՝ իշխանական ողջ համակարգը, ոչ մի դեպքում չեն նկատի «շեֆի» ակնհայտ շեղումները, հակառակը՝ կծափահարեն, անգամ կկրկնեն նրա բառապաշարն ու ժեստիկուլյացիան, ծպտուն չեն հանի, որ իրենց «տգետ» անվանեց, հաճույքով կգնան «նորաձև կրթվելու», և այսպես շարունակ։ Իսկ սա նշանակում է, որ Հայաստանի պետական կառավարման համակարգում նման ֆորս-մաժորները հաղթահարելու մեխանիզմներ չկան։

Ի դեպ՝ չկան նաև Սահմանադրության մեջ։ Օրինակ, ծանր հիվանդությամբ պայմանավորված՝ նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին հոդված կա (հոդվ․ 143), իսկ վարչապետի մասով՝ չկա։ Համապետական ընտրությունների հետ հույսեր կապելը նույնպես անիմաստ է։ Նախ՝ որովհետև դրանք մի տարի հետո են տեղի ունենալու, իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը նորանոր աղետներ կարող է բերել, և երկրորդ՝ չմոռանանք, որ Հայաստանում երբևէ ընտրությունների միջոցով իշխանափոխություն տեղի չի ունեցել։ Ու հաստատ չարժե ոգևորվել Գյումրիի օրինակով։ Այնտեղ իշխանությունները հանդուրժեցին ընտրությունների արդյունքները, որովհետև առանձնապես ոչինչ չեն կորցնում, ավելին՝ մեծ հավանականությամբ, «հաղթողը» մոտ ապագայում կհայտնվի բանտում, իսկ համապետական ընտրությունների դեպքում հակառակը՝ պարտվողները կհայտնվեն բանտում, հետևաբար՝ իշխանությունները պարտություն չեն հանդուրժի ու կդիմադրեն բոլոր միջոցներով։

Այնպես որ՝ Հայաստանում արտառոց իրավիճակ է, և լուծումներն էլ պիտի ոչ ստանդարտ լինեն։ Թե կոնկրետ ինչպիսիք՝ քաղաքական դաշտի որոշելիքն է։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930