«Հրապարակի» զրուցակիցը միջազգային իրավունքի մասնագետ, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանն է:
– Գնահատեք, խնդրեմ, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, Նիկոլ Փաշինյանը հիմա էլ ասում է, թե «պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն», իսկ Ադրբեջանը կրակում է սահմանին ու բաց տեքստով մեսիջներ հղում, որոնք խաղաղության մասին չեն:
– Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է հետեւյալին՝ Հայաստանի Հանրապետություն չպետք է գոյություն ունենա, ավելին, նրանք պարզ ասում են, որ լինելու է պատերազմ: Խնդիրն այն է, թե այդ պատերազմի ժամանակ Հայաստանն ինչ դիրքերում է լինելու եւ ինչքանով է պատրաստ լինելու: Մենք ոչ թե դրան պատրաստվում ենք, այլ չենք պատրաստվում: Ադրբեջանն իրականացնում է սահմանամերձ գոտու մյուս կողմի՝ ներկայիս շփման գծի այն կողմի ուժեղացում, առանձին դիրքերի գրավում, դրա արդյունքում՝ կոմունիկացիաների շրջափակում, որին հաջորդելու է մի պարզ բան․ հիմա ինձ կարող են մեղադրել, թե հուշում եք, բայց ամեն ինչ ակնհայտ է՝ իրենք պահանջելու են 400, 500 հազար կամ մեկ միլիոն ադրբեջանցու վերադարձ, նրանց անվտանգության երաշխիքներով՝ ներառյալ ադրբեջանական եւ թուրքական զինված ուժերի միջամտության հնարավորությամբ: Երբ նայում ենք թուրքական առաջին հանրապետության հիմնադիրների քաղաքականությունը, ադրբեջանական քաղաքականությունը, նույն՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը, Աթաթուրքի հանձնարարականը՝ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներով բանակցություններում, տեսնում ենք, որ նույն քաղաքականությունն է՝ ոչինչ չի փոխվել, մոտավորապես, Հայաստանից պետք է մնա մի փոքրիկ տարածք, այն էլ՝ ամբողջությամբ անկլավի կարգավիճակով: Եթե մենք թուրք-ադրբեջանական քաղաքականությունն այս լույսի ներքո չենք ընկալում, ապա անիմաստ քննարկում ենք անում բոլոր մյուս կոնտեքստներում, որոնք ածանցյալ են այս հարցից:
– Որ իրենց պատկերացրած խաղաղությունը լինի, իշխանությունները պատրաստ են զիջել ամեն ինչ, կատարել Բաքվի բոլոր պահանջները՝ հայցերից մինչեւ, այսպես կոչված, միջանցքի տրամադրում:
Կարդացեք նաև
– Փորձում են ցույց տալ, թե դեռ քանի հարյուր տարի պետք է պայքարենք: Պետք է պայքարենք այնքան, որքան անհրաժեշտ է: Այդ միջազգային իրավական պրոցեսները, ցեղասպանության ճանաչման գործընթացը ոչ թե նրա համար են, որ դա արդար է, այլ՝ այն, որ դա միակ գործիքն է՝ ուղղված ապագային, որը հնարավոր կդարձնի բացառել երրորդ, չորրորդ ցեղասպանությունը կամ բնաջնջումը: Ադրբեջանը բաց տեքստով ասում է, որ Սեւանը պետք է լինի սահմանամերձ տարածք, որ Վայոց Ձորը եւ Սյունիքը պետք է լինեն ադրբեջանական, որ Երեւանը հին ադրբեջանական քաղաք է, Ալեքսանդրապոլը, Դիլիջանը, Տավուշը՝ բոլորն ադրբեջանական են: Ընդ որում, մի կարեւոր հանգամանքի վրա էլ եմ ուզում ուշադրություն դարձնել․ իհարկե, Ադրբեջանի տարածքում կան մետաղական հանքեր, բայց մետաղական հանքերը հիմնականում Սյունիքում, Լոռիում, Տավուշում եւ Արցախում են: Նույնկերպ, ինչպես 100 տարի առաջ Բաքվի նավթը հայերը, չակերտավոր ասած, կորցրին, որի հիման վրա Ադրբեջանը շանտաժի ենթարկելով խորհրդային իշխանություններին, պահեց որոշակի տարածքներ, նույնը հիմա վերաբերում է մետաղական հանքերին: Ռոբոտաշինության, էլեկտրամոբիլների, այլընտրանքային էներգետիկայի ոլորտներում էական նշանակություն ունեն մետաղական պաշարները, ավելի կոնկրետ՝ մոլիբդենը եւ մի շարք այլ հազվագյուտ մետաղներ: Եթե ուշադիր հետեւենք, դա ուկրաինա-ամերիկյան բանակցությունների կենտրոնական կետերից մեկն է: Հիմա նույնն այստեղ է, եթե մենք ռեալ չենք հասկանում, որ այդ տարածքները պետք է ամեն գնով պահել, Ադրբեջանը ոչ մի խնդիր չունի, նա այդ տարածքները վերածելու է նույն վիճակին, ինչ 100 տարի առաջ Բաքվի նավթահորերը: Եթե կարդաք՝ 100 տարի առաջ ինչ վիճակ էր տիրում Բաքվի տարածքում, կտեսնեք, որ այնտեղ էկոլոգիական կատաստրոֆա էր, Ադրբեջանը նույնը բանն այստեղ է իրականացնելու, ուղղակի հիմա նույն շանտաժն է, այսպես ձեւակերպենք, մետաղների դիմաց՝ գումարած ճանապարհները: Ինչ-որ անհասկանալի, ոչ պարզ, ոչ հստակ գործընթացի արդյունքում մենք խոսում ենք այն մասին, թե կա միջանցքային տրամաբանություն` չկա… անունը միջանցք դնենք, միջանցք չդնենք, իրականում բովանդակությունը ոչ ոք չգիտի, վերացական խոսում ենք, բայց անվանումից չի կախված, էական նշանակություն ունի բովանդակությունը, որտեղ կողմերի իրավունքներն ու սահմանափակումներն են եւ բազմաթիվ այլ հարցեր, որոնք էական նշանակություն ունեն: Մենք այս մասին ոչինչ չգիտենք: Եթե սրան ավելացնենք մոտեցումները, ձեւակերպումները, ադրբեջանական նարատիվների շարունակությունը` գործող իշխանությունների կողմից, երկու տարբերակներից մեկն է ավելի հավանական` որ ունենք դավաճանական իշխանություն, որն իր ռոճիկի համար պատրաստ է վերացնել ՀՀ-ն՝ որպես պետություն, եւ երկրորդ սցենարը` ունենք մի իրավիճակ, ինչի մասին բազմաթիվ անգամներ ենք ասել՝ պարտված ղեկավարները չպետք է շարունակեն բանակցային գործընթացը, ընդ որում՝ պարտված ոչ միայն պատերազմում, այլեւ, Արարատ Միրզոյանի դեպքում՝ ֆիզիկապես հաշվեհարդարի ենթարկված, որը ֆիզիկական վախ է զգում այդ պրոցեսներից: