Լրահոս
Օրվա լրահոսը

Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից սգո սրահում չորս անձի սպանության համար Թելման Քալաշյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման

Ապրիլ 17,2025 15:59

«Փաստինֆո». Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից սգո սրահում չորս անձի սպանության համար Թելման Քալաշյանը դեպքից ութ տարի անց դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ, հրապարակել է դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով Թելման Քալաշյանին և դատապարտելով ցմահ ազատազրկման։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Լուսինե Սահակյանից։

Նշենք, որ մեղադրյալ Թելման Քալաշյանն այս ութ տարիների ընթացքում այդպես էլ չի զղջացել կատարվածի համար, ավելին՝ առ այս պահը պարբերաբար բարձրաձայնում է գումարային պահանջների մասին։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2017թ. օգոստոսի 1-ին՝ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից սգո սրահում։ Թելման Քալաշյանը մուտք է գործել սգո սրահ, հայհոյանքներ հնչեցրել, ապա՝ կրակոցներ արձակել ներկաների ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է չորս անձ, այդ թվում՝ ՌԴ-ից եկած Օզմանյան եղբայրները, որոնցից մեկը՝ Ամրոն, քրեական հեղինակություն էր, ևս յոթ անձ ստացել էր մարմնական վնասվածքներ։

Ի սկզբանե մամուլում շրջանառության մեջ էր դրվել վենդետայի վարկածը, համաձայն որի՝ Քալաշյանը վրեժ էր լուծում ՌԴ-ում եղբոր սպանության համար։ Այդուհանդերձ, քննության առաջ քաշած վարկածն այլ էր։ Ըստ քրեական գործի՝ 2012-2013 թվականների ընթացքում, Արմավիրի մարզի բնակիչ Թ.Քալաշյանը, իր բարեկամի խնդրանքով պարտքով՝ տոկոսով, 75.000 ԱՄՆ դոլար գումար է տվել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Քյարամյան եղբայրներին:

Պայմանավորվածության համաձայն՝ եղբայրները մաս-մաս վերադարձրել են 45.200 ԱՄՆ դոլարը, սակայն հետագայում իրենց ձեռնարկած առևտրային գործունեությունը ձախողվելու պատճառով չեն կարողացել վճարել տոկոսադրույքները և վերադարձնել հիմնական գումարը, ինչի մասին տեղեկացրել են պարտատիրոջը: Վերջինս, չընդունելով ներկայացված պատճառաբանությունները, պարբերաբար դիմել է եղբայրների բարեկամներին և ընկերներին, այդ թվում՝ միջնորդին՝ ակնկալելով նրանց միջամտությունը գումարը, տոկոսադրույքների հետ մասին, հետ ստանալու հարցում: 2017 թվականի օգոստոսի 01-ի առավոտյան Թելման Քալաշյանը Հերթական անգամ գումարային պահանջով հեռախոսազրույց է ունեցել միջնորդի՝ Գերման Քյարամյանի հետ:

Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ։ Տեղեկանալով, որ Գերման Քյարամյանը, ինչպես նաև Քյարամյան հինգ եղբայրների բարեկամները և ընկերները գտնվում են ՀՀ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում և մասնակցում են եզդիների՝ «Խեր» ազգային ծիսակատարությանը, «ՎԱԶ 21214» մակնիշի 97 SZ 777 համարանիշի ավտոմեքենայով նա գնացել է Շամիրամ համայնք: Հասնելով նշված վայր՝ հրազենով զինված մուտք է գործել սգո սրահ, հայհոյել, ապա կրակոցներ արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ՝ միաժամանակ փորձելով գտնել Գերման Քյարամյանին:

Քրեական գործի տվյալներով՝ դեպքի վայրից փախուստի դիմելու հարցում Թելման Քալաշյանին օժանդակել է նրա հորեղբայրը, որը ևս ամբաստանյալի աթոռին էր որպես պարտակող։ Քալաշյանների գործը դատարանում է 2018թ հունվարի 19-ից։ Հետագայում Քյարամ Քալաշյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ համաներման հիմքով։

Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930