Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր շարունակվեց հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ դատավորների գործով» նիստը։
Էդգար Ղազարյանը ցանկացավ քրեական վարույթը կարճելու մասին միջնորդություն ներկայացնել, դատարանն առարկեց՝ պարզաբանելով, որ միջնորդությունը կքննարկեն ապացույցների հետազոտությունից հետո: Ղազարյանն առարկեց դատարանի դիրքորոշմանը, ինչից հետո դատարանը թույլ տվեց ներկայացնել միջնորդությունը: Ըստ Ղազարյանի՝ հանցակազմի բացակայության հիմքով վարույթը պետք է կարճվի: Միջնորդությանը միացան պաշտպանները:
Հանրային մեղադրողը առարկեց՝ պարզաբանելով, որ ոչ ժամանակին ներկայացված միջնորդություն է, հետեւաբար՝ պետք է մերժվի: Դատարանը որոշեց միջնորդությունը թողնել առանց քննարկման՝ գտնելով, որ այն ներկայացվել է ոչ ժամանակին:
Հանրային մեղադրողն ընթերցեց մեղադրանքը, ասաց, որ Ղազարյանին մեղսագրվում է Քր. օրենսգրքի 480 հոդվածի 2-րդ մասով հանցավոր արարք:
Կարդացեք նաև
Ինչից հետո Ղազարյանի պաշտպաններից Ռուբեն Մելիքյանը դատարանին հայտնեց, որ պարզաբանման ենթակա հարցեր ունեն, որոնք վերաբերում են մեղադրանքի փաստական եւ ոչ միայն իրավական մասին. «Դատարանին խնդրում ենք ապահովել Սահմանադրությամբ եւ եվրոպական կոնվենցիայով նախատեսված մեր իրավունքը, խնդրում ենք հնարավորություն այդ պարզաբանումները ստանալու եւ մեղադրանքից պաշտպանվելու համար: Մենք պետք է հասկանանք մեղադրանքը»:
Մինչ դատական նիստի սկսվելն էլ Ղազարյանի պաշտպաններից Սերգեյ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս գործով հաջողության են հասնելու, եթե ոչ այս, ապա մյուս ատյաններում. «Որքան էլ ճնշումները մեծ լինեն, շատ դատավորներ ունենում են այդ համարձակությունը, այն ներքին ընդվզումը:
Ինչպես տեսանք՝ մի քանի օր առաջ Արամ Հարությունյանի վերաբերյալ արդարացման վերդիկտ կայացվեց, իսկ նա մեղադրվում էր Փաշինյանին վիրավորելու համար… Մենք ապրում ենք բռնապետությունում, որտեղ մեծ դեր է կատարում իրավապահ մարմինը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ