«Մեզ հնարավորություն չտվեց պարզաբանել մեղադրանքը: Սա շատ կարեւոր իրավունք է: Դատարանը ճիշտ է այն առումով, որ օրենսգիրքը ֆորմալ հարցեր ուղղելու հնարավորություն, իսկապես, չի նախատեսում: Բայց դատարանների դերը ոչ միայն եւ ոչ այնքան օրենքի տառին հետեւելն է, որքան իրավունքի տրամաբանությանը հետեւելն է: Եղել են դատավորներ, որ այս նույն խնդիրը այլ կերպ են լուծել, ցավում եմ, որ նախագահող դատավորն այդ ճանապարհով չգնաց»,- այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ դատավորների գործով» նիստի ավարտից հետո լրագրողներին ասաց Ղազարյանի պաշտպաններից Ռուբեն Մելիքյանը:
Հիշեցնենք, որ այսօր պաշտպանական կողմը դատարանին խնդրեց, ապա միջնորդեց ապահովել Սահմանադրությամբ եւ եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրենց իրավունքը՝ մեղադրանքը հասկանալու համար տալ հնարավորություն տալ պարզաբանող հարցեր, ինչը դատարանը մերժեց:
«Հանրային մեղադրողը ընթերցում է մեղադրական եզրակացությունը, հրապարակում, որ Ղազարյանի արարքը հանցագործություն է, որովհետեւ ի թիվս այլոց՝ ասել է , որ Վահե Գրիգորյանը ապօրինի է նշանակվել Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ: Անհասկանալի է, այսինքն՝ հայտարարում ենք, որ մեր երկրում որեւէ բան ապօրինի համարելը կարող է հանցակա՞զմ լինել: Մենք դրա պարզաբանումը չստացանք»,- շարունակեց պարոն Մելիքյանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ