«Այն, որ վրանը որևէ խոչընդոտ չի հանդիսանում, սա ակնհայտ է, որովհետև վրանը ստեղծվել է նրա համար, որ ժողովրդի կարծիքը հավաքագրի։ Չեմ հասկանում՝ ինչու է վրանը նման անհանգստության տեղիք տալիս կառավարությանը»,- Ազատության հրապարակում տեղադրված վրանում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախկին նախարար Արմինե Պետրոսյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունն առաջարկել է արցախցիներին հանել Ազատության հրապարակում տեղադրված վրանը, ինչի դեպքում իրենք կշարունակեն արցախցիներին տրվող 40000 դրամ աջակցությունը երկու ամիս։
Արմինե Պետրոսյանը, դիմելով ՀՀ կառավարության իր նախկին գործընկերներին, ասաց․ «Եթե նրանց տեղում լինեի, անձամբ կիջնեի վրան և կլսեի մարդկանց, թե ինչ է նրանց հուզում։ Սպասում էի, որ իմ նախկին կոլեգան՝ պարոն Մկրտչյանը կիջներ այստեղ ու կլսեր մարդկանց։ Կարելի է կառավարության անդամներին առաջարկել իջնել ու գալ այստեղ, լսել քաղաքացիներին։ Մենք պարոն Մկրտչյանի հետ ունեցել ենք աշխատանքի պրակտիկա, հեշտությամբ կառուցողական լուծումներ ենք տվել շատ հարցերի»։
Խորհրդի անդամները վստահեցրին՝ վրանը հանել պետք չէ, նաև պետք չէ բավարարվել միայն սոցիալական հարցերով, քանի որ արցախցին միայն սոցիալական խնդիր չի բարձրացնում, այլ կա Արցախ վերադառնալու, այլ իրավունքների պաշտպանության, գերիների վերադարձի խնդիր։
Կարդացեք նաև
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը նկատեց․ «Կոտեկտ չէ, երբ առաջարկում են գործարք վրանի դիմաց։ Դա իրենց սուրբ պարտքն է, իրենց բարեհաճությունը չէ, իրենց գրպանից չեն դնում։ Մենք սկզբնական շրջանում այն պահանջները, որ ներկայացրել ենք՝ ձևավորելով այս վրանը, մենք չենք խախտել մեր օրակարգը։ Ես վստահ եմ՝ վրանը պիտի մնա, դա հնարավորություն է մեր հանդիպումներն ու քննարկումներն այս վրա տակ իրականացնել։ Սա գոնե մարդկանց համար հարթակ էր, որ գալիս, այստեղ այնպիսի հարցեր են բարձրաձայնում, որ մենք այդ հարցերից տեղյակ էլ չենք եղել։ Էս տեղը հնարավորություն տվեց մարդկանց իրենց հարցերն էլ ներկայացնել, ինչը կարող ենք փոխանցել իշխանությանը։ Մեր գործնական պրոցեսը շարունակվելու է։ Արձանագրենք, որ հանրահավաքին մասնակցել են անհետ կորածների, գերության մեջ գտնվող մարդկանց հարազատները, մարդիկ կան ասում են՝ մեզ փող պետք չէ, բայց վերադարձ ենք ուզում մեր հայրենիք։ Մենք դրա համար ենք այստեղ եկել։ Եթե իշխանությունն անդրադառնում է միայն սոցիալական խնդիրներին, ապա նշեմ, որ ժողովուրդը մնացած հարցերի պատասխաններին էլ է սպասում։ Դրա համար շարունակական գործընթացներ պետք է իրականացնենք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ