Հայաստանի իշխանությունների շուրջ օղակը գնալով սեղմվում է
Ռուսաստանը հետեւողականորեն շարունակում է Հայաստանին զգուշացնել ցավոտ հետեւանքների մասին` եթե Երեւանը գնա «եվրոպական ուղով»: ՌԴ-ից հերթական պաշտոնյան հանդես է եկել հերթական նախազգուշական «ճառով»: ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը «Իզվեստիային» տված հարցազրույցում նկատել է. «Մենք Հայաստանի շահերը ճնշելու ծրագիր չունենք եւ չի էլ կարող լինել։ Նա մեր դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը, որի հետ մեզ կապում է, ինչպես Վրաստանի հետ, դարավոր ընդհանուր պատմությունը, Հայրենական մեծ պատերազմում տարած ընդհանուր հաղթանակը, որի 80-ամյակը մենք, հուսով եմ, միասին կնշենք մայիսի 9-ին»։
ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն այնուհետեւ նկատել է. «Օբյեկտիվորեն, միաժամանակ անդամակցել ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին՝ անհնար է, քանի որ այդ միություններն ունեն տարբեր մաքսային եւ սակագնային կարգավորումներ: Դրանք, ըստ էության, տարբեր տնտեսական բլոկներ են: Ըստ այդմ, մեր հայ գործընկերները, հավանաբար, ինչ-որ պահի պետք է որոշեն, թե որ ուղղությամբ են գնում՝ դեպի Եվրամիություն ինտեգրո՞ւմ, թե՞ ԵԱՏՄ միջոցով եվրասիական ինտեգրման շարունակական մասնակցություն: Անդամակցությունը ԵԱՏՄ-ին ակնհայտ օգուտներ է բերում Հայաստանի բնակչությանը, եւ դա արտահայտվում է առաջին հերթին Հայաստանի ՀՆԱ-ի աճի համար շատ նշանակալի թվերով։ Վերջին մեկ տարվա ընթացքում այն կազմել է շուրջ 6%: Մյուս կողմից, ի՞նչ է Եվրամիությունն այս փուլում Հայաստանի եւ այլ երկրների համար։ Սա պահանջների եւ չափանիշների մի շարք է՝ անդամակցության մշուշոտ հեռանկարով: Եթե Հայաստանը գնա եվրոպական ընտրության ճանապարհով, դա օբյեկտիվորեն կհանգեցնի այն հաստատված տնտեսական հարաբերությունների վերանայմանը, որ Երեւանը ներկայումս ունի ԵԱՏՄ գծով իր գործընկերների հետ։ Սա, հավանաբար, բավականին ցավոտ գործընթաց կլինի, այդ թվում, ցավոք, Հայաստանի բնակչության համար։ Տրամաբանական է ենթադրել, որ երկրի ղեկավարությունն իր բնակչությանը կբացատրի, թե ինչ կարող է կորցնել ԵԱՏՄ-ից դուրս գալով, եւ իրականում ինչ կարող է շահել Եվրամիությանն անդամակցությունից»։
Ըստ Գալուզինի` այսօր էլ ԵՄ երկրներից յուրաքանչյուրի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը մի քանի անգամ ցածր է, քան Ռուսաստանի հետ, բացի այդ, ըստ պաշտոնյայի. «ԵՄ-ն բացահայտ թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի առանցքային տնտեսական գործընկերոջ եւ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ։ Այն դրսեւորվում է Ռուսաստանին ռազմավարական պարտություն պատճառելու եւ մեր երկիրը թուլացնելու, ուկրաինական ճգնաժամի քաղաքական եւ դիվանագիտական կարգավորմանը նպաստող գործողություններն արգելափակելու, Ռուսաստանի եւ ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում նրա ռազմավարական գործընկերների եւ դաշնակիցների հարաբերություններում սեպ խրելու փորձերով»։
Կարդացեք նաև
Գալուզինը հույս է հայտնել, որ պաշտոնական Երեւանում տեսնում են այս իրավիճակը եւ համարժեքորեն գնահատում. «Մինչ այժմ Հայաստանը դուրս չի եկել Եվրասիական տնտեսական միության ոչ մի կառույցից։ Մենք բարձր ենք գնահատում նրա հաջող նախագահությունը ԵԱՏՄ-ում անցյալ տարի՝ 2024-ին, ուստի մեր համագործակցությունը շարունակվում է։ Երկրի ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցում են նաեւ ԱՊՀ մարմինների բոլոր միջոցառումներին եւ բոլոր փորձագիտական հանդիպումներին»:
Այսպիսի հետեւողականություն, ինչպիսին դրսեւորվում է ՌԴ պաշտոնյաների կողմից ՀՀ-ԵՄ հարաբերությունների թեմայով, կա՞, օրինակ, Հայաստանի անվտանգային հարցերում: Որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից ՌԴ-ից որեւէ պաշտոնյա խոսո՞ւմ է ադրբեջանական ստորաբաժանումների` ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվելու մասին: Կամ` Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք վաճառել-չվաճառելու թեմայով:
Կամ` վերջին օրերին Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանին իրավիճակը սրելու հստակ փաստերի առիթով… Վերջին շաբաթների ընթացքում Բաքուն գրեթե ամենօրյա ռեժիմով ապատեղեկատվություն է տարածում` մեղադրելով հայկական կողմին իր դիրքերը թիրախավորելու համար: Միեւնույն ժամանակ Սյունիքի, Գեղարքունիքի սահմանային բնակավայրերից հաղորդում են չդադարող կրակոցների մասին։ Այս ընթացքում հայկական կողմը հաղորդել է Սյունիքի Խնածախ գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցների մասին՝ Բաքվին կոչ անելով հետաքննել այդ փաստերը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
Մոսկվային, սակայն, նման «մանր-մունր» թեմաները չեն հետաքրքրում: Մտահոգությունները, նախազգուշացումները, կիսասպառնալից հայտարարությունները բացառապես մեկ թեմայով են` ՀՀ-ԵՄ հարաբերությունները չխորանան:
Իսկ ահա Փարիզից մտահոգություններ հնչեցին: Ֆրանսիան մտահոգված է հայ – ադրբեջանական սահմանին տիրող լարվածությամբ, օրերս հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը հույս է հայտնել, որ այդ լարվածությունը հնարավոր կլինի թուլացնել եվրոպական դիտորդական առաքելության ընդլայնման օգնությամբ: «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ես շատ մտահոգված եմ սահմանին լարվածության աճով։ Հույս ունեմ, որ այնտեղ տեղակայված եվրոպական առաքելության կազմը կընդլայնվի, որպեսզի հնարավոր լինի հետեւել եւ զսպել այդ լարվածությունը»,- նշել է Բարոն:
«Այժմ անհրաժեշտ է ստորագրել խաղաղության պայմանագիրը, իսկ կամայականորեն ձերբակալվածները, բանտարկվածները պետք է ազատ արձակվեն», – ընդգծել է Ֆրանսիայի արտգործնախարարը: Նախարարի հայտարարությունը X-ի իր էջում հրապարակել էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Արձագանքելով Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հայտարարություններին՝ պաշտոնական Բաքուն Փարիզին «կեղծավորության» մեջ մեղադրեց՝ պնդելով, որ Հայաստանին «մահացու զենք մատակարարելը չի ծառայում խաղաղությանը»: Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Այխան Հաջիզադեն X-ում հրապարակած գրառման մեջ անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրմանը, նշել էր. «Դրա ստորագրումը եւ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելը պահանջում են Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացում եւ, մասնավորապես, Ֆրանսիայի կողմից արտաքին միջամտության դադարեցում, որը նպաստում է տարածաշրջանում իրավիճակի անկայունացմանը»:
Եվ այսպես, Հայաստանի իշխանությունների համար օղակը գնալով սեղմվում է: Ռուսաստանի «նախազգուշացումները» ինտենսիվորեն շարունակվում են, դրանք ինչ-որ պահից կարող են արտահայտվել տարբեր սպառնալիքներով, չի կարելի բացառել նույնիսկ պատժամիջոցները Հայաստանի նկատմամբ:
ՀՀ ԱԺ-ն վավերացրել է ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը: ԵՄ-ից նույնպես ուշագրավ նախազգուշացում է հնչել: «Ռուսաստանը լայնամասշտաբ պատերազմ է մղում Եվրոպայում, եւ նման պարագայում Մոսկվայի միջոցառումներին մայիսի 9-ին մասնակցելն անթույլատրելի է՝ հատկապես ԵՄ անդամակցության հայտ ներկայացրած երկրների համար»,- օրերս նշել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը` Լյուքսեմբուրգում արտգործնախարարների հավաքից հետո:
ԵՄ թեկնածու երկրներին հասկացնել ենք տվել, որ նրանք չպետք է մասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք ռազմական շքերթին, իր հերթին նշել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բաիբա Բրաժեն նույն հավաքի մեկնարկից առաջ։ «Քննարկումներ ունեցանք` արժեքների, ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության համակարգման, ներառյալ՝ պատժամիջոցների վերաբերյալ։ Այդ թվում՝ ԵՄ անդամ պետությունների կողմից թեկնածուներին տրված շատ հստակ հրահանգ եղավ՝ չմասնակցել մայիսի 9-ի շքերթին Մոսկվայում, չկատարել նման ուղեւորություններ, քանի որ դա չի համապատասխանի ԵՄ արժեքներին»,-ասել է Բրաժեն։
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին էլ, իր հերթին, նշել է, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան, իր եւ Կայա Կալլասի հետ համաձայնությամբ, նախարարներին հրավիրում է Լվովում մայիսի 9-ին կայանալիք հանդիպմանը։ «Ես նաեւ համաձայն եմ Կայա Կալլասի հետ, որ անդամ պետության կամ թեկնածու երկրի ցանկացած ներկայացուցչի ներկայությունը Մոսկվայում ամոթ կլինի այդ պետության համար»,- նշել է նա։ Նկատենք, որ Եվրամիության ԱԳ նախարարները մտադիր են մայիսին կայանալիք հանդիպմանը քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը։
Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է մայիսի 9-ի միջոցառումներին Մոսկվայում: Փաշինյանը մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հաստատել էր, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը եւ մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։
Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահը հրավերներ է ուղարկել Չինաստանի, Հնդկաստանի եւ Բրազիլիայի առաջնորդներին, ինչպես նաեւ` ԵՄ երկիր Սլովակիային եւ Սերբիային։
Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն անցյալ շաբաթ հերքել էր մամուլում շրջանառվող լուրերը, թե մայիսի 9-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում է նախատեսված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 17.04.2025