Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես Արցախի դատարանից քրեական գործը հայտնվեց Հայաստանում

Ապրիլ 18,2025 13:00

Արցախցի Սերգո Շաքարյանի գործով ՀՀ գլխավոր դատախազին է դիմել նաեւ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը

Քրեական գործը ներկայում գտնվում է Երեւան քաղաքի քրեական դատարանում (դատավոր Ժորա Չիչոյանին է հանձնվել 2024 թվականի ապրիլի 22-ին –Ռ.Մ.): Ապրիլի 14-ի նիստում տեղեկացվեց, որ վերդիկտը կհրապարակվի սույն թվականի ապրիլի 30-ին: Քրեական գործը հարուցվել է 2022 թվականին, Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքով, ապա 2024 թվականի ապրիլի 19-ին այն «բացվել է» Հայաստանի Հանրապետությունում: Հանրային մեղադրողը Գ.Հայրապետյանն է:

Արցախցի մեղադրյալ Սերգո Շաքարյանի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանն «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ «Արցախի Հանրապետության դատական մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելը եւ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում կալանքի տակ գտնվելը կամ դատավճռի հիման վրա պատիժ կիրառելը բազմաթիվ խախտումներով են իրականացվում: Բազմաթիվ են այն դեպքերը, երբ ԱՀ դատական մարմնի կողմից ազատազրկում կիրառելու դեպքում Հայաստանում պատիժը կրելու ժամանակ ՀՀ վերաքննիչ դատարանում ճանաչվել է ՀՀ փաստաբանի իրավալիազորությունը…

ՀՀ քաղաքացիության մասին ՀՀ օրենքի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերն են` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը, իսկ մինչեւ 16 տարին լրանալը նաեւ` ծննդյան վկայականը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող վկայականը:

Համաձայն Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ միջեւ 1999թ. փետրվարի 24-ի «Անձնագրային համակարգի կազմակերպման մասին» համաձայնագրի էլ՝ «Հայաստանի Հանրապետությունը ԼՂՀ-ի բնակիչներին անձնագրեր է տրամադրում որոշակի հանգամանքներում»:

Քրեական վարույթ նախաձեռնվելուց հետո, քրեական վարույթին կցվել են ԱՀ գլխավոր դատախազության քրեական գործի նյութերը, որոնք վարույթն իրականացնող մարմինը դիտել է որպես ապացույցներ, առանց իրեղեն ապացույցների: Նշված նյութերը, ըստ պաշտպան Ռ.Մարտիրոսյանի, վարույթին է տրամադրել տուժողի իրավահաջորդը՝ եղբայրը: Դրանք ԱՀ դատարանի որոշումներ են, նիստերի, որոնք տեղի չեն ունեցել Արցախի պաշարման պատճառով…

Արցախյան պատերազմների 56-ամյա մասնակիցը, ով նաեւ ծանր կոնտուզիա է տարել, անանուն բուժման կուրսեր անցել, մեղադրվում է այն բանի համար, որ «2020 թվականի նոյեմբեր ամսին անհայտ հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել հրազեն հանդիսացող «AK-74» տեսակի «1466578» համարի, 1981թ. գործարանային արտադրության ինքնաձիգը եւ ռազմամթերք հանդիսացող 79 հատ 5.45մմ տրամաչափի մարտական փամփուշտներ, որոնք տեղափոխել եւ ապօրինի պահել է ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում գտնվող իր բնակարանում: Այնուհետեւ՝ 2022 թվականի ապրիլի 16-ին նախապես վերցնելով երկու փամփշտատուփերի մեջ 51 հատ 5.45մմ տրամաչափի փամփուշտներով լիցքավորված «AK-74» տեսակի «1466578» համարի ինքնաձիգը եւ առանձին 25 հատ նույն տեսակի փամփուշտներ, ժամը 22:25-ի սահմաններում, ներկայացել է ԱՀ Ստեփանակերտ քաղաքի Մեսրոպ Մաշտոց փողոցի 16 հասցեում տեղակայված՝ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղ, պայմանավորված նույն օրը ժամը 19:15-ին իր կողմից վարած «Օպել Աստրա» մակնիշի «72 HH 227» համարանիշի տրանսպորտային միջոցը ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից արգելանքի տակ դնելու եւ հատուկ պահպանման տարածք ընդունելու հետ, ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից իր ծառայողական գործունեության կատարման առնչությամբ նրանից վրեժխնդիր լինելու …նպատակով մուտք է գործել օպերատիվ կառավարման կենտրոն եւ ինքնաձիգով թիրախային կրակոցներ է արձակել այնտեղ ծառայություն իրականացնող՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ավագ տեսուչ-հերթապահ, ոստիկանության մայոր Ժ. Ե.-ի ուղղությամբ, որի հետեւանքով ստացած հրազենային մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է»:

Այնուհետեւ, Շաքարյանը կագնեցրել է մեկ այլ մեքենա, լիցքավորել է ինքնաձիգը, փորձել այդ մեքանով հեռանալ, իսկ մեքենայում գտնվողները բռնել են ինքնաձիգից, խլել ինքնաձիգը եւ վնասազերծել, որից հետո ներկայացել են նաեւ ոստիկանության ծառայողները եւ նրան բերման ենթարկել ոստիկանություն:

Ըստ պաշտպանի, նա օգտագործել է ալկոհոլ, որի իրավունքը չուներ, քանի որ հաշվառված էր համապատասխան բուժհիմնարկում, եւ նա օգտագործելուց հետո ի վիճակի չէր տիրապետել իր գործողությունները:

2024 թվականի փետրվարի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի ՀԿԳ քննիչ Ա.Հախվերդյանը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ Ս. Շաքարյանի վերաբերյալ 18.04.2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին/, 18.04.2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով /համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասին/ եւ 18.04.2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 44-263-րդ հոդվածի 1-ին մասին/ նախատեսված արարքները կատարելու համար հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քրեական օրենքով նախատեսված արարքը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարած անձի քրեական պատասխանատվության հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե կատարված արարքն ուղղված է Հայաստանի Հանրապետության շահերի, Հայաստանի Հանրապետության քաղաքացու, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող անձի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի, Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակով բնակվող, ապաստան հայցող կամ ապաստան ստացած անձի կամ իրավաբանական անձի իրավունքների եւ ազատությունների դեմ: Մինչդեռ, նույն օրենքի նույն հոդվածի 1-ի համաձայն. «Քրեական օրենքով նախատեսված արարքը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող անձանց, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակով բնակվող, ապաստան հայցող կամ ապաստան ստացած անձանց քրեական պատասխանատվության հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե նրանց կատարած արարքը հանցանք է համարվում դրա կատարման վայրի պետության օրենսդրությամբ, եւ եթե նրանք այդ արարքի համար քրեական պատասխանատվության չեն ենթարկվել: Եթե քրեական օրենքով նախատեսված արարքը նշված անձանց կողմից կատարվել է որեւէ պետության չպատկանող տարածքում, ապա այդ արարքը կատարած անձինք ենթակա են քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե կատարված արարքի համար որպես պատիժ նախատեսված է ազատազրկում: Քրեական օրենքով նախատեսված արարքը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարած՝ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակով բնակվող, ապաստան հայցող կամ ապաստան ստացած անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե առկա են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված պայմանները»:

Ըստ պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանի՝ իր պաշտպանյալին մեղսագրված արարքը ուղղված չէր ՀՀ շահերին, ՀՀ քաղաքացու դեմ չէր, ՀՀ-ն չի ճանաչում ԱՀ անձնագիրը, որպես ՀՀ քաղաքացիություն ապահովող փաստաթուղթ, տուժողը երկքաղաքացիություն չի ունեցել, ՀՀ-ում մշտապես չի բնակվել, ապաստան հայցող կամ ապաստան ստացած անձ չի համարվել.

«Սերգո Շաքարյանի արարքը ուղղված չի եղել վերոնշյալ սուբյեկտներին, մինչդեռ դատարանն արձանագրել է, որ նա ՀՀ քաղաքացի է: Թե տուժողը, թե մեղադրյալը ՀՀ քաղաքացիներ չեն, եւ չեն հանդիսացել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի սուբյեկտ»:

Պաշտպանը հիշեցնում է «Չիրագովն ու այլք ընդդեմ ՀՀ-ի» գործը, որում ՄԻԵԴ-ն արձանագրել էր. «Հայաստանի կառավարությունն իր կողմից նշել է, որ Հայաստանը եւ ԼՂՀ-ն ունեն երկքաղաքացիության մասին դրույթներ: Ավելին, ԼՂՀ-ի հետ անձնագրային համակարգի կազմակերպման մասին 1999 թ. փետրվարի 24-ի համաձայնագրի համաձայն՝ Հայաստանը որոշակի հանգամանքներում, ԼՂՀ-ի բնակիչներին տրամադրում է անձնագրեր: Համաձայնագրի առաջին հոդվածի համաձայն՝ «Կողմերը համաձայնվում են, որ իրենց քաղաքացիները Կողմերից յուրաքանչյուրի տարածքում ունենա ազատ տեղաշարժվելու եւ բնակվելու իրավունք»:

Պաշտպանը տեղեկացրեց, որ Ս. Շաքարյանի գործով գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանին է դիմել նաեւ առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» Հ/Կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Ըստ Լ.Ալավերդյանի. «Չնայած Շաքարյանը կրում է ՀՀ քաղաքացու անձնագիր, այդուհանդերձ, ՀՀ քաղաքացի չէ, նա չի օգտվում ՀՀ քաղաքացու իրավունքներից, այդ թվում՝ ընտրական իրավունքից»:

Լ.Ալավերդյանը դատախազի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ գործի նյութերը չեն տրամադրվել Կոնվենցիայի 10-րդ հոդվածների համաձայն:

«Ակնհայտ է, որ Սերգո Շաքարյանը Հայաստանում պահանջ չի ներկայացրել Արցախին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին, եւ Արցախը Սերգո Շաքարյանին չի հանձնել Հայաստանին, Սերգոն գտնվել է ՀՀ քրեակատարողական հիմնարկում, Արցախի դատարանի (դատավոր՝ Դ. Ավանեսյան) հիման վրա ավելի քան 1 տարի, որից մոտ 8 ամիս դատական նիստի չի մասնակցել, եւ Արցախում իրականացված քրեական գործի վարույթը կոնվենցիայի, ՀՀ եւ Արցախի քրեական դատավարության օրեսգրքի պահանջներով չէ, որ նյութերը հանձնվել են ՀՀ դատական մարմիններին»,-նշել է նա:

Այսինքն, ըստ իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրենի, քրեական գործին կցված փաստաթղթերը, արձանագրությունները, փորձաքննության եզրակացությունները գործին կցվել են Կոնվենցիայի դրույթները խախտվելով, որպես այդպիսին՝ Արցախը կոնվենցիային միացված պայմանավորված կողմ չէ, եւ չունի ՀՀ-ն Արցախի հետ իրավական օգնության մասին համաձայնագրեր. «Անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել առանց փոխադարձ համաձայնության, կամ՝ դառավճիռը ի կատար ածվել»:

Հետեւաբար, ըստ Ալավերդյանի, քրեական վարույթի նախաձեռնումը ՀՀ քննչական մարմինների կողմից, վարույթին կցված բոլոր փաստաթղթերն անթույլատրելի են, քրեական վարույթը ենթակա է դադարեցման՝ կարճման:

Պաշտպանական կողմը մի քանի անգամ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խափանման միջոցը փոխելու համար, մեղսունակության հարցը, անձի ընդհանուր ֆիզիկական վիճակը պարզելու համար փորձաքննություն նշանակելու, սակայն դրանք մերժվել են:

Օրեր առաջ՝ ապրիլի 2-ին նույնպես բարձրացվեց Շաքարյանի խափանման միջոցի հարցը: Նա դեռ գտնվում է ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նշեմ, որ վերաքննիչ քրեական դատարանում պաշտպանը բողոքում նշել էր. «Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը պարտավոր էր հաշվի առնել վերոգրյալ իրավական պայմանները, եւ ազատել Ս.Շաքարյանին կալանքից, քանի որ Սերգո Շաքարյանը ՀՀ քաղաքացի չի հանդիսացել եւ չի հանդիսանում ու օրենքի ուժով ենթակա չէ խափանման միջոց կիրառելու պայմաններին»: 2024թ. օգոստոսի 9-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը քննել էր Ռ. Մարտիրոսյանի հատուկ վերանայման բողոքը, 2024թ. մայիսի 27-ի վերաքննիչ դատարանի որոշման դեմ, մերժել էր բողոքը: Ի դեպ, Վճռաբեկ դատարանն անդրադարձել էր «Չիրագովն ընդդեմ ՀՀ-ի» ՄԻԵԴ գործին, եւ արձագանքել. «Համեմատական վերլուծության ենթարկելով բողոքարկվող դատական ակտում եւ ՄԻԵԴ՝ «Չիրագովը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գործով 2015 թվականի հունիսի 16-ի (գանգատ թիվ 13216/05) վճռով արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկվող դատական ակտը չի հակասում ՄԻԵԴ վկայակոչված վճռին»:

Պաշտպանը, որը Շաքարյանի պաշտպանությունը ստանձնել է 2022 թվականից, երեկ «Առավոտին» ասաց, որ դիմել են ՄԻԵԴ՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցով:

Տուժողի իրավահաջորդը պահանջել է ցմահ ազատազրկում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.04.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930