Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են աղմկում Քոչարյանի կողմնակիցները-4

Ապրիլ 18,2025 09:30

Հոդվածաշարի նախորդ մասը կարդացեք այստեղ:

Նախօրեին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տվեց ներընդդիմադիր դաշտի վերջին շրջանի քաղաքական բոլոլայի քվինտէսենցիան՝ «ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք»։ Սա հստակ պատասխան էր բոլոր նրանց, ովքեր փորձում են աքսիոմատիկ փաստերը գլխիվայր շրջել եւ իրենց «համբուրած էշին» համառորեն կապել ՀՀԿ-ի դռանը։

Սերժ Սարգսյանն իր ելույթում տվեց նաեւ վերջին շրջանում տարբեր հարթակներից հնչող սուպեր դեմագոգիկ այն թեզի պատասխանը, թե՝ «Մեր դեմ պայքարելով պահեիք իշխանությունը, թեկուզ անգամ մեզ հրապարակներում կոտորելու գնով»։ Սա ամենադեմագոգիկ թեզն է, որով փորձ է արվում հանրությանն ուտեցնել՝ «Սերժն է բերել Նիկոլին» ֆեյքիզմը։ Սույն ֆեյքիզմին երրորդ նախագահի պատասխանը հստակ էր՝ «Նման բան ասողները առնվազն ազնիվ չեն եւ շատ լավ գիտեն, թե այդ օրերին իշխանության կողմից անգամ մեկ մարդու կյանքից զրկելը անհնազանդության ինչ ալիք եւ քաոս կառաջացներ երկրով մեկ, որքան կմեծացներ արտաքին վտանգի ռիսկերը, ինչպիսի դատապարտման տեքստեր կպատրաստեին այսօր մեզ մեղադրողները»։

Եվ ամենազավեշտալին այն է, որ Սերժ Սարգսյանին իրենց հանդեպ ուժ չկիրառելու, անգամ իրենց վրա չկրակելու համար այսօր մեղադրում են ուժեր, գործիչներ, ովքեր 18-ին բաց նամակներ էին հղում երրորդ նախագահին, կոչ անելով չփորձել անգամ մտածել ուժ կիրառելու մասին։

Հիշենք 2018 թվականի ապրիլի 22-ին երկրորդ նախագահի քարոզիչներից մեկի՝ Անդրանիկ Թեւանյանի կոչը՝ «Համաժողովրդական այս շարժումը Հայաստանի մահմեդականացման դեմ շարժում է, սա Հայաստանի լինել-չլինելու շարժում է»։ Փաստորեն, 18-ի իշխանազավթումը Հայաստանի փրկության շարժում համարողներն այսօր տրամագծորեն փոխել են իրենց դիտակետը 7 տարի առաջ տեղի ունեցածի մասով եւ որոշել են մեղադրել Սերժ Սարգսյանին՝ իրենց դեմ չպայքարելու եւ անգամ իրենց վրա չկրակելու համար։

Մի մեջբերում եւս Թեւանյանի նույն այդ հարցազրույցից՝ «Ամեն ինչ պետք է անել, որ Սերժ Սարգսյանը զերծ մնա իրավիճակի լարումից եւ անհապաղ պետք է ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին»։ Հիշեցնենք, որ ձերբակալված էր նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ երեկ նույն Թեւանյանը երկրորդ նախագահի հեռուստաեթերում խոսում է Նիկոլին բանտից ազատելու «դավադիր» քայլի մասին։

Եվ այս մարդիկ, որոնց առաջին շարքերում կանգնած էին «Թեւանյան & քոմփանին», այսօր ստի եւ կեղծիքի վրա հենված գեբելսյան տեսություն են փորձում կառուցել՝ երրորդ նախագահին մեղադրելով արյուն չթափելու, ժողովրդի վրա չկրակելու համար, Նիկոլին ցմահ չդատելու համար։

Երրորդ նախագահի ծրագրային ելույթում կար նաեւ քաղաքականության մեջ թեւանյանական մոդելին տրված պատասխանը՝ «Ընդունել սեփական հանցակցությունը, ունենալ այդքան ազնվություն խոստովանելու, որ ամեն մեկիդ մասնակցությունը հրապարակում թույլ է տվել իշխանազավթին օգտագործել ձեզ իր հեռահար նպատակների համար, չափազանց դժվար է, իսկ այ, ուրիշի մեղադրելը ամենահեշտն է»։

Ես չգիտեմ՝ գուցե իրապե՞ս բացառիկ խիզախություն է պետք ընդունելու եւ խոստովանելու, որ 18-ի՝ բռնի իշխանազավթմանը քո մասնակցության արդյունքում նաեւ մենք չունենք Արցախ եւ ունենք պետականության կորստի շեմին կանգնած Հայաստան։ Հասկանում եմ, դժվար է նման ծանր հանցագործության մեջ ընդունել սեփական մեղսակցությունը, կամ՝ առնվազն սեփական անգործությունը։

Եվ ուրեմն, տարբերակը մեկն է՝ իրենց համբուրած էշին կապել Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դռանը։

Ինչը, հավատացնում եմ, չի ստացվելու։

Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.04.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930