Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Դեմիրճյանը տանը մեզ ասել է, որ քննարկվում է Մեղրիի շրջանը փոխանցել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու դիմաց, ինչին ինքը դեմ էր. Ստեփան Դեմիրճյան. «Հրապարակ»

Ապրիլ 18,2025 10:54
robert qocharyan

Ապրիլի 17-ը Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է:
Զրուցել եմ Կարեն Դեմիրճյանի որդու՝ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ։

Ով ինչպես է մեկնաբանում Պետդեպի փաստաթղթերը

2025-ի հունվարին «Ազատություն» ռադիոկայանի մի հոդվածում տեղադրված հղումներով հրապարակվեցին ՀՀ Մեղրիի շրջանը Լեռնային Ղարաբաղի դիմաց Ադրբեջանին հանձնելու ծրագրի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպի՝ վերջին տարիներին գաղտնազերծված զեկուցագրերը, որոնք  հաստատում էին, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիեւը 1999-ին քննարկել են նման հարց` դիվանագիտական շրջանակներում դա կրել է «Նախիջեւանյան համաձայնություն» անվանումը, եւ բանակցությունների ընթացքին ռեալ ժամանակի մեջ տեղեկացված է եղել Վաշինգտոնը։ Այդ զեկուցագրերն ով ասես՝ մեկնաբանեց։ Բնականաբար, հիմնականում նրանք, ովքեր ոչ մի զեկուցագիր էլ չէին կարդացել, լսել էին ընդամենը «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժը կամ կարդացել հոդվածը։ Խոսացողների անտեղյակությունը բուն զեկուցագրերից ակնբախ էր, Լաո-Ցզիին վերագրվող ասույթի նման՝ «Նա, ով գիտի, չի խոսում, ով չգիտի, նա է խոսում»։ Միայն բուն զեկուցագրերը կարդացած չլինելը կարող էր բացատրել, թե ինչպես էր պատահել, որ Պետդեպի փաստաթղթերից խոսողները չէին նկատել «սենյակում գտնվող փղերին», օրինակ՝ կա նաեւ մի տեղեկություն, թե Թուրքիայում պատրաստ են եղել Մեղրիի շրջանի փոխանակման համար Ռոբերտ Քոչարյանին շնորհել Աթաթուրքի անվան մրցանակ (Թելբոթ-Դեմիրել հանդիպման զեկուցագիր, 27.10.1999թ․ Անկարա)։ Ընդ որում՝ 1999-ին Աթաթուրքի ամենամյա մրցանակը շնորհվել է Հեյդար Ալիեւին, եւ նախագահ Դեմիրելը կատակել է, թե դա «կանխավճար է գործի համար, որը դեռ պետք է արվի»։ ԱՄՆ փոխպետքարտուղար Սթրոբ Թելբոթը հարցրել է․ «Կարո՞ղ է  Քոչարյանն էլ մրցանակի հաջորդ տարվա հավակնորդը լինել, եւ Դեմիրելը կծու սրամտեց` ինչո՞ւ ոչ» (THE DEPUTY SECRETARY ASKED WHETHER KOCHARIAN MIGHT BE ELIGIBLE NEXT YEAR AND DEMIREL QUIPPED, “WHY NOT.”):

Պետդեպի փաստաթղթերը 25-ամյա վաղեմության բազմաթիվ փաստեր, մանրամասներ բացահայտեցին, իսկ որքանո՞վ էին դրանք նորություն Ստեփան Դեմիրճյանի համար։ «Պետդեպի գաղտնազերծված փաստաթղթերից ընդհանրության մեջ երեւում է մի իրողություն։ Այն է՝ Ռոբերտ Քոչարյանը 1999-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ բանակցել է Մեղրիի  շրջանն ամբողջությամբ ԼՂՀ-ի հետ փոխանակելու շուրջ։ Մինչդեռ տարածքների փոխանակման որեւէ գաղափար սկզբից եւեթ պետք է Հայաստանի կողմից կտրականապես մերժվեր։ Ակնհայտ է, որ տարիներ շարունակ ստել են եւ հիմա որքան էլ փորձեն Մեղրիի փոխանակման շուրջ բանակցությունները ներկայացնել որպես «հմուտ դիվանագիտություն», դրանից իրականությունը չի փոխվում։ Փաստն այն է, որ սակարկվել են Հայաստանի տարածքները, ինչն անթույլատրելի էր, եւ դրան որեւէ արդարացում չկա։ Ես նախկինում էլ՝ դեռ 2000-ին, հրապարակավ սա ասել եմ, որ հոկտեմբերի 27-ից օրեր առաջ Կարեն Դեմիրճյանը տանը մեզ ասել է, որ քննարկվում է Մեղրիի շրջանը փոխանցել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու դիմաց, ինչին ինքը կտրուկ դեմ էր։ Դեմիրճյանը խորապես գիտակցում էր, թե Մեղրին ինչ վճռորոշ ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, եւ իր կառավարման տարիներին ամեն ինչ արեց Մեղրիի զարգացման համար։ Այդ տարիներին իր նախաձեռնությամբ նախ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհը կառուցվեց՝ բարդ տեխնիկական լուծումներով, որը 1990-ականներին մեր երկրի համար դարձավ «կյանքի ճանապարհ»։ Նաեւ Դեմիրճյանը թույլ չտվեց, որ Նյուվադի-Մեղրի ճանապարհ կառուցվի»։

Նյուվադի-Մեղրի ճանապարհի կապակցությամբ արժե նշել, որ Կարեն Դեմիրճյանի «Дни сквозь строчки» գրքում, որտեղ զետեղված են Կոմկուսի կենտկոմում իր պաշտոնավարման տարիների աշխատանքային օրագրերից հատվածներ, այդ ճանապարհի մասին տասնյակ գրառումներ կան։ Այդ թվում՝ մի գրառում 1985-ի հունվարին Հեյդար Ալիեւի հետ Մոսկվայում կայացած հանդիպումից, երբ արդեն Մոսկվա տեղափոխված, ՍՄԿԿ Քաղբյուրոյի անդամ դարձած Ալիեւը չի մոռացել ու նորից սկսել է համոզել Դեմիրճյանին Նյուվադի-Մեղրի ճանապարհի դեմ առարկությունը հանել․ «Կարեն, քեզ որպես եղբոր եմ խնդրում… Եթե դու ինձ այդպես խնդրեիր, ես Ադրբեջանի կեսը քեզ կտայի»։ Խոսակցությանը Ֆադեյ Սարգսյանն էլ է ներկա եղել, որը հետո այդ մասին նաեւ պատմել է։ Թե Ալիեւի շողոքորթությանը Դեմիրճյանն ինչ է փոխադարձել, գրքում չկա, բայց կա փաստը՝ իր առարկությունը չի հանել, եւ ճանապարհը չի կառուցվել։

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930