«Բայց ես գիտեմ, որ պարոն Սուքիասյանը հանդես է եկել մեկ այլ հայտարարությամբ, որ թվի մեջ սխալվել է: Պետք է հնչեր 210 թիվը՝ հնչել է 10: Ես այդտեղ խնդիր չեմ տեսնում: Ես կարծում եմ, որ ցանկացած խոսքի նկատմամբ պետք է ուշադիր լինենք: Եվ այդ խոսքը չպետք է նսեմացնի մեր որեւէ գործողություն: Կարծում եմ, պարոն Սուքիասյանը՝ ուղղելով այդ թիվը, ըստ էության, օրակարգից հանեց շահարկումների էն ամբողջ ծավալը, որը դրան անմիջապես հետեւեց: Ես տեսել եմ նաեւ, թե ինչպիսի արձագանքներ են եղել: Կներեք, անընդհատ փնտրել փոթորիկ մի բաժակ ջրում, դա մեզ ոչ մի լավ տեղ չի տանի»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` ի պատասխան լրագրողի հարցին, թե ինքն ինչպե՞ս է վերաբերվում, որ իր գործընկեր Խաչատուր Սուքիասյանը հայտարարում է, թե արցախցիները չեն կռվել:
Ավելի հստակեցնող հարցին, թե արցախցիները կռվե՞լ են, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Եթե չկռվեին, եւ ընդհանրապես մեր ժողովուրդը, պաշտպանական ամբողջ համակարգը իր առջեւ դրված խնդրի լուծման առումով կռված չլիներ, խաղաղություն կլինե՞ր, նոյեմբերի 9-ը կլինե՞ր: Նոյեմբերի 9-ը արդյունք է նաեւ նրա, որ մենք զոհեր տալով, այնուամենայնիվ, հակառակորդին չթողեցինք, որպեսզի ինքը իր հաջողությունները զարգացնի, եւ ունենանք շատ ավելի աղետալի վիճակ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ