Արցախցիներն այսօր հավաքվել են Երեւանում Արցախի ներկայացուցչության դիմաց՝ պահանջելով, որպեսզի Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը պատասխան տա արցախցիներից թալանված գումարների վերադարձի վերաբերյալ։ Արցախցի գործիչ Արթուր Օսիպյանը լրագրողներին ասաց, որ արցախցի հասարակ քաղաքացիներ կան իրենց թվում։
«Խնդիրն արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու համար է, իսկ ճանապարհը, որը տեսնում ենք, դա Արցախից թալանած գումարների միջոցով պետք է լինի։ Բնականաբար, մենք ամբողջ թալանը չենք կարող իմանալ, բայց մենք փաստաթղթեր ունենք այդ թալանի ահռելի մասի մասին, որը ներկայացված է դատախազություն տարի ու կես առաջ։ Որոշ դրվագներով գործեր կան հարուցված, որոշ դրվագները դեռ քննության մեջ են»,- ասաց Օսիպյանը։
Լրագրողի հարցին, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ասել է, որ ինքն է այդ դիմումը ներկայացրել դատախազություն, այդ դեպքում ինչո՞ւ արցախցիները չեն գնում Գլխավոր դատախազությունից պահանջեն, որպեսզի արագացնեն քննությունը, նա պատասխանեց․ «Արցախցիները տարբեր ակցիաներ են կազմակերպել դատախազության մոտ, բայց լիարժեք ուշադրության չեն արժանացել։ Այս վերջում նույնիսկ դուրս էլ չեն եկել, որ հետները խոսեն։ Հիմա մեր պահանջը Սամվել Շահրամանյանին սա է՝ հարց համար առաջին, կամ դուրս արի, ասա՝ ոնց ես էս ժողովրդի հոգսերը քաշում, կամ եթե չես կարող, ուրեմն մենք ենք քեզ ասում՝ ինչ անես։ Իջնում ես դատախազություն, քանի որ հասարակ ժողովրդին չեն ընդունել, դու իջի դատախազություն ու դատախազին ժողովրդի անունից ասա, որ թալանած փողերի դատաիրավական պրոցեսներն արագացնեն, որպեսզի թալանածը վերադարձնեն ժողովրդին»։
«Արցախի ներդրումային հիմնադրամի փողերը, մենք գիտենք, որ գնացել են կոնկրետ ուժերի ներկայացուցիչների, ովքեր Շահրամանյանին բերել` դրել են այդ պաշտոնին։ Փաստաթղթերով է, այդ անունները լրիվ հրապարակված են»,- հայտարարեց Օսիպյանը։ Երբ լրագրողները հորդորեցին Օսիպյանին անուններ հնչեցնել, նա ասաց․ «48 անուն-ազգանունը հատ-հատ չեմ ասելու, հիշում եմ, չեմ ասում։ Որ մեկի անունը տանք, մյուսինը չտանք, մեզ կմեղադրեն։ Դատախազությունը մեզնից լավ գիտի անուն-ազգանունները»։
Կարդացեք նաև
Այնուհետեւ Արթուր Օսիպյանին հունից հանեցին լրագրողների հարցերը։ «Դուք ուզում եք ասեք՝ Սամվել Շահրամանյանից պահանջելու բան չկա՞։ Թող գնա դատախազություն, որ արագացնեն գործընթացը։ Մենք կոռուպցիայի դեմ պայքարը պատկերացնում ենք, որ դատախազությունը ցուցակը հրապարակելու է, եւ ամենախոշորից սկսելու ենք։ Մենք նրա մասին չենք խոսում, ինչ հասել է հասարակ քաղաքացիներին, մենք խոսում ենք 467 մլն դոլարի մասին։ Այդ գումարով Արցախի առաջնագծի ամեն կմ-ին 2 մլն դոլար է հասնում։ Եվ այդ 467 մլն դոլարը 25 մլն դոլարով, 20 մլն դոլարով, 27 մլն դոլարով բաշխվել է, այ այսպիսի բաշխումներ են եղել»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Այնուհետեւ արցախցիները դժգոհեցին լրագրողների աշխատանքից, հորդորեցին նրանց հեռանալ ու չլուսաբանել իրենց ցույցը։ «Գալիս ստեղ, պրովոկացիա եք անում»,- ասացին նրանք։
Մանրամասները՝ տեսանյութում
«Ասում են՝ սա Նիկոլի շարժում է։ Ովքեր ասում են՝ Նիկոլի շարժում է, արդեն գործակալներ են։ Ովքեր ասում են՝ սա Նիկոլի շարժում է, ուրեմն հիմնադրամից 25 մլն դոլարն իրենց է գնացել։ Այդ մարդիկ այստեղի ԱԺ ընդդիմությանն առնչվող թեւերն են։ Երբ մենք ասում ենք՝ ընդդիմություն, իշխանությունն ու ընդդիմությունը նույնն են։ Եվ երբ ասում են՝ Նիկոլի շարժում, գումարներն իրենց են գնացել»,- հայտարարեց Արթուր Օսիպյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Այնուհետեւ արցախցիները փորձեցին ուժով բացել Արցախի ներկայացուցչության դռները։ Ոստիկանները հորդորեցին պահպանել հասարակական կարգը։
Մանրամասները՝ տեսանյութում
Արցախի ԱԺ պատգամավոր Աշոտ Դանիելյանը լրագրողներին ասաց, որ այստեղ հավաքված մարդիկ բազմիցս հանդիպել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։ Նա ասաց, որ Շահրամանյանը հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն, եւ հարցն այժմ գտնվում է դատախազության տիրույթում։
Մանրամասները՝ տեսանյութում
Արցախի ներկայացուցչությունից ասացին, որ Սամվել Շահրամանյանը դուրս կգա ու կպատասխանի ցույցի կազմակերպիչների հարցերին։ Հավաքված ժողովրդին թույլ չտվեցին մուտք գործել ներկայացուցչության տարածք։
Մանրամասները՝ տեսանյութում
Սամվել Շահրամանյանը դուրս եկավ եւ ասաց, որ պատրաստ է քննարկման։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































                        
         
         
         
                                
                                
                                
                                