Լրահոս
Օրվա լրահոսը

Խորոզյանների ընտանիքը, գրեթե մեկ դար, հայ երաժշտական մշակույթին պարգևում է վառ անուններ․ այդ պատմությունն այսօր շարունակում է երիտասարդ կլառնետահար Էդուարդ Խորոզյանը

Ապրիլ 18,2025 15:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լսարաններում մշտապես տարածվում են տարբեր գործիքների ձայներ։ Օպերային ներկայացման պատրաստվող երգիչների ձայներից ավելի հեռու՝ կարելի է լսել կոնտրաբասի, տրոմբոնի… կամ էլ կլառնետի խաղաղ օբերտոնները, որոնք տարածվում են օդում։ Կլառնետի ՝ դեպի վեր բարձրացող ելևէջները չեն կարող անտարբեր թողնել ցանկացածի։

Կլառնետահար Էդուարդ Խորոզյանն այս բուհի 3-րդ կուրսի ուսանող է և արդեն հասցրել է ճանաչում ձեռք բերել երաժիշտների ու հանդիսատեսի շրջանում։ Էդուարդը Ալեքսանդր Հարությունյանի անվան կրթաթոշակառու է, իր խոսքով՝ շատ հպարտ է, որ կրում է հենց այդ մեծանուն կոմպոզիտորի անվան կրթաթոշակը:

Դոցենտ Հրազդան Սարգսյանի կլառնետի մասնագիտական դասարանի ուսանողը մինչ բուհական կրթությունն անցել է իր համար շատ կարևոր հանգրվաններով՝ Ղ․ Սարյանի անվան արվեստի դպրոց, ապա՝ Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոց։

Կոնսերվատորիայում ընթացիկ ուսումնական տարում նա առանձնացնում է մասնակցությունը «Ցինանդալի» փառատոնին և «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթին: Նա պարբերաբար մասնակցում է տարբեր ձևաչափերով համերգների, որպես նվագախմբի երաժիշտ ու մենակատար։ Երիտասարդ կլառնետահարը արժանացել է «Յամահա սքոլարշիփի» մրցանակին՝ պարգևատրվելով նվագարանով՝ հենց այդ հայտնի ֆիրմայի` «Յամահայի» կողմից։

Էդուարդը հաճախ է հանդես գալիս տարբեր նվագախմբերում որպես մենակատար։ Շրջագայությունները նրան ոչ միայն փորձառություն են տալիս, այլև՝ նոր ընկերներ ու ծանոթություններ։ Խորոզյանը «Ցինանդալի» մրցույթի շրջանակում հանդես է եկել մի շարք հայտնի մենակատարների ու դիրիժորների ընկերակցությամբ, որոնցից հատկապես առանձնացնում է Ջոշուա Բելլի, Անդրեանո Զեդանի, Վասիլի Պետրենկոյի անունները։

Մի կենսագրական փաստ. Էդուարդը ծնվել է երաժիշտների ընտանիքում։ Նա կլառնետահարի մասնագիտությունը ժառանգել է հորից, իսկ մայրը դաշնակահարուհի է։ Երաժշտությունը կարելի է ասել, տոհմական բնույթ ունի Խորոզյանների ընտանիքում։ Էդուարդի տեղեկացմամբ. «Պապիկս ֆագոտահար էր, տատիկս՝ դաշնակահարուհի։ Պապիս ծնողները նույնպես եղել են երաժիշտներ․ Նրա հայրը՝ Սահակ Խորոզյանը եղել է ֆենոմենալ ջութակահար, որը երիտասարդ տարիքում հանդիսացել է օպերային թատրոնի նվագախմբի ջութակների կոնցերտմայստեր։ Վերջինիս կինը` օպերային երգչուհի էր։ Եվս մեկ փաստ նշենք. Սահակ Խորոզյանի քրոջ տղան` անվանի ջութակահար Ավետ Գաբրիելյանն էր, որը լեգենդար Կոմիտասի անվան պետական քառյակի հիմնադիրներից էր, տարիներ շարունակ` առաջին ջութակը»։

Էդուարդն ընդամենը երկու տարեկան էր, երբ առաջին անգամ առնչություն է ունեցել ընտրած նվագարանի հետ։ Ճիշտ է, նա չի հիշում, սակայն տեսագրության միջոցով և ականատեսների խոսքով՝ Էդուարդի հայրը նրան է մոտեցնում կլառնետը, որից փոքրիկը միանգամից կարողանում է ձայն արձակել։ Այդ օրվանից այն նրա կյանքի ուղեկիցն է դառնում։

Բնականաբար, երաժշտությունը երիտասարդի կյանքում ունի յուրահատուկ դեր և նա ձգտում է անդադար կատարելագործման, մասնակցելով նաև վարպետաց դասերի։

Նրա խոսքով, իր վրա պարտականություն կա, անելու ամենը, որպեսզի կարողանա խթանել հայ մշակույթի զարգացումն ու շարունակել Կոմիտաս վարդապետի գործը:

Երաժիշտը հուլիսին պատրաստվում է մասնակցել Ռումինիայում կայանալիք «Cluj» կլառնետահարների և ֆլեյտահարների մրցույթին: Իսկ ավելի ուշ Գերմանիայում, Էդուարդը հանդես կգա հեղինակավոր Collegium musicum summer academy-ում ծրագրված համերգներին, տարբեր նվագախմբերի ընկերակցությամբ հանդես գալով, որպես մենակատար։ Օգոստոսին էլ կրկին կվերադառնա «Ցինանդալի» փառատոն: Ստացվում է` Խորոզյանների ընտանիքը, գրեթե մեկ դար, հայ երաժշտական մշակույթին պարգևում է վառ անուններ․ այդ պատմությունն այսօր շարունակում է երիտասարդ կլառնետահար Էդուարդ Խորոզյանը:

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930