«Ես հանձնաժողովի անդամ եմ ընտրվել 2016 թվականին, երբ ԱԺ-ում 6 խմբակցություն կար եւ 6-ից 5-ը ինձ ձայն են տվել։ Այսինքն, ես մի խմբակի շնորհիվ չեմ այստեղ»,- խորհրդարանում պատասխանելով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին՝ ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ հավելելով, որ պատասխանատու են իրենց կարգավորման ներքո գործող հեռուստաընկերությունների համար, իսկ աշխատակազմի ղեկավարները, տեղակալները, կայքերը, պատգամավորները ՀՌՀ վերահսկողության տակ չեն եւ իրենք ոչ իրավունք, ոչ էլ հնարավորություն ունեն վերահսկել կամ գնահատական տալ։
Մինչ այս՝ խոսելով ատելության խոսքի մասին, Տիգրան Հակոբյանն ասել էր․ «Ատելության խոսքի ազգային սահմանում պետք է ունենանք եւ բոլոր խաղացողների համար հավասար ու ընդունելի պայման պետք է լինի»։
Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց՝ ո՞րն է այդ սահմանում՝ Ձեր պատկերացումը եւ օրինակ բերեց․ երբ ինքը՝ Հովիկ Աղազարյանի իրավունքների պաշտպանության համար հայտարարություն էր տարածել այն մասին, որ ըստ լրատվամիջոցների՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված կայքերը Հովիկ Աղազարյանին վերաբերող սեռական բնույթի կեղտոտ կոմպրոմատներ էին հրապարակել: Դրանից հետո թիրախավորվել է Թագուհի Թովմասյանը։ «Ճիշտ է՝ անկախ հանձնաժողովի նախագահ եք, բայց մեկ խաղացողի քվեարկության արդյունքում եք ընտրվել այդ հանձնաժողովի նախագահ եւ ամենաշատն եք շփվում այդ կողմի հետ։ Ինչպե՞ս է այդ կողմը վերաբերվում այս իրավիճակին, երբ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը լկտի բառապաշար է օգտագործում ընդդիմադիրների նկատմամբ»,- Տիգրան Հակոբյանին հարցրեց Թագուհի Թովմասյանը: Նա Տարոն Չախոյանից ևս մեկ մեջբերում արեց՝ եզրակացնելով, որ պետական պաշտոնյան ատելության խոսք է գեներացնում․ «ԱԺ ամբիոնից լոփո-լոփո խոսացող դաշնակցականները վարչապետի ներկայությամբ մկան ծակին 1000 թուման են տալիս, բայց վարչապետի բացակայությամբ ասլան են կտրում, փիղ են ճղում»։
«Ցավալի դեպք է։ Ես չգիտեմ այդ կայքերը ո՞ւմ են պատկանում։ Հա, դուք եք ասում։ Ճշտել է պետք։ Ես հին լրագրող եմ, միշտ երկրորդ-երրորդ աղբյուրով ճշտում եմ»,- ասաց Տիգրան Հակոբյանը՝ հավելելով, որ այնուամենայնիվ, հարցին պատասխանել չի կարող։
Կարդացեք նաև
Նա նաեւ հստակեցրեց, որ «ազգային» ասելով նկատի է ունեցել ազգային օրենսդրության սահմանումները, որոնք ցանկացած երկրում ադապտացվում են, քանի որ ինչ-որ բառակապակցություն որեւէ այլ երկրում կարող է վիրավորական չլինել, մեզ մոտ լինել։
Ինչ վերաբերվում է կայքերի, տպագիր մամուլի վերահսկողությանը, Տիգրան Հակոբյանն ասաց․ «Ձեր ասածը՝ կայքերը, ընդհանրապես, որեւէ կարգավորող մարմին, բացի ավտորիտար երկրների, օրինակ՝ «Ռոսկոմնադզորը», տպագիր մամուլի վերահսկողությունն այսպիսի հանձնաժողովների կարգավորման տակ չեն գտնվում։ Այստեղ այլ կառույցներ են պետք»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ