Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի ղեկավարներն առավելագույն ճնշումն են գործադրում՝ Հայաստանից հնարավորը կորզելու համար». Զոհրաբ Մնացականյան

Ապրիլ 18,2025 17:18

«Հայաստանի մարտահրավերները երկու խմբի կարելի է բաժանել։ Առաջինը շատ անմիջական է եւ գոյութենական նշանակության. միամտություն կլինի էսկալացիայի կամ պատերազմի հնարավորության բացառումը․․․Երկրորդը Հայաստանի երկարաժամկետ դիրքավորումն է որպես պետություն տարածաշրջանում՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, ինչպես նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի հետ մեկտեղ»։ Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը Ամերիկյան համալսարանում կայացած «Հարավային Կովկասի թերի գծերը․ տարածաշրջանային եւ միջազգային տեսակետներ» խորագրով միջազգային կոնֆերանսի ժամանակ։

Մնացականյանն իր խոսքում ընդգծեց տարածաշրջանային ուժերի՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի հետ տարածաշրջանի փոքր երկրներ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի բալանսավորված հարաբերությունների էականությունը։

 

Կովկասյան ինքնության բացակայությունը խնդիր է

«30 տարուց ավել է անցել, ինչ Հարավային Կովկասի երեք հանրապետություններն անկախություն են ձեռք բերել։ Նրանք, սակայն, ջանքեր չեն գործադրել տարածաշրջանում միասնական ինքնություն ձեւավորելու համար, ինչպես, օրինակ, արել են բենիլյուքսյան, նորդիկ կամ բալթյան երկրները», – նկատում է դիվանագետը եւ հավելում, որ երեք երկրներում բոլորովին տարբեր ընկալումներ են զարգացել անվտանգության եւ տարածաշրջանային մրցակցության կառավարման առնչությամբ։

Նրա համոզմամբ՝ ՀՀ-ի, Վրաստանի եւ Ադրբեջանի՝ միմյանցից անջատ քաղաքականությունները տարածաշրջանային սրվածության պատճառներից մեկն են։

 

Խուսափել գերկախվածությունից

2018 թվականի հեղափոխությունից մինչեւ 44-օրյա պատերազմի ավարտը ՀՀ արտաքին քաղաքականությունը համակարգած Զոհրաբ Մնացականյանը կարծում է, որ տարածաշրջանում հավասարակշռություն կապահովվի, եթե Հարավային Կովկասի երկրները գերկախվածություն չունենան միայն մեկ ուժից։ Նա օրինակ բերեց Հայաստանին։

«Գերկախվածությունը տարածաշրջանային մեկ ուժից եւ հարաբերությունների բացակայությունը տարածաշրջանային մեկ այլ ուժի հետ տարածաշրջանային սրվածության նպաստող հանգամանք է», – նշեց արտաքին գործերի նախկին նախարարը։

 

Հայաստանը՝ հարմար թշնամի Ալիեւի համար

Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի վերաբերյալ իր մեկնաբանություններում Մնացականյանն այդքան էլ լավատեսական չէր։ Ըստ նրա՝ տարիների թշնամանքը «չի ցնդի»։

«Ցավոք, Հայաստանն Ադրբեջանի համար հարմար թշնամու դեր է կատարում, եւ սա կայունության երաշխիք է [Ադրբեջանի] կառավարող դինաստիայի համար։ Ոգեշնչվելով 2020 թվականի պատերազմի արդյունքում հավասարակշռության խախտումից՝ Ադրբեջանի ղեկավարներն առավելագույն ճնշումն են գործադրում՝ Հայաստանից հնարավորը կորզելու համար», – նշում է Մնացականյանը։

 

Հայկական քաղաքական ինքնության կարեւորության մասին

Նախկին նախարարը խոսեց նաեւ Հայաստանի երկարաժամկետ դիմադրողունակության եւ անվտանգության մասին՝ բանալին կապելով հայկական ինքնության հետ։

Զոհրաբ Մնացականյանը փաստեց՝ հայերը հայտնի են որպես «էթնիկ, կրոնական, լեզվական, մշակութային, փիլիսոփայական ինքնություն կրող հինավուրց ժողովուրդ», եւ հարց հնչեցրեց՝ եթե դարեր ի վեր հայերը որպես ժողովուրդ կարողացել են իրենց ինքնությունը պաշտպանել առանց պետականության, անկախության եւ ինքնիշխանության, ո՞րն է պետություն ունենալու իմաստը՝ պատասխանելով.

«Մենք պետք է ըստ արժանավույն գնահատենք մեր ինքնության քաղաքական մասը եւս։ Այն շատ կարեւոր է ազգային մեր կարողությունները կոնսոլիդացնելու եւ որպես ինքնիշխան պետություն գործելու համար», ասաց դիվանագետը։

Զոհրաբ Մնացականյանը եզրափակեց՝ ազգային ինքնությունը՝ էթնիկ, կրոնական, լեզվական, մշակութային եւ փիլիսոփայական ինքնության պաշտպանությունից զատ իր մեջ ներառում է քաղաքական ինքնություն՝ ժողովրդի հավաքական եւ անհատական ազատության, ժողովրդավարության, օրենքի գերակայության բաղադրիչներով։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930