Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌՀ անդամ Հակոբ Մովսեսը ստանձնել է իշխանության պրոպագանդիստի դերը․ Լիլիթ Գալստյան

Ապրիլ 18,2025 17:51

«Քաղաքական մեծամասնությունն, ըստ երևույթին, պրոպագանդիստների պակաս ունի և հիմա այդ դերակատարությունը հաջողությամբ ստանձնել է հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ բանաստեղծ Հակոբ Մովսեսը։ Նա, որ ընտրվելիս եթերն աղբից մաքրելու, հանրային համերաշխության, քաղաքական չեզոքության և այլ բարձր արժեքներից էր խոսում, հիմա վերածվել է իշխող կուսակցության վստահված անձի և իշխանություններին քարոզչական ծառայություններ է մատուցում: Հ1-ի եթերից հայտարարում է. «Եթե այսօր այս իշխանությունները տապալվեն, մեր երկիրը կվերածվի դժոխքի»,- խորհրդարանում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի տարեկան հաղորդման քննարկման ժամանակ, իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Հաղորդման մեջ, ինչպես նաև հանձնաժողովի նախագահի խոսքում, Լիլիթ Հակոբյանի փաստմամբ, մի շարք կարևոր դիտարկումներ կան՝ երկրում տիրող մթնոլորտի, նաև ոլորտի խնդիրների առնչությամբ․ «Մասնավորապես՝ փաստվում է իրողությունը, որ ﬔր հասարակությունը շարունակում է ապրել քաղաքական բևեռացման, ապատեղեկատվության և ատելության խոսքի պայմաններում։ Կարևորվում է ﬔդիայի էկոհամակարգը մաքրելու, արդյունավետ, անաչառ և թափանցիկ կարգավորումների անհրաժեշտությունը։ Արձանագրվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ներկա օրենսդրական գործիքների և լիազորությունների սահմանափակության մասին, ինչը թույլ չի տալիս արդյունավետորեն իրացնել կարգավորող մարմնի ողջ ներուժը։ Օգտվելով հանձնաժողովին վերապահված առաջարկություններ ներկայացնելու, ինչպես նաև ոլորտի քաղաքականության մշակման գործառույթից, տասնյակ առաջարկություններ եք ներկայացնում։ Ըստ էության, հաղորդումն ավելի շատ առաջարկությունների փաթեթ է հիշեցնում, քան հաղորդում։ Սա ինքնին վատ չէ»։

Բայց կարևորագույն խնդիրը, ըստ ընդդիմադիր պատգամավորի, այն է, թե սահմանադրական այս մարմինը հանրային վստահություն և լեգիտիմության ինչ աստիճան ունի, արդյոք ապահովում է անաչառության, սկզբունքայնության կամ սահմանադրությամբ պահանջված անկախության բավարար մակարդակը և ազատ է քաղաքական ազդեցությունից։

Հիշեցնելով, որ Հանձնաժողովի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Տեսալսողական ﬔդիայի մասին», և բնագավառը կարգավորող մի շարք օրենքներով, Լիլիթ Գալստյանը հղում արեց Սահմանադրության 197-րդ հոդվածին, որով սահմանվում է. «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն»։ Այս պահանջն է ամրագրված նաև «Տեսալսողական Մեդիայի մասին» ՀՀ օրենքի հոդված 34-ում, հետևյալ կարևոր լրացումով՝ Կարգավորող պետական մարմնի անդամի պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող այլ գործունեության նկատմամբ»:

Դիմելով Տիգրան Հակոբյանին, Լիլիթ Գալստյանը հիշեցրեց, որ անցյալ տարի անդրադարձել էր նրա՝ իր պաշտոնի հետ անհամատեղելի գործունեությանը․ «Դուք, որ ի պաշտոնե, քաղաքական չեզոքության և քաղաքական բազմակարծության երաշխավորը պիտի լինեիք, տևական ժամանակ իշխանությունների քաղաքական խոսափող Հ1-ում, Պետրոս Ղազարյանի հետ «Դիալոգ» քաղաքական-վերլուծական հաղորդումն էիք վարում։ Անցնելով քաղաքական զսպվածության բոլոր սահմանները, ոտնատակ տալով Սահմանադրությունն ու ոլորտի հիմնական օրենքը ՝ իշխանահաճո քաղաքական գնահատականներ էիք հնչեցնում ոչ իշխանական քաղաքական ուժերի, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու, ազգային ինստիտուտների նկատմամբ։ Հիմա արձանագրում եմ, որ հավանաբար նաև իմ քննադատության արդյունքում դադարեցվել է այդ հաղորդումը և ձեր հանրային զսպվածությունը գոնե տեսանելի է»։

Բայց, ինչպես նկատեց ընդդիմադիր պատգամավորը, ամենայն հավանականությամբ այդ սուրբ տեղը դատարկ չի մնացել․ «Պրոիշխանական նարատիվները տիրաժավորող այլ լրատվամիջոցներում, որոնցից մեկն ամենաշատ վարչական պատասխանատվության ենթարկվածներից մեկն է, Հակոբ Հակոբյանը ակնհայտ քաղաքական գնահատականներ է հնչեցնում, վարկաբեկում է և ատելություն քարոզում ընդդիմադիր գործիչների հասցեին, իսկ դաշնակցության գաղափարախոսությունը գնահատում վտանգավոր: Սա սահմանադրական մարմնի անդամի վարքականոն չէ, որը ենթադրում է իրավական և սոցիալական բարձր պատասխանատվություն, այլ 37 թվի հանգույն թշնամու որս է: Բնական հարց է առաջանում․ պրն Հակոբյան, եթե ձեր հանձնաժողովում չեք կարողանում սահմանված կարգ ապահովել, ապա ի՞նչ չափանիշներով եք մեդիադաշտը կարգավորում»։

«Փաստորեն, սահմանադրությունն ու օրենքը ոտնահարելը ընդունված վարք է ձեր հանձնաժողովում։ Այսքանից հետո ակնկալում եք, թե ձեր ղեկավարած կառույցը կարող է վստահություն ու հարգանք ներշնչե՞լ։ Ոչ, դուք համոզիչ չեք, ոչ էլ անկախ։ Ինձ և հասարակությանը չեք կարող համոզել, թե մի շարք հեռուստաընկերությունների եթերից զրկելու ձեր որոշումներն անաչառության ու անկողմնակալության դրսևորումներ են»,- ասաց Լիլիթ Գալստյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Գալստյանն անդրադարձավ նաեւ երեկ՝ ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ելույթին, որը Սեյրան Օհանյանին առաջարկում էր հրաժարվել ծառայողական ավտոմեքենայից․ «Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է Արցախի հերոսին, Հայրենիքի համար ոտքը կորցրած մարդուն հրաժարվել ծառայողական մեքենայից։ Պարզապես բառեր չեմ գտնում… Իսկ հանրային պառակտումը կուսակցական գաղափարական տարբերությունների հետ համեմատելը պարզապես հակաքաղաքագիտական է և չարժե դրան անդրադառնալ։ Եվ, այնուամենայնիվ, պրն Հակոբյան և գործընկերներ, ոչինչ հավերժ չէ․․․ միշտ գալիս է հատուցման պահը: Պարզապես հնարավոր չէ երկար ժամանակ վախով և մանիպուլյացիայով կառավարել մարդկանց մտքերն ու վարքը»:

Ի դեպ, հակադարձելով ՔՊ-ականներին, Լիլիթ Գալստյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ական նախարար Լեւոն Մկրտչյանի կառավարման շրջանում Հայաստանում 98 դպրոց է կառուցվել։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930