Լրահոս
Օրվա լրահոսը

Կորպուսի հերթապահը ձեզ ինչի՞ց ելնելով է զանգել ու տեղեկացրել դեպքի մասին, դուք էդ ի՞նչ կարեւոր պաշտոնյա էիք, որ զանգեց. Նորիկյան

Ապրիլ 18,2025 18:47

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում այսօր շարունակվեց Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով նիստը: 

Հարցաքննված առաջին վկան բանակային կորպուսի ինժեներական ծառայության նախկին պետ Էդգար Միսաքն էր:

Այս վկան պատմեց, որ ինքն Ազատ գյուղի կացարանում եղել է, բայց վաղ ժամանակներում, մարտական դիրքերի կահավորման, տեխնիկաների ստուգման հարցերով է այցը եղել: Կացարանում ստուգման աշխատանքներ չի կատարել:

Հանրային մեղադրողի հարցին՝ ե՞րբ է նշված կացարանում տեղակայվել վաշտը, ասաց՝ չի հիշում. «Ես ունեցել եմ իմ խնդիրներ՝ այցելել մարտական դիրքեր, իմ խնդիրը ինժեներական ապահովման խնդիրն է եղել»:

Անդրադառնալով կացարանի հրդեհին՝ վկան պատմեց, որ զորամասի բանակային կորպուսի հերթապահն է  տեղեկացրել դեպքի մասին, դրանից հետո չի հիշում՝ ում հետ կապվեց, որ վերահաստատեցին  այդ տեղեկությունը:

Հարց հնչեց՝ դեպքի գիշերը ծառայության պետ Տիգրան Ղազարյանի հետ խոսե՞լ է, ասաց՝ չի հիշում. «Անմտություն կլինի որեւէ անուն տալը»:

Վկան ասաց, որ ամբաստանյալներից միայն Եղիշե Հակոբյանին է ճանաչում, հանդիպել է մի երկու անգամ նյութական միջոցներ տրամադրելիս: Նրան բնութագրելիս դժվարացավ, ասաց՝ ոչ դրական, ոչ բացասական ոչինչ չի կարող ասել:

Տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը հետաքրքրվեց՝ կորպուսի հերթապահը ձեզ ինչի՞ց ելնելով է զանգել ու տեղեկացրել դեպքի մասին, դուք էդ ի՞նչ կարեւոր պաշտոնյա էիք, որ զանգեց: Հարցին վկան չկարողացավ պատասխանել:

Նորիկյանը հետաքրքրվեց նաեւ վկայի իրավասությունների շրջանակով, հարցրեց՝ ուզում եմ հասկանալ, ինչի՞ զորամասի մյուս ծառայության պետին չեն կանչել, ձեզ են կանչել հարցաքննության: Հստակ ու հասկանալի լեզվով ասեք՝ ո՞նց կարող է երկրորդ զորամիավորման ինժեներական ծառայությունը որեւէ  առնչություն չունենալ ենթակա զորամասի ինժեներական ծառայության հետ:

Այս հարցը փաստաբանը հնչեցրեց, որովհետեւ ամբողջ նիստի ընթացքում վկան պնդում էր, որ ինքը վերադաս չի եղել, հրամաններ տալու իրավասություն չի ունեցել, վերադաս չի եղել այդ զորամասի ինժեներական ծառայության պետին, զորամասի հրամանատարին:

Նորիկյանն ընթերցեց ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին ՀՀ օրենքի 117 հոդվածի կարգավորումը, թե ինչ պարտականություններ ուներ վկան: Օրենքի համապատասխան հոդվածով՝ վկան պարտավոր էր ոչ պակաս, քան տարեկան երկու անգամ գնդի ստորաբաժանումներում, պահեստներում ստուգել ինժեներական սպառազինության առկայության վիճակը:

Հետո Նորիկյանը հարցրեց՝ վերջին անգամ ե՞րբ է տվյալ զորամասում ստուգում իրականացնել՝ հիշեցնելով, որ 2022-ին պարտավոր էր սոտւգել, վկան ժամանակահատված չասաց:

Հետո վկայից հետաքրքրվեցին՝ կացարանում զենք- զինամթերք եղե՞լ է: Ի պատասխան նա ասաց. «Այնտեղ եղել են իրենց տեխնիկաները կանգնած, իսկ զինամթերք կացարանի ներսում չեմ նկատել: Ստուգման ժամանակ զինամթերք չի եղել»:

-Եթե կաշկանդված եք, խնդրում եմ ասեք,  դատարանին խնդրենք դադարեցնի  հարցաքննությունը: Անտրամաբանական պատասխաններ եք տալիս,- արձագանքեց Նորիկյանը:

Հետո նիստը նախագահողը հետաքրքրվեց՝ կացարանի բոլոր սենյակները մտե՞լ է, ուսումնասիրե՞լ է, այնտեղ զենք չի՞ տեսել: Ի պատասխան վկան ասաց՝ չի տեսել:

Հետո ինքն իրեն ուղղեց՝ կացարանի միայն նախասրահն է մտել , այնտեղ չի եղել զենք, առաջ չի գնացել դեպի սենյակներ:

-Այսինքն՝ ձեզ միայն  փե՞ջն է հետաքրրքել,- հեգնեց Նորիկյանը, ապա շարունակեց,- Դա ձեր պարտականությունն է եղել ստուգել, ամեն մեկդ, որ ձեր  պարտականությունն  իրականացրած լինեիք, հնարավոր է ՝ մենք այս ողբերգությունը չունենայինք:

Նիստը նախագահողն էլ նկատեց, որ բազմաթիվ վկաներ են այս գործով հայտնել, որ զենք է եղել կացարանում, նույնիսկ նշել են վայրերը. «Հիմա ձեզ ո՞նց հասկանանք, արձանագրե՞նք, որ չեք եղել այնտեղ: Ճիշտ չե՞ք ասում դատարանին»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930