«Անընդունելի է այն վարքագիծը, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն ատելություն են գեներացնում արցախցիների նկատմամբ»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Հիշեցնենք՝ Մեսրոպ Առաքելյանն արցախցիների նկատմամբ ատելության և բռնության կոչեր տարածելու կապակցությամբ պաշտոնապես դիմել է ՀՀ Գլխավոր դատախազին՝ քրեական գործ հարուցելու պահանջով։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին հանգիստ չեն տալիս Արցախ ու արցախցիներ բառերը․ «Ստացվում է այնպես, որ այս տասնամյակների պայքարը, որը հայ ժողովուրդը միասնական մղել է Արցախի համար, Նիկոլ Փաշինյանը փորձում է Արցախը հանձնելուց հետո հիմա էլ հիշողության դեմ պայքարել, որը միանշանակ չի ստացվելու»։
Անդրադառնալով ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Խաչատուր Սուքիասյանի հայտարարություններին և վարքագծին՝ Մեսրոպ Առաքելյանն ասաց․ «Թեև ներողություն խնդրեց, բայց Խաչատուր Սուքիասյանի կողմից հերթական դրսևորման մասին, թե իբր չեն կռվել, կարող եմ ասել, որ ի տարբերություն հասարակ քաղաքացիների, որոնք կարող են ինչ-որ տեղ ամբողջական չտիրապետել տեղեկատվությանը, բայց վստահ եմ, որ նա շատ լավ գիտի՝ 2023-ի սեպտեմբերին ինչ է տեղի ունեցել։ Այս ամենը հանրության մոտ ատելության քարոզչության գործիք է հանդիսանում, որ իշխանության ներկայացուցիչները սրանով նաև հանրության որոշ հատվածի մոտ են նման վերաբերմունք գեներացնում»։
Կարդացեք նաև
Նկատելով, որ «իրավապահ համակարգը Նիկոլ Փաշինյանի կցորդն է»՝ Մեսրոպ Առաքելյանը նշեց․ «Որևէ գործողություն չեն իրականացնելու, անհրաժեշտ է, որ հանրությունը, արցախցիները հասկանան, որ իրենք մենակ չեն։ Ցավալի է, որ ՀՀ իշխանությունները Արցախի որոշ ներկայացուցիչների միջոցով, որոնք սպասարկում են ՔՊ-ի շահերը, փորձում են արդեն ներարցախյան կոնֆլիկտ հրահրել։ ՀՀ ժողովրդի ճնշող մեծամասնությունն այս ամենին դեմ է, և շատ լավ գիտի Արցախի ու արցախցիների նվիրվածությունը ՀՀ-ին։ Այս տարանջատումը պետք է բացառել։ Արցախը եղել ու մնում է մեր հայրենիքի մի մասը։ Ակնհայտ է, որ Արցախի գոյությունը ՀՀ անվտանգությունն էր երաշխավորում նաև տարածքային առումով։ Եթե Նախիջևանի հատվածը մի կողմ դնենք, եթե ՀՀ-ն ունի չորս սահմանակից մարզ Ադրբեջանի հետ, ապա Արցախի գոյության ժամանակ Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքի մի մասը փաստացի Ադրբեջանի հետ սահման չունեին։ Միայն Արցախի կորստից հետո են շատերը հասկանում, թե Արցախն ինչպես էր՝ որպես թիկունք պաշտպանում ՀՀ-ն։ Արցախի գոյության ժամանակ որևէ մեկի մտքով չէր անցնի Սյունիքով ճանապարհ տալու մասին։ Ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանը չի գիտակցում՝ Արցախի գոյությունն առաջին հերթին ՀՀ անվտանգությանն էր ուղղված, ոչ թե, ինչպես հիմա հեքիաթներ են պատմում, վտանգում է ՀՀ-ին»։
Անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից արցախցիներին տրամադրվող աջակցությանը՝ Մեսրոպ Առաքելյանն ասաց․ «Եթե խոսք է գնում, որ հիմա օգնություններ են տալիս, ապա նշեմ, որ միչև 2023-ը ՀՀ բյուջեից 144 միլիարդ դրամ ֆինանսավորում էր տրամադրվում Արցախին։ Այն օգնությունը, որ հիմա տրամադրվում է, շատ ավելի քիչ է։ Բյուջեով երկարաժամկետ կտրվածքով միշտ նախատեսված է եղել ամսական 12 միլիարդ դրամը, փաստացի նույնիսկ այս օգնությունը տալով՝ ՀՀ բյուջեում ոչ թե ծախս է գոյանում, այլ դեռ մի բան էլ խնայում են։ Այս օգնությունները 7-8 միլիարդի են հասնում։ Չմոռանանք, որ Արցախի տնտեսության շնորհիվ ՀՀ բյուջե էլ էր մեծ գումար գալիս։ Արցախը չուներ մաքսային համակարգ, և Արցախ ներմուծվող բոլոր ապրանքները մաքսազերծվում էին ՀՀ-ում, և այդ մաքսերը՝ ԱԱՀ-ն, բազմաթիվ վճարներ վճարվում էին միանգամից ՀՀ բյուջե՝ էլ չասած հացահատիկ, էլեկտրաէներգիա։ Եթե խորը մասնագիտական վերլուծություն անենք, կպարզվի, որ Արցախին տրվող ֆինանսավորումից շատ ավելի մեծ օգուտ ՀՀ բյուջեն էր ստանում։ Իշխանությունների կողմից անգրագիտություն է ամեն անգամ երեսով տալը այդ աջակցությունը, քանի որ բյուջեում ձևավորվող գումարները նաև արցախցիների, որոնք այստեղ աշխատում են, հարկերից են գոյանում։ Այդ փոքր գումարը, որն այդ մարդկանց գոյատևման համար է, մարդկանց փորձում են զրկել նաև այդ օգնությունից տարբեր պատճառաբանություններով»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ