Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինար Վարդանյան. «Իշխանությունը չէ, որ ինչ-որ փոքր սենյակում մի քանի հոգանոց խմբակով որոշի՝ Արցախյան շարժումը փակվել է, թե չէ»

Ապրիլ 18,2025 20:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով շրջափակման պայմաններում Ադրբեջանի դեմ արցախցիների պայքարի եւ Հայաստանում արցախցիների նկատմամբ պետական մակարդակով գեներացվող ատելության մասին՝ ասաց. «Սա առաջին դեպքը չէ, եւ մենք մեր աչքով ենք տեսնում, որ պաշտոնատար անձինք ատելություն են տարածում արցախցիների նկատմամբ, փողոցում գտնում են ինչ-որ անհասկանալի մարդկանց եւ  նրանցից ինչ-որ հատուկ հարցազրույցներ են վերցնում, որոնցով փորձում են  ինչ-որ սահմաններ մտցնել հայաստանցիների եւ արցախցիների միջեւ: Եվ այն, որ ԱԺ պատգամավորը շարունակում է պնդել կասկածը, թե արցախցիները չեն կռվել 2023 թվականին, դա խոսում է նաեւ պետական քաղաքականության եւ պետական վերաբերմունքի մասին: Ի՞նչ տարբերություն, ասել է 210 զոհ են տվել, թե 10 զոհ: Փաստը մնում է այն, որ այդ մարդիկ այնտեղ կռվել են, կռվել են իրենց բոլոր հնարավորություններով եւ ուժերով:

Շրջափակված Արցախում հյուծված արցախցին կարող էր ընդամենը մի քանի օր դիմադրել: Մենք ինքներս լավ հասկանում ենք, որ երբ արցախցին տեսնում է՝ իր անվտանգության երաշխավոր Հայաստանից որեւէ բան չի սպասելու, որ Հայաստանը հայտարարում է, որ ինքը չի խառնվելու, էնտեղ մնացած 120 հազար արցախցիները ի՞նչ պետք է անեին»:

Տիկին Վարդանյանը նշեց, որ ըստ էության՝ Հայաստանի հասարակության մեջ փորձ է արվում ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ արցախցիները ստիպված հեռանան Հայաստանից: «Բայց շատ սխալվում են: Մի շատ կարեւոր հանգամանք էլ եմ ուզում նշել: Այս ատելության գեներացումը իրականում տեղի է ունենում սոցիալական ցանցերով, մանր-մունր լրատվամիջոցներով, որոնք ֆինանսավորվում են, ըստ էության, հենց իրենց կողմից: Եվ բոլորս էլ գիտենք, թե թելերը կոնկրետ ում մոտ են տանում: Բայց հասարակության մեջ նույն վերաբերմունքը չէ: Հասարակությունը շատ ավելի առողջ ու շատ ավելի ադեկվատ արձագանք է տալիս այդ ամենին: Հետեւաբար, նույնիսկ այս փորձերը, որ իրենք անելու են՝ իրենց ցանկալի արդյունքը չեն տալու»:

Մեկնաբանելով իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ Արցախյան շարժումը չեն շարունակելու, Արցախի էջը փակված է՝ այդքանից հետո արցախցին ի՞նչ վտանգ է ներկայացնում՝ լինելով Հայաստանում, ընդդիմադիր պատգամավորը ասաց. «Նախ, իշխանությունը չէ, որ ինչ-որ փոքր սենյակում մի քանի հոգանոց խմբակով որոշի՝ Արցախյան շարժումը փակվել է, թե չէ: Ես հասկանում եմ, որ իշխանությունը իր հայտարարություններով փորձում է բավարարել Ալիեւի բոլոր ցանկություններն ու պահանջները եւ ցույց տալ՝ մենք քեզ համար այլեւս որեւէ սպառնալիք չենք, մեզ համար այլեւս Արցախը գոյություն չունի: Դա մի քանի հոգանոց խմբակի որոշումն է եւ նրանք չեն կարող պարտադրել: Իրականում կա պատվախնդիր արցախցիների շատ մեծ թիվ, որոնց առաջին հերթին փորձեցին սփռել ամբողջ Հայաստանով, որպեսզի համայնք չձեւավորվի: Այս պահին պարբերաբար տեսնում ենք, որ արցախցիները աստիճանաբար շոկից դուրս են գալիս  եւ իրավունք ունեն դնելու իրենց պահանջները: Այդ թվում Հայաստանի իշխանություններից պահանջելու՝ տեր կանգնել իրենց վերադարձի իրավունքին: Այս ամեն ինչը կանխելու համար փորձում են ստեղծել ընդհանուր մթնոլորտ»:

Հարցին, թե իշխանությունները մտավախություն ունեն, որ իշխանափոխության գործընթացում արցախցիների տոկոսը մեծ է լինելու՝ հաշվի առնելով այն ամբողջ ըմբոստությունը, որ կա իրենց դեմ, տիկին Վարդանյանը պատասխանեց. «Եթե հաշվի առնենք իշխանությունից կառչած լինելու իրենց վախերը, իսկ իրենք ամեն ինչից են վախենում՝ արցախցուց էլ, Հայաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիներից էլ, մարզերի մեր հայրենակիցներից էլ: Այսինքն, երբ հարցը հասնում է իրենց աթոռին, պատրաստ են գնալ ցանկացած հրեշավոր մեխանիզմների գործադրման: Մեր հանրության հիմնական մասը շատ առողջ, շատ ճիշտ է դատում: Եվ այնպես, ինչպես մեզանից շատերի համար, Արցախը եղել եւ շարունակում է մնալ մեր հայրենիքը, արցախցին՝ մեր հայրենակիցը, այդպես էլ մտածում են հասարակության ստվար զանգվածներ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930