«Ես մոտալուտ ապագայում որեւէ անսպասելի զարգացում չեմ ակնկալում Հարավային Կովկասում։ Անսպասելի զարգացում ասելով՝ նկատի ունեմ՝ պատերազմ կամ էսկալացիա չեմ ակնկալում»։ Այս մասին հայտնեց թուրք գիտնական Մուստաֆա Այդինն՝ Ամերիկյան համալսարանում կայացած «Հարավային Կովկասի թերի գծերը․ տարածաշրջանային եւ միջազգային տեսակետներ» խորագրով միջազգային կոնֆերանսի ժամանակ։
Ստամբուլում գործող «Կադիր Հաս» համալսարանի դասախոս Այդինը Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության խոչընդոտների շարքից առանձնացրեց երկուսը, որոնք առնչվում են իր երկրին։
Թուրքիան ընդհանուր մոտեցում չունի Հարավային Կովկասի նկատմամբ
«Թուրքիան Հարավային Կովկասը չի դիտարկում որպես մեկ տարածաշրջան, եւ Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի հետ առանձին է առնչվում»։
Կարդացեք նաև
Գիտնականի խոսքով՝ սա անհավասարակշռություն է ստեղծում, քանի որ Անկարայի եւ Բաքվի փոխհարաբերությունները շարունակ խորանում են, մինչդեռ Վրաստանի հետ հարաբերությունների ընթացքը դանդաղել է, իսկ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն։
Անկարան հայ-թուրքական հարաբերությունները կապում է հայ-ադրբեջանականի հետ
Հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում Մուստաֆա Այդինն ընդգծեց՝ Անկարան Երեւանին ընդառաջ չի գնա մինչեւ չկարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները։
«Ցավալի է, բայց Թուրքիայի իշխանություններին այդպես էլ չհաջողվեց Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումն ու զարգացումը դիտարկել Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններից դուրս», — նկատում է Այդինն ու հավելում՝ «Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ կհաստատի, սահմանը կբացվի, երբ Անկարան առաջընթաց նկատի հայ-ադրբեջանական բանակցություններում, իսկ առաջընթաց ասելով մեկ բան կարող ենք հասկանալ՝ խաղաղության պայմանագրի կնքում», – բացատրում է նա։
ՌԴ-ն, ի վերջո, կրկին կակտիվանա
Մուստաֆա Այդինն անդրադարձավ նաեւ տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարությանը։
Արձանագրելով, որ Ուկրաինայի պատերազմով պայմանավորված Ռուսաստանն առայժմ պասիվ է մեր տարածաշրջանում՝ նա համոզմունք հայտնեց, որ ՌԴ-ն, ի վերջո, կվերականգնի ակտիվությունը։
«Պատերազմն Ուկրաինայում հավերժ չի շարունակվելու։ Ինչ ելք էլ այն ստանա, միեւնույն է, Ռուսաստանը վերադառնալու է տարածաշրջան։ Ռուսաստանը կակտիվանա տարածաշրջանից դուրս նույնպես։ Չեմ ասում՝ նոր ագրեսիաներ կձեռնարկի, բայց ռուսական նոր ակտիվություն սպասվում է»։
Ըստ Այդինի՝ Ռուսաստանի մոտալուտ ակտիվացումը բացասաբար կազդի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա՝ հաշվի առնելով դեպի Արեւմուտք նրա համակրանքը։
Թրամփի նախագահությունը, Հայաստանն ու Եվրոպան
Աշխարհակարգի փոփոխության համատեքստում Հայաստանի դիրքավորման համատեքստում Այդինը կարծում է, որ Եվրոպան պատրաստ չէ ընդունել Հայաստանին, քանի որ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահության ներքո Եվրոպան ինքն է բախվել գոյաբանական խնդիրների, իսկ ամերիկացիներն, Այդինի խոսքով, մոտ ապագայում հետաքրքրություն չեն ցուցադրի Հարավային Կովկասի նկատմամբ։
Դոնալդ Թրամփի մասին գիտնականը խոսեց բացասական շեշտով։ Հնարավոր չէ բացառել ամերիկաիսրայելական համատեղ լայնամասշտաբ գործողությունը Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, իր խոսքում համոզմունք հայտնեց Այդինը՝ միաժամանակ ընդունելով, որ ներկա պահին Թրամփը կանաչ լույս չի տվել այդ նախաձեռնությանը, չնայած Իսրայելի դրդումներին։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ