Քիշնեւում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր ուներ երեք մասնակից:
76 կգ քաշային կանանց պայքարում Աննա Ամրոյանը երկամարտում ցույց տվեց 231 (100+131) կգ եւ նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը: Ընդ որում, Աննան նաեւ փոքր բրոնզի արժանացավ հրում վարժությունում:
Այս քաշային կարգի մեր երկրորդ մասնակիցը՝ Միլենա Խաչատրյանը, որը նույնպես երկամարտի արդյունքով պատվո պատվանդան բարձրանալու իրական հնարավորություն ուներ, համեմատաբար անհաջող անցկացրեց պոկում վարժությունը՝ արձանագրելով ընդամենը 95 կգ:
Կարդացեք նաև
Սակայն Միլենան, որը մայրանալուց հետո է վերադարձել մեծ սպորտ, կարողացավ հավաքել ուժերը հրում վարժությունում եւ Աննայից առաջ 131 կգ ծանրաձողը սանձելու շնորհիվ նվաճեց այս վարժության փոքր արծաթե մեդալը: Իսկ երկամարտում Միլենա Խաչատրյանը 226 (95+131) կիլոգրամով բավարարվեց 6-րդ արդյունքով:
Մեծահասակների առաջնությունում նորամուտը ձախողեց տղամարդկանց առաջնության մասնակից, 89 կգ քաշային Մնացական Աբրահամյանը, որը կատարեց վեց անհաջող մոտեցում եւ տուն կվերադառնա զրո կիլոգրամ արդյունքով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ