Իրանագետ Արտյոմ Տոնոյանի տելեգրամյան ալիքի գրառումը.
«Էլման Նասիրովը, ով Ադրբեջանի 7-րդ գումարման խորհրդարանում ներկայացնում է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը, անդրադարձել է իրանական Tasnim լրատվական գործակալության հրապարակմանը և պատասխանել է Իսրայելի մասով Ադրբեջանին վերագրված մեղադրանքներին։
Նասիրովը ընդգծել է հետևյալ կետերը՝
Հոդվածը ժամանակային առումով համընկնում է ԻԻՀ նախագահ Փեզեշքյանի՝ Բաքու սպասվող այցի հետ, և դա չի կարող լինել պատահական։
Tasnim լրատվական գործակալությունը, որտեղ քանիցս տեղ են գտել Ադրբեջանը թիրախավորող հրապարակումներ, ֆինանսավորվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից, և այդ հանգամանքը նույնպես պետք է հաշվի առնել։
Նման հրապարակումները ուղղված են ոչ միայն Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունների վարկաբեկմանը, այլև Իրանի և Ադրբեջանի միջև աստիճանաբար բարելավվող հարաբերությունների խաթարմանը։
Իրան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման դրական դինամիկան խաթարվում է ԻՀՊԿ կողմից մի իրավիճակում, երբ Ադրբեջանի նախագահը վերջերս ԱԴԱ-յում (Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիա) հայտարարել է, որ Բաքուն շահագրգռված է Իրանի հետ հարաբերություններում առկա տարաձայնությունների հաղթահարմամբ՝ համարելով դա ռազմավարական կարևորության հարց երկու կողմերի համար։ Բացի այդ, Բաքուն դրական է գնահատել Իրանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, և այս ամսին նախատեսվում է Իրանի նախագահի այցը Ադրբեջան։
Իսկ ամենաուշագրավն այն է, որ Նասիրովը առաջարկել է Իրանի քաղաքական վերնախավին օգտագործել Ադրբեջանի հնարավորությունները՝ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու և իսրայելական վտանգը չեզոքացնելու հարցում։
Դժվար չէ, բնականաբար, կռահել, թե Ալիևը Նասիրովի բերանով ինչ առևտուր է առաջարկում իրանական կողմին և ինչ կարող է արժենալ դա Հայաստանի համար»։