Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկային կյանքի արժեքը

Ապրիլ 19,2025 10:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ինչու, այնուամենայնիվ, Ծաղկազարդի օրը մարդիկ ցնծությամբ ողջունեցին Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, իսկ դրանից ընդամենը հինգ օր անց՝ ուրբաթ, միահամուռ կոչ արեցին նրան խաչել: Իմ բացատրությունն է՝ մարդիկ հիասթափվել էին: Ընդ որում, հիասթափվել էին ոչ միայն «շարքային» մարդիկ, որոնց վրա գուցե եւ որոշ չափով ազդում էր փարիսեցիների եւ օրենքի ուսուցիչների քարոզչությունը, այլեւ Հիսուսի կողմնակիցները, այդ թվում՝ առաքյալները:

Նրանք, ըստ ամենայնի, ակնկալում էին տեսնել ինչ-որ սուպերառաջնորդի, որն աշխարհը շուռ կտա: Ոմանք գուցե կարծում էին, որ նա հեղափոխություն կանի, կքշի հռոմեացիներին եւ կդառնա Իսրայելի իրական թագավոր: Իսկ Հիսուսն իրեն պահեց զուտ որպես մարդ՝ ձերբակալվեց, դատապարտվեց եւ խաչվեց: Հետո հարություն առավ: Եվ դրանով, որքան էլ պարադոքսալ թվա առաջին հայացքից, շուռ տվեց աշխարհը:

Այդ (եկեք ընդունենք, ոչ ստանդարտ) վարքի գլխավոր իմաստը, կարծում եմ, մարդկային կյանքն արժեւորելն է՝ ինչի համար է մարդն ապրում եւ ինչ է հետը տանում դեպի հավերժություն: Հիսուսը մեզ սովորեցնում է գնահատել այդ կարճատեւ, բայց թանկարժեք եւ յուրահատուկ ժամանակահատվածը:

Ցավոք, պատմության ընթացքում, հատկապես քաղաքականությամբ հիվանդ մարդկանց վերաբերմունքը կյանքին զուտ «վիճակագրական» է:

Իրականում թվերը, քրիստոնեական մոտեցման դեպքում, կարեւոր չեն՝ 10, 210, մեկ, թե միլիոն: Կարեւոր է մեր վերաբերմունքը մարդկային կյանքի հանդեպ: Ամեն մի մարդու կյանքը բացարձակ արժեք է: Եթե կյանքի նկատմամբ վերաբերմունքը միջնորդավորվում է քաղաքական, քարոզչական, գաղափարախոսական կամ կոմերցիոն հաշվարկներով, ապա եզակի, անկրկնելի կյանքի իմաստը կորում է: ՔՊ-ականները, փաստորեն, առաջարկում են հաշվել, թե որքան հայաստանցի է զոհվել 44-օրյա պատերազմի ընթացքում, եւ որքան՝ արցախցի: Այսպես ասած, «մրցել զոհվածներով»:

Այդ, չափազանց ցինիկ մոտեցման պարագայում մարդկային կյանքը դառնում է վիճակագրական նյութ: Հաշվարկներ են կատարում, որոնք պետք է ապացուցեն այս կամ այն հայ մարդկանց զոհերի գերակայությունը: Ըստ այդ հաշվարկների արդյունքների՝ պետք է գալ եզրակացության, ովքեր են արժանի հարգանքի, ովքեր՝ պարսավանքի: Դա հոգեւոր կատարակտի նման մի բան է, որը ծածկում է մարդկանց աչքերը եւ խանգարում է տեսնել իրականությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Ես էլ ՔՊ-ականներին առաջարկում եմ հաշվել, թե 44-օրյա պատերազմի ընթացքում քանի մարդ է զոհվել ՔՊ-ականներից և քանի մարդ՝ ոչ ՔՊ-ականներից։ Այդ համեմատությունից հետո պարզ կդառնա, որ հայաստանցի և արցախցի զոհերի համեմատությունը չկռվող և բունկերներում թաքնվող ՔՊ-ականների բարոյական իրավասությունից չափազանց դուրս է։
    Նախկիններին-ներկաներին, հայաստանցիներին-արցախցիներին, ջրագծի վրա «կռանթ» չդնող գյուղացիներին-ատամը խոզանակելիս ծորակը փակող երևանցիներին իրար դեմ լարելու նիկոլական մուտիլովկաները արժեզրկվել են։ Ժողովուրդը հոգնել է անգործունյա և ուժազուրկ խառնակիչներից, որոնք զբաղված են միայն իրենք իրեց պարգևավճարներ բաժանելով։ Գյումրիի ու Փարաքարի ընտրությունները ցույց տվեցին, որ ՔՊ-ականները հայտնի մուլտֆիլմի օրինակով՝ մեկը-մյուսին հավանաբար շշնջում են․ «Մեր վերջը եկել ա»։

  2. Լավատես says:

    Կրոնները՝ դրանք տեխնոլոգիաներ կամ գաղափարախոսություններ են Արարչի ամենազորությունից օգտվելու համար: Բոլոր կրոններն էլ ունեն լավ ու վատի, մեղքի ու սրբության իրենց չափանիշները եւ եթե հետեւում ես ընտրածդ կրոնի այդ աքսիոմներին կամ կարմիր գծերին, դու դրանով հետեւում ես այդ կրոնի տեխնոլոգիային կամ գաղափարախոսությանը: Եթե դժբախտ ես, ուրեմն կամ կրոնիդ տեխնոլոգիան է հետամնաց կամ էլ խախտում էս այդ կրոնի աքսիոմներն ու կարմիր գծերը: Մենք հայերս տարբեր կրոնների հետեւորդներ ենք, բայց եւ ոչ մի կրոնի արարողը չենք: Բոլոր կրոնների մեջ էլ կան շատ արդյունավետ աքսիոմներ ու կարմիր գծեր եւ մեր հաջողակ հայերը խստորեն հետեւելով այդ կրոնների աքսիոմներին ու կարմիր գծերին, օգտվում են Արարչի ամենազորությունից: Դու Արարչի հետ շփվելու քո սեփական ազգային հոգեւոր տեխնոլոգիան՝ ազգային կրոնը պետք է ստեղծես, եթե ուզում ես ծառայել միայն Արարչին եւ դառնալ ընտրյալ ազգ: Մենք պետք է սովորենք մյուս ազգերից, ովքեր ունեն ազգային կրոն եւ դրանով Արարչի ընտրյալ ազգերն են: Պետք չի հրաժարվել այսօրվա քո դավանած կրոններից, զուգահեռ ստեղծել է պետք հայ ազգային կրոն, որի արդյունավետությունը կերեւա մեր ազգի հաջողակ ու երջանիկ լինելու մեջ, որը մեզ կվերադարձնի մեր հայ ազգային ինքնության վերագտմանը: Սա ռազմավարական հարցերից մեկն է, մյուսը՝ դա ազգային դրամը պետք է լինի սուվերեն եւ մեր բանկն էլ պետք է լինի ազգային: Ու նման լավ բաներ: Ո՞րը պետք է լինի մեր հայ ազգային կրոնի աքսիոմներն ու կարմիր գծերը: Կիսվենք գաղափարներով:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930