Լրահոս
Օրվա լրահոսը

Նա, ով որոշել է Հայաստանը դնել թուրքական տիրապետության տակ, պետք է նաև պետականության հիմնարար փաստաթուղթը պատռի ու մի կողմ նետի՝ որպես «անկախության սպառնալիք»․ «Փաստ»

Ապրիլ 19,2025 11:48

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թե ինչ մղձավանջի է վերածվել մեր ներկան Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի իշխանության գալու հետևանքով, բոլորին էլ պարզ է: Լավ, մի քանի բացառություններով:

Այո, այդ մղձավանջային այսօրը ձևավորվել է հենց Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով, ինչն էլ, իր հերթին, հետևանք է այն բանի, որ 2020-ի պատերազմական աղետը բերած անձը ու նրա կուսակցությունը 2021-ին արտահերթ ընտրություններով վերարտադրվեցին, ի դեպ՝ «Ապագա կա՛ ապագա» կարգախոսով: Այն, ի դեպ, Փաշինյանն ու իր թիմակիցները տարածում էին նաև Արցախի վրա, որը 2022-ի հոկտեմբերի 6-ին ուրացան, իսկ 2023-ի սեպտեմբերին թույլ տվեցին հայաթափել, ինչը այդ ուրացման ուղիղ հետևանքն է:

Նախօրեին Փաշինյանը բառացիորեն հայտարարեց հետևյալը. «Ուսումնասիրելով Անկախության հռչակագրի տեքստը՝ ասել եմ, որ այդ տեքստը նրա մասին է, որ Հայաստանի անկախ պետականություն չի կարող լինել»։

Գործնականում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի Անկախության հռչակագիրը սպառնում է… Հայաստանի անկախությանը: Դա նույնն է, եթե մեկնումեկին ասես, որ նրա ծննդյան վկայականը ոչ թե նրա ծննդյան, այլ իրականում մահվան վկայականն է: Էլի նման անհամատեղելի «պնդումների» օրինակներ կարելի է բերել, որպեսզի Փաշինյանի ասածի ամբողջ անհեթեթությունը ավելի ցայտուն երևա: Բայց, վստահ ենք, որ ասվածն էլ միանգամայն բավարար է:

Բուն հարցն այն է, թե ո՛վ է դա ասում և ինչ նպատակով: Իսկ դա ասում է ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը, որը միջազգային հարաբերություններում ներկայացնում է մեր պետությունն ու մեր պետության անունից պարտավորություններ է ստանձնում ու փաստաթղթեր ստորագրում: Դա ասում է մեկը, որի ընդունած որոշումներից կախված են մեր պետության, մեր ժողովրդի, մեր սերունդների ճակատագրերը: Ու Փաշինյանը նման հայտարարություն անում է, որպեսզի հիմնավորի ՀՀ Սահմանադրությունը չեղարկելն ու «նոր» Սահմանադրություն ընդունելը, Սահմանադրության անփոփոխելի նախաբանն ու Անկախության հռչակագրին արված հղումը մեր պետականության պատմաքաղաքական իրականությունից ջնջելը, ավելի ճիշտ՝ քերելը:

Մեծ հաշվով, անցյալը ջնջելը Փաշինյանի վարչապետական գործունեության առանցքային ուղղություններից մեկն է: Նա և իր քպական թիմը բավականին հետևողականորեն ու «գետնի վրա» ընդամենը 6-7 տարվա ընթացքում հիմնավեր ջնջեցին նախորդ 27 տարիներին ժողովրդի ու համայն հայության ջանքերով ստեղծածն ու ձեռքբերումները, ջնջեցին հաղթանակները, երկրի պաշտպանունակությունը, արտաքին-քաղաքական կշիռն ու սուբյեկտայնությունը: Ու դեռ ջնջում են:

Հիմա, ինչպես դժվար չէ նկատել, «ջնջման» փաշինյանական մարմաջը, եթե կուզեք՝ «քաղաքականությունը» հասել է Հայոց ցեղասպանության եղելությունը ռևիզիոնիստական վերանայման ենթարկելուն, մեծ հաշվով՝ ժողովրդի պատմական հիշողությունից ջնջելուն: Ջնջել են Արցախը մեր երկրի քարտեզից, Արցախի պետական կառույցների էլեկտրոնային կայքէջերն են ջնջել…

Անխուսափելի էր նաև Անկախության հռչակագիրը ջնջելու նրա հետևողական դիրքավորումը: Նա, ով որոշել է Հայաստանը դնել թուրքական տիրապետության կամ վերահսկողության տակ, բնականաբար, պետք է նաև պետականության հիմնարար փաստաթուղթը պատռի ու մի կողմ նետի, այն բնորոշի որպես… անկախության սպառնալիք:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930