Որպես կանոն՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի պահվածքն ի ցույց դնող, դատապարտող քայլեր չեն ձեռնարկվում, բայց օրերս արտգործնախարար Արարատ Միրզոյանը թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում վերջապես համարձակվեց խոսել ադրբեջանական կողմի ապակառուցողական պահվածքի մասին։ Տևական ժամանակ է, ինչ խաղաղության համաձայնագրի կնքման թեման Հայաստանի օրակարգում է, ու չէր եղել որևէ դեպք, երբ Հայաստանի իշխանության ներկայացուցիչը ոչ ներքին լսարանի համար հարցազրույց տա ու թեկուզ մեղմ տոնայնությամբ, բայց խոսի այն մասին, թե այնպիսի զգացում կա, որ Ադրբեջանը պարզապես չի ցանկանում խաղաղություն կառուցել Հայաստանի հետ։
Ինչպես ասում են՝ լավին լավ պետք է ասել, ԱԳ նախարարի հարցազրույցը տեղին էր: Սակայն բանն այն է, որ, ըստ էության, արտգործնախարարը որևէ նորություն չի ասել, այլ հարց է, որ Հայաստանի կողմից հղված ուղերձների առումով սա կարևոր քայլ է, նույնիսկ ուշացած։ Ընդդիմությունը, անկախ փորձագետները, լրատվամիջոցները այս ընթացքում անընդհատ նշել են այն մասին, որ Ադրբեջանը խաղաղություն չի ցանկանում։ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման վերաբերյալ հստակ պատկերացումներն արտացոլվում են նաև հանրային ընկալումներում, բայց դրանք պետք է հասանելի դարձնել նաև միջազգային հանրությանը։ Դեռ ավելին՝ անընդհատ պետք է միջազգային լսարանին ու տարբեր պաշտոնյաների ականջին հասցնել ճշմարտությունը, այն է՝ Ադրբեջանը պատրաստվում է հերթական ագրեսիայի և խափանում է խաղաղության հասնելու ցանկացած հնարավորություն։
Սակայն հետաքրքիր է, որ, ի տարբերություն արտգործնախարարի, Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես չի խոսում Ադրբեջանի ապակառուցողական քայլերի մասին։ Նա նշում է միայն խաղաղության օրակարգից չշեղվելու ու խաղաղության շուրջ համաձայնության հասնելու հնարավորության մասին։ Միևնույն ժամանակ, նա ադրբեջանական թեզերն է շրջանառության մեջ դնում։ Դեռ ավելին՝ նա ցույց է տալիս, թե Հայաստանը պատրաստ է ընդառաջ գնալ ադրբեջանական պահանջներին, միայն թե ամեն գնով խաղաղության համաձայնագիրը կնքվի։ Բայց ամեն անգամ Բաքուն ոչ միայն բարձրացնում է պահանջների նշաձողը, այլև ճնշում ենթադրող նոր քայլերի դիմում։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում