Հարցազրույց Հայ առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ
– Սրբազան հայր, գիտենք, որ Սուրբ Հարության տոնը հաղթանակի և դժվարությունների հաղթահարման խորհուրդ ունի։ Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կարող ենք ընկալել Հարության խորհրդի այս պատգամը մեր ժողովրդի կյանքում, հատկապես Արցախից բռնի տեղահանված այն հայրենակիցների ապրումների համատեքստում, ովքեր մինչ օրս ապրում են ցավի, կորստի ու անորոշության պայմաններում։
–Այո, Սուրբ Հարությունը հաղթանակի խորհուրդն ունի. այն ոչ միայն Քրիստոսի հաղթանակն է մահվան և մեղքի հանդեպ, այլև քրիստոնյաներիս կյանքում հավիտենական հույսի հաստատումը։ Մեր պատմության ամենադժվար ժամանակահատվածներում մեր ժողովրդի համար հույսի աղբյուր է եղել Ավետարանի ճշմարտությունը՝ Քրիստոսի օրինակով՝ չարչարանքներից մինչև Հարություն։ Ինչպես գիտեք, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից շատերը հաստատվել են Արարատի մարզում, և մենք անմիջական շփման մեջ տեսնում և զգում ենք նրանց ցավը, անորոշությունը, երբեմն նաև չհասկացված լինելը և լքվածության զգացումը։ Այդ ցավը նաև մեր ցավն է։ Սակայն հենց այդ ցավի մեջ է Հարության ավետիսը դառնում կենսական՝ հիշեցնելով մեզ, որ տառապանքները, դժվարությունները երբեք վերջը չեն։
Քրիստոսի Հարության ճշմարտության առջև հասկանում ենք, որ Աստված երբեք չի լքում իր զավակներին, որքան էլ խավար լինի այն ճանապարհը, որով անցնում ենք։ Վստահ եմ, որ հիմա էլ մենք կոչված ենք Սուրբ Հարության լույսով, մեր եղբայրասիրությամբ, հավատքի թելադրանքով մխիթարելու միմյանց, զորացնելու հատկապես արցախցի մեր հայրենակիցներին, ովքեր անմիջականորեն են կրում այս ողբերգական փորձությունը։ Ուզում եմ հաստատել, որ Եկեղեցին միշտ իր զավակների կողքին է՝ իր աղոթքով, հոգևոր խնամքով ու հոգածությամբ։
Կարդացեք նաև
– Սրբազան հայր, Մասյացոտնի թեմը հիմնադրվել է ընդամենը մի քանի տարի առաջ։ Ինչպե՞ս կբնութագրեք նորաստեղծ թեմի գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, հատկապես՝ հոգևոր կյանքի զորացման տեսանկյունից։
– Մասյացոտնի թեմը հիմնադրվել է Վեհափառ Հայրապետի կողմից, 2021 թվականին, և ընդգրկում է Արարատի մարզը, որը նախկինում ներառված էր Արարատյան Հայրապետական թեմում։ Վեհափառ Հայրապետի կոնդակով թեմի առաջնորդանիստ է հռչակվել Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցին։ Այժմ թեմում գործում են 26 եկեղեցիներ։ Թեմի պատմական սրբավայրերից ամենահայտնին Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանքն է։ Թեմում ծառայում են 26 օծյալ եկեղեցականներ։ Թեմի գործունեության մեջ կարևոր նշանակություն ենք տալիս քարոզչական և կրթադաստիարակչական աշխատանքներին։ Եկեղեցական բոլոր համայնքներում կատարվում են Սուրբ Գրքի սերտողություններ, ամենօրյա ժամերգությունների ավարտին հավատացյալներին է փոխանցվում հոգևոր պատգամ, կազմակերպվում են ուխտագնացություններ, Սուրբ Պատարագներ, տնօրհնեքներ, հոգևոր խորհրդակատարություններ և այլն։ Հոգևոր կյանքի զորացման համար առանձնահատուկ ուշադրության ներքո է հատկապես երիտասարդ սերունդը։
Թեմում գործում են Ամառային հոգևոր ճամբարներ, կազմակերպվում են Աստվածաշնչային թեմաներով վիկտորինաներ, Նոր Կտակարանի դասընթացներ և այլն։ Հանրակրթական դպրոցներից «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան հանելուց հետո առավել կենսական է դարձել թեմի Կիրակնօրյա դպրոցների ընդլայնումը։ 25 համայնքներում գործող կիրակնօրյա դպրոցներում ուսանում են շուրջ 1000 սաներ։ Գործում են նաև երիտասարդաց և տիկնանց միություններ, որոնք ներգրավված են եկեղեցական տարբեր ծրագրերում։ Թեմը զբաղվում է նաև հրատարակչական ծրագրերով, և արդեն իսկ հավատացյալների համար հասանելի են մի շարք հոգևոր-բարեպաշտական բովանդակությամբ գրքեր։ Մեր նպատակն է ընթերցանության ճանապարհով ևս հոգևոր կրթություն փոխանցել մեր հավատացյալներին։
Թեմի եկեղեցիների սոցիալական էջերի միջոցով ևս ստեղծվում է հոգևոր-կրթական բովանդակություն։
Իհարկե, այս ամենն առավել զարգացնելու և ժողովրդին հասանելի դարձնելու համար թեմում մեկնարկել են եկեղեցաշինական բազմաթիվ ծրագրեր, որոնց մասին առաջիկային կտրվեն լուսաբանումներ։