«Հայկական ավիաուղիների» Airbus A321 տիպի երկու օդանավերը, որոնք մինչեւ վերջերս Հայաստանում գրանցված էին իբրեւ EK-AAB եւ EK-AAD, տեղափոխվել են Թուրքիա ու գրանցվել այդ երկրի Southwind Airlines ավիաընկերության շարժակազմում:
Նախորդ հոդվածում գրել էինք, որ այն բանից հետո, երբ հայկական փոխադրողը հայտարարեց, որ ինքնաթիռային պարկի թարմացմամբ եւ նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված՝ ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները, EK-AAB գրանցումով Airbus A321-ը մարտի 25-ին Երեւանից թռել է Ստամբուլ:
EK-AAB-ն 2023 թ. ապրիլին էր տեղափոխվել Հայաստան ու գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում: Ընդ որում՝ այս օդանավը հունվարի 6-ից կոմերցիոն թռիչքներ չէր կատարում եւ կանգնած էր «Զվարթնոցում»: Այսպիսով՝ EK-AAB-ն «Հայկական ավիաուղիների» շարժակազմում մնաց շուրջ 2 տարի:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ մինչեւ Հայաստան տեղափոխվելը ինքնաթիռը շահագործվում էր ռուսական Northwind Airlines ավիաընկերության կողմից, սակայն գրանցված էր Բերմուդյան կղզիներում: Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, երբ ռուսական ավիացիան հայտնվեց արեւմտյան պատժամիջոցների տակ, այս օդանավը դուրս բերվեց Northwind Airlines-ի ավիապարկից ու 2022-ի գարնանը տեղափոխվեց Ստամբուլ, իսկ շուրջ մեկ տարի անց հայտնվեց «Հայկական ավիաուղիների» տրամադրության տակ: Թուրքական Southwind Airlines-ի շարժակազմում, ըստ planespotter.net-ի, այս Airbus A321-ը ստացել է TC-GRG գրանցումը:
«Հայկական ավիաուղիների» մյուս Airbus A321-ը մեր երկիր էր տեղափոխվել ավելի վաղ՝ 2022-ի դեկտեմբերին, ու նույն ամսում գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում իբրեւ EK-AAD: Ինքնաթիռն այս տարվա ապրիլի 9-ին Երեւանից թռել է Անթալիայի օդանավակայան, որտեղ բազավորվում է Southwind Airlines-ը:
Այս ընկերության ավիապարկում, ըստ planespotter.net-ի, օդանավը ստացել է TC-GRF գրանցումը: Ընդ որում՝ 2022-ի տարեվերջին Հայաստան տեղափոխվելուց առաջ, planespotters.net-ի տվյալներով, նախատեսվում էր, որ այս ինքնաթիռը պետք է համալրի հենց Southwind Airlines-ի շարքերը, սակայն դրա փոխարեն այն հանձնվեց «Հայկական ավիաուղիներին»: Բայց ինչպես տեսնում ենք, մեր երկիր տեղափոխվելուց շուրջ 2,5 տարի անց, այդուհանդերձ, այն դարձավ թուրքական օպերատորի բորտ:
Այն, որ վերոնշյալ երկու օդանավերը վերջին տարիներին անցել են Northwind Airlines-«Հայկական ավիաուղիներ»- Southwind Airlines «եռանկյունով», ամենեւին տարօրինակ չէ, քանի որ սրանք փոխկապակցված ավիաընկերություններ են:
Դեռ 2022-ին, անդրադառնալով «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ին, գրել էինք, որ դրա հիմնադիր Արարատ Սարգսյանի մեկ այլ հայկական ընկերություն՝ «Ալյանս Ավիաընկերություն» ՍՊԸ-ն, ըստ համացանցի բաց աղբյուրների, ռուսական Северный ветер (թարգմանաբար՝ հյուսիսային քամի) ավիափոխադրողի ներկայացուցիչն է Հայաստանում, իսկ ռուսական այս օպերատորն առավել հայտնի է որպես Nordwind Airlines։ Վերջինիս 100 %-ի սեփականատերը գործարար Կարինե Վիտալեւնա Բուկրեյն է: Նա նախկինում նաեւ ռուսական «Պեգաս Տուրիստիկ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն էր, իսկ այս տուրիստական գործակալության սեփականատերը թուրք գործարար Ռամազան Աքպինարն է։ Ըստ «Կոմերսանտի»՝ վերջինս Կ. Բուկրեյի ամուսինն է։
«Պեգաս Տուրիստիկը» բավականին հայտնի ու խոշոր ընկերություն է տուրիզմի ոլորտում։ Հենց սա է համարվում ոչ միայն Nordwind Airlines-ի, այլեւ մեկ այլ ռուսական փոխադրողի՝ Икар-ի (2015-2022 թթ․ ներկայանում էր Pegas Fly ապրանքանիշով) գլխադասային ընկերությունը։ Ընդ որում՝ փաստաթղթերով «Իկարի» միանձնյա սեփականատերը նույնպես Կարինե Բուկրեյն է։ Այդուհանդերձ, վերոնշյալ ռուսական ընկերությունների իրական սեփականատեր է համարվում Ռամազան Աքպինարը։
«Պեգաս Տուրիստիկին», հետեւաբար, նաեւ Nordwind Airlines-ին ու Ikar-ին փոխկապակցված է թուրքական Southwind Airlines-ը (թարգմանաբար՝ հարավային քամի), որի անունն ու լոգոն մտածված են ռուսական Nordwind Airlines-ի նմանությամբ։
Նկատենք, որ Southwind Airlines-ն իր գործունեությունն սկսել է 2022-ի գարնանը, այն բանից հետո, երբ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, եւ ռուսական փոխադրողները, այդ թվում՝ Nordwind Airlines-ն ու Ikar-ը, ընկան արեւմտյան պատժամիջոցների տակ: Թուրքական նորաստեղծ ավիաընկերության նպատակն էր այնպես անել, որ պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանից դեպի Թուրքիա զբոսաշրջային հոսքերը չնվազեն, այսինքն՝ «Պեգաս Տուրիստիկի» բիզնեսը չտուժի:
Այսպիսով՝ Աքպինար-Բուկրեյ զույգը ռուսական Nordwind Airlines եւ Ikar ավիաընկերությունների, ինչպես նաեւ Pegas Touristik տուրգործակալության սեփականատերն է, որոնց փոխկապակցված են թուրքական Southwind Airlines-ն ու «Հայկական ավիաուղիները»:
Եթե 2021-ի փետրվարին հիմնադրված «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ի միանձնյա սեփականատերն Արարատ Սարգսյանն էր, ապա այն բանից հետո, երբ 2022-ի դեկտեմբերին ընկերությունը օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ, կոմերցիոն թռիչքներ կատարելու հիմնաքարային փաստաթուղթն է) ստացավ, 2023-ի հունվարին ՍՊԸ-ում կատարվեց սեփականատերերի փոփոխություն, ինչի մասին «Հետքը» եւս գրել է:
Արարատ Սարգսյանն օտարել է իր բաժնեմասի 90 %-ը՝ մնալով 10 %-ի սեփականատեր:
Վահե ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում