Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրական փոփոխությունների դեպքում չէին կարող նախաբանում ու անփոփոխելի դրույթներում փոփոխություններ անել, հետեւաբար ուզում են նոր Սահմանադրություն բերել»

Ապրիլ 21,2025 11:00

Ըստ Գոհար Մելոյանի՝ Անկախության հռչակագրի հղումից հրաժարումը, նոր Սահմանադրության ընդունման ճանապարհով գնալն ազգային անվտանգության եւ իրավական անվտանգության խնդիր է։

«Սահմանադրական փոփոխությունների պարագայում իրենք չէին կարող Սահմանադրության նախաբանում ու անփոփոխելի դրույթներում կատարել փոփոխություններ։ Հետեւաբար ուզում են նոր Սահմանադրություն բերել։ Ակնհայտ է, որ նպատակ կա Սահմանադրության նախաբանում կատարել փոփոխություն։ Նիկոլ Փաշինյանի՝ հենց վերջին հայտարարությունից էլ է դա բխում։ Որեւէ այլ նյութական պարզաբանում չկա, որեւէ այլ նորմի եւ տրամաբանական փոփոխության գեթ մեկ օրինակ այս իշխանությունը չի բերել, որը կպայմանավորեր նոր Սահմանադրության ընդունումը»,-«Առավոտի» հետ զրույցում ՀՀ իշխանության նպատակադրումը՝ նոր Սահմանադրություն պատրաստելու հարցում, այսպես մեկնաբանեց Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել էր. «Իմ կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, բայց որոշողը ժողովուրդն է»։

Գոհար Մելոյանն այս հարցերի քննարկումն առաջարկում է սկսել այն հանգամանքից՝ արդյոք Նիկոլ Փաշինյանն իրավագե՞տ է, սահմանադրագե՞տ է, գիտնակա՞ն է, որ կարող է կարծիք կազմել Սահմանադրության իրավական հղումների վերաբերյալ։ Բնականաբար՝ ոչ։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրություն ունենալու օրակարգի առաջ բերելն անմիջապես հաջորդել է թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջին. «Նիկոլ Փաշինյանը 2024-ին՝ անմիջապես Ադրբեջանի նախագահի՝ ՀՀ սահմանադրական պահանջի մասին ազդարարարումից հետո մեր երկրում օրակարգ դարձրեց ոչ թե սահմանադրական փոփոխությունը, այլ նոր Սահմանադրության ընդունումը։ Այստեղ տեխնիկական տարբերություն կա, քանի որ 2018-ից ի վեր իրենք ունեին սահմանադրական փոփոխության օրակարգ, բայց ոչ երբեք նոր Սահմանադրության օրահարց»։

Ըստ մեր զրուցակցի՝ խնդրահարույց ու մտահոգիչ է այս իշխանություններին վստահել նոր Սահմանադրության ընդունման գործընթացը. «2018-ից ունենալով սահմանադրական փոփոխությունների մտադրություն՝ նրանք անգամ հայեցակարգ չեն ներկայացրել՝ այն դեպքում, երբ կարծես ծաղրելով մեզ՝ անընդհատ խոսում են ժողովրդի կամքին ու քվեին ապավինելուց։ Այսպիսի փակ, ոչ թափանցիկ, հանրային հաշվետվողականության ինստիտուտն արհամարհող իշխանություն եւ սահմանադրական բարեփոխումների գործընթաց ՀՀ պատմության մեջ երբեք չի եղել։ Ունեցել ենք սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ու խորհուրդ։ Դա ձեւավորվել է վարչապետի որոշման հիման վրա։ Արդարադատության նախարարը, լինելով մասնագիտությամբ իրավաբան, հայտարարում է, որ ինքը որոշել է հայեցակարգ չներկայացնել եւ անմիջապես աշխատել նոր Սահմանադրության նախագծի վրա՝ հրապարակային կերպով խախտելով իրենց իսկ կողմից ընդունված իրավական ակտի պահանջը։ Արդեն իսկ տեխնիկական մակարդակում բազմակի անգամներ չեն կարողանում ապահովել իրենց ընդունած ընթացակարգային նորմերը։ Այդ նույն ակտով, որով սահմանվել է խորհրդի ու հանձնաժողովի գործունեությունը, սահմանված են նաեւ հաշվետվողականության, թափանցիկության եւ ներառականության սկզբունքները, որոնք եւս խախտվում են»։

Հղում կատարելով Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարություններին եւ ՀՀ ԱԳ նախարարի պարզաբանումներին՝ Գոհար Մելոյանն ասաց. «Այս մարդիկ Անկախության հռչակագրի հղումից հրաժարումը բացառապես պայմանավորում են թշնամական պահանջատիրությամբ։ Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ ադրբեջանական կողմի ներկայացուցիչը կրկին նշեց, որ իրենք պահանջ ունեն սահմանադրական փոփոխության, բավականին երկար դրան արձագանքեց մեր ԱԳ նախարարը՝ սիրալիր մանրամասնորեն իրավական մեկնաբանություն տալով, որ մեր Սահմանադրության մեջ ընդհանրապես պահանջատիրական որեւէ ձեւակերպում չկա, հղում կատարեց ՍԴ-ի տխրահռչակ որոշմանը, որով գնահատական էր տրվել մեր Անկախության հռչակագրին։ Ադրբեջանի ներկայացուցիչը բավականին ոչ սիրալիր արձանագրմամբ նշեց, որ այդ փոփոխությունն իրենց մոտ օրակարգային է մնում եւ խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհի կարեւոր նախապայման է։ Սա եւս ապացուցում է, թե ինչով է պայմանավորված Անկախության հռչակագրից հրաժարումը։ Անկախության հռչակագրին մեր Սահմանադրության նախաբանում հղումը մեր՝ 1995-ին ընդունված հիմնադիր բարձրագույն իրավական ուժ ունեցող փաստաթուղթն է, մեր պետության հիմնադիր նախահայրերի եւ իրավական համայնքի անդամների կողմից նուրբ ու գեղեցիկ լուծումն էր։ Անկախության հռչակագրերը պետության համար անձեռնմխելի փաստաթղթեր են, այն հավասար է պետության ծննդյան վկայագրին եւ նման մեկնաբանությունները պատմական առումով էլ են աննախադեպ, քանի որ յուրաքանչյուր պետություն իր անկախության հռչակագրին յուրահատուկ ակնածանքով է վերաբերվում։ Այո, Անկախության հռչակագիրն այն հիմնադիր ու հիմնարար փաստաթուղթն է, որը տվել է մեր պետականության նպատակներն ու սկզբունքները, ազգային նպատակներին իրավական աստիճան ու կյանք է տվել։ Անկախության հռչակագրի հղումից հրաժարումը, նոր Սահմանադրության ընդունման ճանապարհով գնալն ազգային անվտանգության եւ իրավական անվտանգության խնդիր է։ Մտավախություն ունեմ, որ եթե հետագա քայլերն ու նպատակները կյանքի կոչելը հաջողվի, դա լինելու է մեր՝ որպես իրավական պետության հարցի բարձրացումը մի շարք օրակարգերում եւ հարթակներում թշնամի պետության կողմից՝ փորձելով հիմնավորել, որ ՀՀ հիմնադիր իրավական փաստաթղթերն այլեւս իրավական ուժ չունեն»։

Նիկոլ Փաշինյանի այն հիմնավորումը, թե «պետք է տարածաշրջանային նշանակության սահմանադրություն ունենանք», Գոհար Մելոյանն այսպես մեկնաբանեց. «Յուրաքանչյուր երկրի սահմանադրություն գրվում է՝ իր պետության, ազգի առանձնահատկություններից ելնելով եւ կոչված է ամրագրելու բացառապես իր պետության եւ ազգի սկզբունքները, գործունեությունը՝ հենց նախաբանում ունենալով նաեւ կենացային դրույթներ, քանի որ եթե աշխարհի սահմանադրական իրավունքի համեմատական վերլուծություն անենք, կան պետություններ, որոնք ունեն սահմանադրության՝ հարյուրավոր էջերի հասնող նախաբան, որտեղ ազգի ծագումն է ներկայացված, ավանդույթները եւ այլն։ Ու դա նորմալ է։ Այդ ամենի հիման վրա են պետությունները ծագում։ Երբ ասում է տարածաշրջանային նշանակության, դա նշանակում է՝ նպատակ ենք հետապնդում տարածաշրջանի այլ պետությունների շահերը ներկայացնել մեր հիմնադիր փաստաթղթում։ Դա գալիս է հակասելու մեր ազգային շահին։ Մեր Սահմանադրությունը պետք է բացառապես բխի հայկական ազգի, հայկական պետականության շահերից եւ բացառապես ծառայի հայկական պետության եւ հայ ազգի շահերին։ Չի կարող մեր Սահմանադրությունում հարեւան պետությունների շահը ներկայացված լինել՝ առավել եւս, որ  նրանցից առնվազն երկուսի հետ թշնամական ու խնդրահարույց հարաբերություններ ունենք։ Երբ պետության գործադիր իշխանության ղեկավարը նման ուղերձ է հղում, դա առաջին հերթին սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը։ Ադրբեջանի ու Թուրքիայի շահերից բխող կարգավորումնե՞ր պիտի ներկայացվեն մեր Սահմանադրության մեջ։ Որեւէ պետություն տարածաշրջանային նշանակության կարգավորումները սահմանադրության մեջ չի նախատեսում։ Կարող է բացառությամբ սկանդինավյան պետությունների սահմանադրություններում նույնանման մեկնաբանություններ լինեն, այնուամենայնիվ, դրանք մեկնաբանված են յուրովի՝ տվյալ պետությունների առանձնահատկություններից ելնելով։ Մեր դեպքում տասնակի վտանգավոր է նման մոտեցման հռչակումն ու ներկայացումը»։

Գոհար Մելոյանի համար նաեւ հիմնավոր չեն այս իշխանությունների այն պնդումները, թե աշխարհաքաղաքական զարգացումներ են տեղի ունեցել, որոնց համահունչ նաեւ պետք է փոխել մեր Սահմանադրությունը։ Նա իր այս մոտեցումը հիմնավորեց այն պնդմամբ, որ մեր պետությունում իրավական եւ ժողովրդավարական պետության զարգացման առումով գրանցվել է նահանջ. «Այս իշխանությունների գործողությունները մի շարք օրինակներով ուղղակի նահանջ են ժողովրդավարության տարրերից եւ համահունչ են ավտորիտար պետական ռեժիմի տարրերին։ Մեր օրենսդիր մարմինը վերածվել է գործադիր իշխանության կամակատարի։ Իսկ երբ իշխանության երկու թեւերը միահյուսվում են, դա դասական ավտորիտար պետական ռեժիմի է պետությանը վերածում։ Ունեցել ենք իրականություն, երբ գործադիր իշխանության ղեկավարի կոչով շրջափակվել են դատարաններ, գործադիր իշխանության ղեկավարի անմիջական ներկայությամբ շրջափակվում է օրենսդիր մարմինը, եւ դրանց իրավական գնահատականներ ու հետեւություններ չեն տրվում։ Այս ամենը մեծ-մեծ քայլերով հետնահանջ են իրավական ու ժողովրդավար պետության սկզբունքներից։ Նաեւ գործադիր իշխանության ղեկավարն ասուլիսում ակնհայտ կերպով հայտարարել է, որ այս կամ այն գործերով դատական համակարգում գտնվող վերահսկողություն է իրականացնում։ Ամենաթարմ օրինակը Հովիկ Աղազարյանի դեպքն է, երբ քննչական մարմնի գործողությունների արդյունքներն իշխող ուժերի ներկայացուցիչներին էին հասու դարձել։ Սրանք փաստացի օրինակներ են, որ բնավ մեր պետությունում իրավունքն այնքան չի զարգացել, որ նոր Սահմանադրություն ընդունվի։ Կրկին հանգում ենք նրան, որ երբ ասում են՝ զարգացման արդյունքում մարտահրավերներն այնպիսին են, որ նոր Սահմանադրություն է անհրաժեշտ, երբ նման պնդում են իշխանություններն անում, իրենք  կարող են մեզ մի տասը հայեցակարգ տրամադրել, որպեսզի նայենք ու մասնագիտական հարթությունում քննարկենք։ Այս իշխանությունը մեզ որեւէ անգամ թղթին հանձնված մեկ փոփոխության օրինակ չի տվել։ Իսկ Վենետիկի հանձնաժողովն իր բազմաթիվ որոշումներում, եզրակացություններում կարմիր թելով անցկացնում է պետություններում սահմանադրական փոփոխությունների, նոր սահմանադրությունների ընդունման գործընթացի համատեքստում թափանցիկ գործունեության եւ ներառականության սկզբունքը։ Դա ենթադրում է, որ ցանկացած սահմանադրական փոփոխության գործընթացում պետք է իշխանության հետ աշխատանքներում ընդգրկված լինեն երկրում գործող բոլոր քաղաքական, ընդդիմադիր ուժերը, հանրային գործիչները, մասնագիտական ու գիտական համայնքները։ Կրկին գալիս ենք այն իրականությանը, որ մեր երկրում որեւէ կերպ ներառականության մասին անգամ խոսք լինել չի կարող։ Ընդգծում եմ՝ իրենք վեց տարվա սահմանադրական փոփոխության օրակարգի համատեքստում անգամ ձախողել են մեզ մի հայեցակարգ ներկայացնել. ո՞նց կարելի է այսպիսի իշխանությունից ակնկալել որակյալ նոր Սահմանադրություն՝ հատկապես, որ իրենք այսպիսի վտանգավոր օրակարգ են առաջ բերում, թիրախում ունեն Անկախության հռչակագրից հրաժարում, որի հիմնական պատճառը բացատրված ու պատճառաբանված է թշնամու պահանջատիրությամբ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.04.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930