Սահմանադրական դատարան մուտքագրված անհատական դիմումում դիմողը հայտնել էր, որ ՀՀ վարչական օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասը՝ Վերաքննիչ վարչական դատարանին օժտել է չարդարացված լայն հայեցողական լիազորությամբ, այն է՝ ինքնուրույն որոշել՝ բողոքը քննել դրա հիմքերի եւ հիմնավորումների սահմաններում, թե՞ դուրս գալ դրանց սահմաններից, ինքնուրույն լրացնել վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումներն ու փաստերը եւ կայացնել դատական ակտ վերաքննիչ բողոքում չվիճարկված հիմքով կամ փաստով:
Կարեն Սարգսյանը (ներկայացուցիչ՝ փաստաբան Հայկ Սարգսյան), դիմելով ապրիլի 4-ին Սահմանադրական դատարան, խնդրել է հետեւյալը. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասը, այնքանով, որքանով հնարավորություն է տալիս ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին դուրս գալ վերաքննիչ բողոքի հիմքերի եւ հիմնավորումների սահմաններից, ինքնուրույն լրացնել վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումներն ու փաստերը եւ կայացնել դատական ակտ վերաքննիչ բողոքում չվիճարկված հիմքով կամ փաստով, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 29-րդ, 61-րդ եւ 63-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր: Վերաքննիչ վարչական դատարանն էլ օգտվելով օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասով ընձեռված հնարավորությունից, ոչ միայն դուրս է եկել վերաքննիչ բողոքի սահմաններից եւ կայացրել է դատական ակտ՝ վերաքննիչ բողոքում չվիճարկված հիմքերով ու փաստերով, այլեւ նույնիսկ այդ հիմքերն ու փաստերը դատական նիստում քննության առարկա չի դարձրել՝ հայցվորին զրկելով դրանց վերաբերյալ դիրքորոշում, առաջարկներ, առարկություններ ու փաստարկներ ներկայացնելու իրավունքից եւ հնարավորությունից։
Դատական տեղեկատվական համակարգից երեկ տեղեկացանք, որ Կարեն Սարգսյանի կողմից դեռեւս 2021 թ. օգոստոսի 12-ին հայցադիմում է ներկայացվել դատարան ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի՝ հայցվոր Սարգսյանին ընդունված համարվող բարենպաստ վարչական ակտը, այն է՝ Երեւանի Մինսկի փողոցի հարակից տարածքում կառուցված շինությունն ու կից հողամասը օրինականացնելու վերաբերյալ փաստաթղթերը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Սակայն որեւէ պատասխան չի ստացել: Առաջին ատյանի դատարանը պարտավորեցրել էր քաղաքապետարանին, տրամադրել փաստաթղթերը, իսկ պատասխանող Երեւանի քաղաքապետարանի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարել մասնակիորեն`ամբողջությամբ բեկանել թիվ ՎԴ/8944/05/21 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 18.07.2022 թվականին կայացրած վճիռը` սույն վարչական գործն ուղարկելով ՀՀ վարչական դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:
Կարդացեք նաև
Վճռաբեկ դատարանն արձանագրել էր, որ բողոք բերած անձը որպես մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտման առերեւույթ առկայության հիմնավորում վկայակոչել է հետեւյալը. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 30-րդ հոդվածի 4-րդ մասը, 144-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Սահմանադրական դատարանի դատական կազմը երեկ մերժել է անհատական դիմումի քննությունը, ու հերթական անգամ ստացվեց այնպես, որ քաղաքացին նոր դատավարական խնդիրների առաջ կանգնեց:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.04.2025