«Պարոն Մկրտչյան, ունենք ձերբակալություններ, լավ առիթ է արձանագրել, որ կոռուպցիոն դրսեւորումները մեզ համար անընդունելի են: Եվ այս մակարդակում ինչքան պետք է այս գործողությունները տեղի ունենան, որպեսզի, ընդհանուր առմամբ, մենք այս խաղի կանոնները հասկանանք»,- Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին դիմեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով այդ վարչական շրջանի աշխատակիցների ձերբակալությանը:
«Պետք է ցավով նշեմ, որ տարածվեցին լուսանկարներ, որոնք կարող էին ապակողմնորոշել հանրությանը, տպավորությունն այնպիսին էր, որ կարծես ինձ են ձերբակալել: Իմ եւ ԱԱԾ ծառայողի լուսանկարները կամ նյութերը այնպիսի դասավորություն ունեին, որ պիտի ապակողմնորոշեին մեր հանրությանը, իսկ դեպքի մասով նշեմ, որ դեպքը տեղի չի ունեցել վարչական շենքում եւ իմ ներկայությամբ…
Եթե չեմ սխալվում, այս պահին մեր աշխատակիցներից մեկ հոգի տնային կալանքի մեջ է, նախաքննությունը շարունակվում է, որեւէ այլ բան չեմ կարող ասել, կարող եմ փաստել եւ վերահաստատել մեր դիրքորոշումը, որ համայնքային, պետական բյուջեից մեկ լումա անգամ գողանալը, մեղմ ասած սրիկայություն է»,-ասաց Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:
Տիգրան Ավինյանը նշեց, որ գայթակղությունը հաճախ այնքան մեծ է լինում, որ պետք է համակարգային լուծումներ գտնել, իսկ Ռազմիկ Մկրտչյանն էլ ի պատասխան հավելեց. «Համակարգն այնպիսին է, որ արկածախնդրություն է նման քայլի գնալը, հատկապես որ Շենգավիթ վարչական շրջանում ամիսը մեկ անգամ ֆիլտրացիա ենք անում»:
Կարդացեք նաև
Մանրամասն տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ