Լրահոս
Օրվա լրահոսը

«Մասնագիտական երկնային պարգև է` զատկական տոնի ժամանակ Հայաստանի նման ամենահին քրիստոնեական աշխարհում հնչեցնել երաժշտական աշխարհի քրիստոնեական թեմայով ստեղծված մեծագույն ստեղծագործություններից մեկը». Անդրեա Մարչիոլ

Ապրիլ 21,2025 16:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իտալացի դիրիժոր Անդրեա Մարչիոլը նախօրեին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի (կոնցերտմայստեր` Գայանե Աբրահամյան), երգչախմբի (գլխավոր խմբավար` Նարինե Ոսկանյան) և մեներգիչների (սոպրանո Սիլվա Պետրոսյան, մեցցո սոպրանո-ալտո Արփի Սինանյան, տենոր Ռոման Խնկոյան, բաս Աշոտ Ղանթարջյան) կատարմամբ, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին նվիրված Հենդելի «Մեսիա» օրատորիայի ղեկավարումից հետո, մեզ հետ զրույցում, նախ հնչեցրեց շնորհավորական խոսքեր տոնի առիթով:

Նարինե Ոսկանյան

Սիլվա Պետրոսյան

 

Արփի Սինանյան

Ռոման Խնկոյան

Աշոտ Ղանթարջյան

Ապա հայտնեց հետևյալը. «Սուրբ Զատիկը, Հիսուս Քրիստոսի Հարության տոնը մեծագույն տոն է ոչ միայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու համար, այլ այն ամենամեծ տոնն է քրիստոնեական աշխարհի հարանվանական բոլոր եկեղեցիների համար, ինչպես նաև մեր` կաթոլիկ եկեղեցու համար, որի ներկայացուցիչն եմ ես: Մասնագիտական երկնային պարգև է` զատկական տոնի ժամանակ Հայաստանի նման ամենահին քրիստոնեական աշխարհում հնչեցնել երաժշտական աշխարհի քրիստոնեական թեմայով ստեղծված մեծագույն ստեղծագործություններից մեկը` Հենդելի հանճարեղ «Մեսիա» օրատորիան: Իսկապես, սա մասնագիտական երջանկություն է ինձ համար: Ես տպավորված եմ Հայաստանով, Երևանով, օպերային թատրոնի տաղանդավոր անձնակազմով»:

Դիտարկմանը, թե Հենդելն այս օրատորիան պատգամել է կատարել առանց ընդմիջումների, մինչդեռ աշխարհը կարծես չի պահպանում այն, մաեստրոն պատասխանեց. «Ամբողջ, երեք ժամանոց այս ստեղծագործությունը կոմպոզիտորը գրել է 24 օրում, աշխատելով հատկապես «Ալելուիա» հատվածի վրա, չափազանց հուզվել է, ավելի ուշ հավաստիացնելով, թե այդ ընթացքում աչքին հրեշտակների տեսիլքներ են երևացել: Ինչ վերաբերում է «Մեսիայի»` առանց ընդմիջումների կատարմանը, մինչ Երևան ժամանելս, շուրջ երկու ամիս օնլայն շփվել եմ խմբավար Նարինե Ոսկանյանի հետ, առանց չափազանցության` փորձել ենք առաջնորդվել ստեղծագործության տրամաբանությամբ, բովանդակությամբ, որպեսզի ընդմիջումը չանդրադառնա երկի բովանդակության ամբողջական ընկալմանը»:

Անդրեա Մարչիոլ

Ռեպլիկին, մեծ հավատքի տեր էր Հենդելը, մեր զրուցակիցն ասաց. «Մենք չգիտենք՝ Հենդելը կրոնասե՞ր էր, թե՞ ոչ: Նրա անձնական կյանքի մասին զարմանալի է, բայց ոչինչ չի հասել մեզ: Զարմանալի է, քանի որ իր կյանքի ընթացքում նա հանդիսացել է Անգլիայի ամենահայտնի մարդկանցից մեկը: Միայն մի բան հաստատ գիտենք, որ նրան խորապես հուզել է կոմպոզիցիոն գործընթացը»:

Բարոկո հնագույն երաժշտության և ընդհանրապես` անցած դարերի հոգևոր երաժշտության գիտակ (այսպես է արևմտյան մամուլը ներկայացնում աշխարհի բոլոր մայրցամաքներում հաջողությամբ հանդես եկող երգեհոնահար, կլավեսինահար, դիրիժոր, վոկալ մարզիչ, վերջին տարիներին էլ` Թուրինի Վերդիի կոնսերվատորիայի հնագույն երաժշտության պատմության դասախոս Մարչիոլին) մեր զրուցակցին խնդրեցինք պարզաբանել, ի վերջո, Հենդելն ինչո՞ւ է անդրադարձել ոչ թե Նոր, այլ Հին Կտակարանի տեքստերին, մաեստրոն ասաց. «Գիտեք, որ «Մեսիան» պատմում է Հիսուսի մասին` ծնունդից մինչև մահ, մինչև Հարություն և դրանից հետո: Գրեթե բոլոր տեքստերը վերցված են Հին Կտակարանից, այլ ոչ թե Նորից: Սա էլ մի հնարք է կարծես, պատմել Հիսուսի կյանքը` օգտագործելով տեքստերը, որոնք գրվել են նրա կյանքից շատ առաջ: Հին Կտակարանի տեքստերի ընտրության պատճառն այն է, որ դրանք կազմող տղան` կոմպոզիտորի վաղեմի բարեկամ Չարլզը, օգտագործել է «Մեսիան»` պայքար մղելու ժամանակի կրոնական աղանդի դեմ, որի ներկայացուցիչները` դեիստները հերքում էին Աստվածաշնչում մարգարեությունների իրականությունը: Չարլզը ցանկանում էր ապացուցել, որ Հիսուսի պատմությունն ամբողջությամբ նախապատկերված է Հին Կտակարանում»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում` Երևանում, Անդրեա Մարչիոլի ղեկավարությամբ Հենդելի «Մեսիան»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930