Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվա աշխարհում, որտեղ ամբողջ մարդկությունը աստիճանաբար հեռանում է Աստծուց, ձևականությունն ավելի շատ է, քան իրականությունը». Տեր Զաքարիա քահանա Ավետիսյան

Ապրիլ 21,2025 17:09

Նորք-Մարաշում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին Երևանի ամենախնամված եկեղեցիներից է։ Մշտապես կոկիկ, խնամքով մշակված այգի, սքանչելի խաչքարեր, մաքուր բակ, բակում՝ տարատեսակ գրքերով հարուստ գրադարան։ Խնդիրները լուծվում են այնպիսի արագությամբ ու հմտությամբ, ասես երբեք էլ չեն եղել։ Եվ այս ամենի մեջ անգնահատելի է եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանի ներդրումը, որը 2004 թվականից ի վեր՝ ջանք չի խնայում եկեղեցին տարեցտարի ավելի ու ավելի բարեկարգելու ու շենացնելու գործում։ 

Չնայած նրան, որ Տեր Զաքարիան, իրեն հատուկ համեստությամբ, երբեք չի խոսում իր արածների մասին, եկեղեցի այցելող հավատավոր ժողովուրդը կարող է փաստել, որ նրա ծառայությունը միայն բարիք, շենություն ու օրհնություն է բերել մեր եկեղեցուն։ Կիրակնօրյա պատարագին մարդկանց բազմությունը, ամռան երեկոներին եկեղեցու բակում վազվզող երեխաների աշխույժ խաղն ու ծիծաղը, ու խորանը մշտապես զարդարող թարմ, գեղեցիկ ծաղիկները իր ավանդի իրեղեն ապացույցն են։ 

Այս ամենն ապացույցն է նաև նրա, որ ոչ մի ղեկավարություն, ոչ մի աշխարհակարգ՝ սոցիալիզմից մինչև կապիտալիզմ, ԽՍՀՄ-ից մինչև մեր օրեր, չի կարող մղվել եկեղեցու դեմ պայքարի ու հաղթող դուրս գալ։ Չէ՞ որ նույնիսկ սովետական միության կրոնահալած քաղաքականության պայմաններում Սուրբ Մարիամ Աստվածածնի տոներին ավերակ եկեղեցի էին այցելում ուխտավորներ ինչպես Նորքից ու Երևանի տարբեր թաղամասերից, այնպես էլ Հայաստանի այլ շրջաններից: Այսօր չկան նախկինում հավերժական թվացող սովետական կարգերն ու օրենքները, իսկ եկեղեցին կանգուն է, ծաղկում է ու հաստատուն քայլերով գնում է առաջ։ Եվ ամեն տարի, ուխտավորներ ամբողջ Հայաստանից այցելում են Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի ու խնդրում Աստվածամոր բարեխոսությունը։

-Ե՞րբ և ինչպե՞ս հասկացաք, որ ցանկանում եք ընտրել հոգևոր ուղին։ Ո՞րն էր Ձեր առաջին «հանդիպումն» Աստծո հետ։

-Իմ հոգևոր ուղու սկիզբը կարելի է նկարագրել որպես ինքնաբուխ և բնական ընթացք՝ առանց նախապես որոշված ուղղորդման։ Դեռ մանկության տարիներից, երբ նույնիսկ դպրոց չէի հաճախում, գյուղական միջավայրի հետ ունեցած կապն արդեն ձևավորում էր իմ հոգևոր աշխարհը։ Գյուղ այցելելիս տատիկս մեզ տանում էր գյուղի սրբավայրերը՝ մատուռներ, եկեղեցիներ։ Նրա օրինակին հետևելով՝ մենք համբուրում էինք պատերն ու խաչքարերը, մոմեր վառում։ Այդ ժամանակաշրջանում՝ 70-ականների վերջ և 80-ականների սկիզբ, եկեղեցի գնալը վտանգավոր էր, իսկ գործող եկեղեցիներ կամ հոգևորականներ ունենալը՝ գրեթե անհնար։

Այդ տարիներին Աստծո մասին իմ պատկերացումները սահմանափակ էին։ Ընտանիքներում նման թեմաներով խոսելը վտանգավոր էր․ եթե երեխան դպրոցում սխալմամբ նշեր, որ իրենց տանը Աստվածաշունչ են կարդում, ընտանիքը կարող էր ծանր հետևանքների առաջ կանգնել։ Հետևաբար, հավատքը փոխանցվում էր լուռ օրինակներով՝ առանց խոսքերի։

Դպրոցն ավարտելուց հետո մտածում էի՝ ուսումս որտեղ շարունակել։ Մենք ունեինք հոգևորական բարեկամ, որի օրինակը նույնպես ազդեց ինձ վրա։ Բացի այդ, դպրոցական առարկաներից շատերը՝ քիմիա, հանրահաշիվ, երկրաչափություն, ինձ չէին գրավում․ դրանք սովորում էի միայն գնահատական ստանալու համար։ Երբ իմացա, որ ճեմարանի քննություններում այդ առարկաները չկան, ավելի մոտ զգացի ինձ այդ ուղուն։

Քննություններ հանձնեցի և ընդունվեցի ճեմարան։ Հենց այնտեղ էր, որ առաջին անգամ գիտակցաբար հանդիպեցի Աստծուն։ Մինչ այդ կարծես Նա ինձ առաջնորդում էր դեպի իրեն՝ հարթելով ճանապարհս։ Բայց ճեմարանում այդ հանդիպումը դարձավ իրական ու գիտակցված․ հենց այդ պահից սկսած ես ամբողջությամբ զգացի իմ կապն Աստծո հետ և ընտրեցի հոգևոր ուղին։

-Այսինքն՝ գիտելիքը, ամեն դեպքում, կարևո՞ր է, թե՞ առաջին հերթին հոգով պետք է հավատքը զգալ։ 

-Գիտելիքը անչափ կարևոր է։ Առանց դրա՝ առանց հասկանալու, առանց մտքով ընկալելու և հիմնավոր բազա ունենալու՝ դեպի Աստված գնալը կարող է լինել վտանգավոր։ Երբ մարդը չունի հոգևոր կրթություն, նա կարող է հեշտությամբ հայտնվել աղանդավորական շրջանակների մեջ կամ պարզապես մոլորվել հավատքի ճանապարհին։

Աստվածաշունչը՝ որքան էլ պարզ թվա առաջին հայացքից, այնքան էլ խոր ու բարդ է իր էությամբ։ Մեր մեծերը միշտ ասել են՝ Աստվածաշունչը, ինչպես Նարեկը, պետք է լինի մեր սեղանի գիրքը։ Դրանք այն գրքերից չեն, որ կարդում ես մի անգամ ու ասում՝ «իմացա, հասկացա, վերջ»։

Աստվածաշունչը և Նարեկը այն գրքերն են, որոնք ամեն անգամ նոր լույսով են բացվում։ Նույն միտքը, նույն տողը, մեկ այլ տրամադրությամբ կամ կյանքի մի ուրիշ փուլում կարդալով՝ բոլորովին այլ կերպ ես ընկալում։ Դա պարզ պատճառ ունի՝ դրանք սովորական գրքեր չեն։ Այդ խոսքերը Աստծո խոսքերն են։ Դրանք չեն գրվել մարդու սահմանափակ գիտակցությամբ։ Դրանք վեհ են, և այդ վեհությունը մեկ ընթերցմամբ չի բացվում։

-Կյանքում մասնագիտություն ընտրելիս, կողակից ընտրելիս, կամ առհասարակ որևէ որոշում կայացնելիս՝ ինչպե՞ս հասկանալ, որ ճիշտ ընտրություն ենք կատարում։ Ինչպե՞ս հասկանալ՝ ո՞րն է Աստծո կամքը մեզ համար։ 

-Եթե մենք որևէ մասնագիտություն ենք ընտրում, նախ պետք է հասկանալ՝ այդ մասնագիտությունը մե՞րն է, թե՞ ոչ, մենք կոչվա՞ծ ենք դրան, թե՞ ոչ։ Աստված ուզու՞մ է, որ դու այդ մասնագետը լինես, թե՞ ոչ։ Օրինակ՝ ես գնամ Բժշկական համալսարան, սովորեմ գերազանց առաջադիմությամբ, բայց իմ մեջ չլինի այդ բժշկական «ջիղը», կստացվի, որ ես ընդամենը սովորում եմ դիպլոմի համար կամ պարզապես ցույց տալու համար շատերին, որ ես բժշկականն եմ ավարտել, այն էլ՝ գերազանց։ Որոշ աղջիկներ այդ դիպլոմին են ձգտում միայն օժիտի համար, որ խնամիներն էլ հպարտանան ու ասեն «Տե՜ս, է՜, մեր հարսը բժշկականն է ավարտել», կամ իրավաբանականը, կամ որևէ այլ՝ հասարակության ընկալմամբ կարևոր մասնագիտություն ունի։ Արդյունքում շատերը դառնում են ձևականության զոհ։

Ցավոք սրտի, մեր կյանքում՝ հատկապես այսօրվա աշխարհում, որտեղ ամբողջ մարդկությունը աստիճանաբար հեռանում է Աստծուց, ձևականությունն ավելի շատ է, քան իրականությունը։ Մենք հաճախ փորձում ենք մեզ ցույց տալ այնպիսին, ինչպիսին չենք։ Սոց․ ցանցերում բոլորը հայրենասեր են, բոլորը առաջին գծում կռվողներ են, բայց իրականում պահում են միայն ֆեյսբուքյան «առաջնագիծը»։ Դրա համար էլ մենք այս վիճակում ենք։

Չեմ ցանկանում քաղաքականացնել, չնայած սա քաղաքականություն չէ, սա մեր խարանն է՝ ոչ միայն մեր ազգի, այլև ընդհանրապես մարդկության։ Մենք հաճախ, ռոմանտիզմին տրվելով, փորձում ենք վիրտուալ կյանքում ինչ-որ բաներ ցույց տալ, որոնք իրականում գոյություն չունեն։ Ինչպես կատուն հայելու առաջ կանգնած իրեն պատկերացնում է որպես առյուծ կամ վագր, բայց իրականում մնում է կատու։

-Հարցազրույցներից մեկում նշել եք, որ երբ ուսանող տարիներին ինչ-որ աղջիկ էիք նկարում, նա պարտադիր գանգրահեր էր ստացվում: Ու երբ տեսաք Ձեր կնոջը՝ Ձեզ թվաց՝ Ձեր նկարած գանգուր աղջիկն է: Տեր Զաքարիա, ի՞նչ եք կարծում, սա աստվածային նախախնամությո՞ւն էր։ Առհասարակ՝ ի՞նչ է սերը՝ զգացմու՞նք է, որոշո՞ւմ, էներգիայի ալի՞ք։ Ինչպե՞ս տարբերակել սերը սիրահարվածությունից, կախվածությունից և նման այլ զգացումներից ու զգացմունքներից։ 

-Ճիշտ եք։ Ճեմարանական տարիներին, երբ ազատ ժամանակ էի ունենում ու սկսում էի մի բան նկարել թղթի վրա՝ հաճախ ինչ-որ աղջկա դիմանկար, միշտ ստացվում էր գանգուր մազերով մի կերպար։ Գրիչս կամ մատիտս, մազերին հասնելիս, հրաժարվում էր գծել ուղիղ գծեր։

Եվ տարիներ անց, երբ հանդիպեցի կնոջս, աչքիս առաջ եկան այդ տարիների փոքրիկ գծանկարները։ Ես նկարիչ չեմ՝ երբեք չեմ էլ եղել։ Բայց երբ այդ պատկերը հայտնվեց իմ կյանքում, հասկացա՝ այն ժամանակվա այդ անկաշկանդ ու միամիտ նկարները մի նախանշան էին, մի փոքրիկ հուշում՝ ի վերուստ։ Աստվածային նախախնամություն, կարելի է ասել։ Եվ նման հուշումներ Աստված մեզ տալիս է ոչ միայն սիրո, այլև մի շարք այլ հարցերում, որպեսզի կարողանանք ճիշտ ընթանալ կյանքում։

Սիրո և սիրահարվածության մեջ կա մեծ տարբերություն։ Մենք հաճախ սիրահարվում ենք մեկին՝ նույնիսկ խոր զգացողությամբ, բայց դա դեռ սեր չէ։ Սիրահարվածությունը կարող է լինել տարվածություն՝ ինչ-որ մեկով կամ ինչ-որ գաղափարով։ Երբեմն՝ ինքնախաբեություն։ Մենք փորձում ենք ինքներս մեզ համոզել, որ սիրում ենք, բայց իրականում ուղղակի սիրահարված ենք։ Այդ սիրահարվածությունը շատ նման է խառնաշփոթի։ Հետաքրքիր, խորիմաստ բառ են մտածել մեր հայրերը՝ «սիրահարվել»․ դրանում և՛ հարել՝ խառնել իմաստը կա, և՛ հարվածը։ Ասում են՝ մարդը «սիրահարված» է, որովհետև բառացիորեն «հարված» է ստացել սիրուց, խառնվել է, շփոթվել է ու կորցրել ինքնատիրապետումը։

Սերը պիտի լինի փոխադարձ և ապացուցվի գործով, կյանքով։ Եթե մեկը պարզապես ասում է՝ «ես սիրում եմ քեզ, հպարտանում եմ քեզանով», բայց կյանքում արարքներով դա չի ապացուցվում՝ դա սեր չէ։ Սերը կյանք է՝ կյանքով ապրված, կյանքով հիմնավորված։

Ահա այստեղ է տարբերությունը։ Եվ մենք պետք է կարողանանք տարբերել այդ երկուսը։ Ավելի լավ է սիրենք, քան սիրահարվենք։

Եվ ի՞նչ է սերը՝ զգացմունք, թե՞ որոշում։ Կարծում եմ՝ երկուսն էլ։ Սերը սկսվում է զգացմունքից, բայց հետո այն դառնում է որոշում՝ այդ զգացմունքի հիմքի վրա կառուցված։ Սերը՝ աստվածային շունչն է մարդու ներսում։ Որովհետև ի վերջո՝ այս աշխարհը, այս երկիրը, մարդկային գոյությունը ստեղծվեցին սիրո՛ արդյունքում և սիրո՛ միջոցով։ Եվ Քրիստոս աշխարհ եկավ, Իրեն զոհեց հանուն այդ սիրո՝ այն մեծ սիրո, որ ուներ Իր ստեղծած մարդու նկատմամբ։ Որպեսզի մարդը չկործանվի, այլ փրկության ուղի գտնի։ Որպեսզի մարդը ապրի, իր սրտում պահի սերը և դրանո՛վ ապրի։

Ինչպես Աստվածաշնչում է ասվում՝ «Արդ, մնում են այս երեքը` հավատ, հույս, սեր, և սրանցից մեծագույնը սերն է»։ Եթե սեր չլինի, հավատք էլ չի լինի։ Եթե սեր չլինի, հույս էլ չի լինի։ Եթե մեկին չսիրեմ՝ ինչպե՞ս կարող եմ նրան հավատալ կամ հույս դնել նրա վրա։

Աստծուն, իհարկե, սիրել ու վստահել պարտավոր ենք բոլորս, և Նա միակն է, ով երբեք չի հիասթափեցնի։ Մարդկային հարաբերություններում էլ առանց սիրո վստահությունը փխրուն է։ Ուստի՝ սիրե՛նք։ Եվ սիրենք այնպես, որ այդ սերը վերածվի որոշման՝ ապրել ու կյանքով վկայել այն։

-Այսօր, թվում է՝ մարդիկ շատ ավելի հաճախ են սիրով ամուսնանում, քան անցյալում։ Բայց տարօրինակ է, որ բաժանումները նույնպես ավելացել են։ Ինչո՞ւ։ Ի՞նչն է պատճառը։ 

-Երբ նայում ես այս երևույթին հոգևոր տեսանկյունից, պարզ է դառնում, թե ինչու․ ամեն ինչ բխում է Աստծո ներկայությունից կամ Նրա բացակայությունից մեր կյանքում։ Եթե Աստված մեր մեջ է, եթե Նա է ապրում մեր ներսում, ապա մեր ընտրություններն էլ ավելի կայուն են, մաքուր և ճշմարիտ։ Իսկ եթե Աստված բացակայում է մեր սրտից, ապա ընտրությունն էլ հիմնված է լինում անցողիկ զգացումների, հույզերի, նույնիսկ՝ շահի վրա։

Այսօր շատերն ամուսնանում են սիրահարվածությունից դրդված։ Բայց դա դեռ սեր չէ։ Երբ սիրահարվածությունը չի խորանում ու հասնում սիրո, երբ այն չի ամրապնդվում Աստծո ներկայությամբ, այն կարող է մարել։ Ահա թե որտեղից է ծնվում բաժանումը։

Բացի այդ, ցավոք, կան ամուսնություններ, որոնք սկզբից էլ եղել են հաշվարկի վրա։ Ոմանք ամուսնանում են, որովհետև դա կարող է նյութական օգուտի բերել՝ տուն, մեքենա, կայուն կյանք։ Ոմանք էլ մտածում են՝ «լավ, հիմա այնքան էլ չեմ սիրում, բայց ընթացքում կսովորեմ սիրել» կամ «փորձենք, գուցե ընթացքում սիրի ինձ»։ Բայց ամուսնությունը փորձ չէ։ Այն փորձադաշտ չէ՝ զգացմունքների կամ շահի համար։ Եթե շենքի հիմքը սխալ է դրված, որքան էլ վերնահարկը գեղեցիկ լինի կամ լավ նյութերով պատրաստված լինի, շենքը փլվելու է։

Ամեն ինչի հիմքը սերն է։ Ոչ թե հույզը, այլ իսկական սերը, որը ընտրություն է, նվիրում է, և ամեն օր նորից ու նորից կայացվող որոշում՝ սիրել։ Եթե սեր չկա, մնացած ամեն բան՝ անիմաստ է։ Եթե սեր չկա, խորհուրդս մեկն է՝ մի՛ գնացեք այդ քայլին։ Ամեն ինչ արեք սիրով։

Եվ մեր լավագույն օրինակը հենց Աստված է։ Նա սիրեց մեզ առանց պայմանների։ Եթե չսերեր՝ կարող էր մատի մեկ շարժումով վերացնել այս աշխարհը։ Բայց չարեց, որովհետև սիրում էր։ Եվ հենց այդ սիրո օրինակը պիտի կրենք մենք մեր ներսում։ Ոչ թե որպես խորհրդանիշ, այլ որպես վարք, որպես ընտրություն, որպես հավատքի արտահայտություն։

Եվ միայն այդ ժամանակ կկայանա ամուսնությունը։ Եվ միայն այդ ժամանակ սերը կդառնա ճշմարիտ կյանք։

-Հաճախ ենք լսում, որ դրախտը մարդու ներսում է։ Ինչպե՞ս կարելի է ներքուստ հասնել այդ դրախտային վիճակին։ Դրա բանալին աղո՞թքն է, բարի գո՞րծը, թե՞ որևէ այլ բան։

-Շատ ժամանակ՝ հատկապես պատանեկության կամ հոգևոր հասունացման ավելի վաղ փուլում, երբ խոսում էինք դրախտի ու դժոխքի մասին, մեր պատկերացումները մի քիչ հեքիաթային էին։ Դրախտը պատկերացնում էինք լույսերով լի մի վայր՝ փափուկ ամպերի վրա նստած հրեշտակներով, գեղեցկությամբ ու խաղաղությամբ։ Իսկ դժոխքը՝ մութ, սարսափելի վայր, որտեղ կրակն անվերջ վառվում է, սատանաները կանգնած են պոչերով, պոզերով, աղեղներով… Այդ պատկերներն իրենք իրենցով վնաս չեն, նրանք օգնում են մեզ վիզուալիզացնել չարի ու բարու հակադրությունը։ Բայց իրականությունը, հատկապես հոգևոր իրականությունը, շատ ավելի մոտ է մեզ, քան թվում է։

Ինչպես մեր նախնիներն էին ասում՝ «դրախտն էլ, դժոխքն էլ մեր մեջ են»։ Մեր ներսում է ընթացող պայքարը, մեր ներսում են սերմանվում երկուսն էլ՝ կախված նրանից, թե ինչն ենք ընտրում պահել, աճեցնել, սնուցել։

Եթե մեր սրտում խաղաղություն կա, եթե մեր սրտում սեր կա՝ ուրեմն մեր ներսում իսկական դրախտ է։ Եվ այդ դրախտը տարածվում է նաև դեպի դուրս՝ մեր խոսքի, մեր վարքի, մեր ընտրությունների միջոցով։ Իսկ եթե մեր ներսում մռայլ է, եթե մեր ներսում ատելություն կա, նախանձ, չարություն, չարախնդություն՝ ապա այդ դժոխքն է, որն ապրում է մեր սրտում։ Եվ այդ դժոխքը մեզ ոչ միայն ներսից է այրում, այլ սկսում է թափվել դեպի դուրս՝ ուրիշներին վնասելու ցանկությամբ, մեղավորներ փնտրելով, ուրիշի լույսը մարելու մղումով։

Դժոխքն այն է, երբ մարդը վառվում է ներսից, բայց ոչ մաքրագործող կրակով, այլ նախանձի, խանդի, չարության լավայով։ Այդ կրակը ոչ թե հալեցնում է սիրտը, այլ ածխացնում։ Եվ այդտեղ է, որ չարի ազդեցությունը ուժեղանում է՝ սնվելով մեր սրտում եղած սև մրով։

Սակայն կա լավ նորություն. մեր սիրտը կարող է մաքրվել։ Դրախտը կրկին կարող է բնակվել այնտեղ, եթե թույլ տանք Աստծուն մուտք գործել մեր կյանք։ Դրախտն ու դժոխքը՝ ի վերջո, մեր ընտրության արդյունքն են։ Ոչ թե տեղանքներ են, այլ վիճակներ։ Ու մենք ենք որոշում՝ ապրել ներսից լուսավորվա՞ծ, թե՞ ներսից այրվող սրտով։

-Շարունակելով նախորդ հարցի տրամաբանությունը՝ մարդ կարո՞ղ է միշտ երջանիկ զգալ իրեն, միշտ լինել երանության հոգեվիճակում։ Թե՞ երջանկությունը ենթադրում է պահեր, ակնթարթներ, որպեսզի ավելի շատ գնահատենք դրանք, երբ ունենք։ 

-«Ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է»։ Քրիստոսն այս խոսքն է մեզ թողել՝ որպես հավատի խոր իմաստ ու կյանքի ուղեցույց։ Եթե հավատում ենք՝ կարող ենք: Երբ քայլում ենք Աստծո հետ՝ Նրա ձեռքը բռնած կամ թեկուզ փեշերից կախված, մեր ներսում խաղաղություն է լինում։ Ես միշտ ասում եմ՝ մարդը պարտավոր է Աստծո փեշերից կախված մնալ։ Եթե չենք կարողանում հասնել Նրա ձեռքին, որն ավելի բարձր է, գոնե պետք է Նրա փեշերից կախված մնանք։ Որովհետև հենց այդ կախվածությունը, այդ կապն է ապահովում մեր հոգու անդորրը։

Ավելի մոտ լինելով Աստծուն՝ մենք ավելի խաղաղ ենք լինում։ Եվ որքան մեր ներսում սերը գերիշխի, այնքան խավարը կնահանջի։ Մտածեք՝ երբ մտնում ենք մութ սենյակ, մենք չենք երևում։ Երբ մտնում ենք ջրի մեջ՝ թրջվում ենք, դուրս ենք գալիս արևի տակ՝ չորանում ենք, տաքանում։ Այդպես էլ կյանքում է։ Երբ մեր կյանքում սերն է լինում՝ լուսավորվում ենք, երբ բացակայում է՝ խավարը պատում է մեզ։

Կյանքը մեկ ուղի է, որը կախված է մեր ընտրությունից, թե դեպի որ կողմ կգնանք։ Աջ կողմում անձրև է, փոթորիկներ, ջրափոսեր, կայծակներ։ Ձախ կողմում՝ արև, մարգագետիններ, տաքություն, հանգստություն։ Եթե գնում ենք դեպի աջ՝ մրսում ենք, թրջվում, տառապում։ Բայց երբ վերադառնում ենք դեպի արևը՝ վերականգնվում ենք։ Սկսում ենք չորանալ, տաքանալ, նույնիսկ հոգեբանական ճնշումներից ենք ազատվում։

Այս ամենը խոսում է մեկ պարզ ճշմարտության մասին՝ մենք ենք ընտրողը։ Աստված ստեղծեց մարդուն ազատ կամքով, շնորհեց բանականություն՝ ընտրելու բարին ու չարը։ Դա է մարդուն կենդանական աշխարհից տարբերակողը։ Կենդանին մեղավոր չէ, որ գիշատիչ է. նա այդպիսին է ստեղծվել, նա գործում է բնազդով՝ արթնանում է, որսում, քնում։ Բայց մարդն ունի պատասխանատվություն իր քայլերի համար։ Քանի որ նրան տրված է ազատ կամք, տարբերելու կարողություն՝ նա է որոշում, թե ինչ ուղի ընտրի։ Եվ այդ ուղին կամ դեպի լույսն է տանում, կամ դեպի խավարը։

-Ամենահաճախ տրվող հարցերից մեկը, որ մարդը տալիս է ինքն իրեն, այն է, թե, ո՞րն է կյանքի իմաստը։ Մեկն այդ իմաստը գտնում է ինչ-որ մրցանակի, մյուսը՝ մի բաժակ տաք թեյի, մեկ ուրիշը՝ իր երեխայի աչքերում։ Արդյո՞ք կյանքի իմաստն իսկապես սուբյեկտիվ է, թե՞ կա մի համընդհանուր՝ Աստծո կողմից բոլորիս տրված իմաստ՝ օրինակ՝ փորձությունների միջով անցնելով չչարանալը, բարիք գործելը կամ մեկ այլ բան։ 

-Նայե՛ք, այստեղ թվարկեցինք մարդու երջանկության որոշ տեսակներ, չէ՞․ ընտանիք, երեխաներ, հաջողություն, Օսկար, կոչումներ… այս ամենի մեջ կա ձգտում, կա երազանք։ Իսկ եթե վերցնենք ընդհանուր պատկերը՝ կտեսնենք, որ ամեն ինչի մեջ Աստծո կամքը միանշանակ առկա է, և մարդը առավելապես երջանիկ է, երբ ապրում է այն երջանկությունը, որն Աստծուց է տրված։ Գուցե հենց դրանում է ամբողջ իմաստը։

Հետևաբար, պետք է վերադառնանք նախորդ հարցին. եթե մենք քայլում ենք Աստծո հետ, ուրեմն երջանիկ ենք ամեն ինչում։ Այդ պարագայում կարող ենք ունենալ և՛ առաջընթաց, և՛ լավ ընտանիք, անգամ Օսկար, կոչումներ և այլ նվաճումներ։

Եվ եթե այդ ամենը Աստծո հետ քայլելու ճանապարհին է ձեռք բերվում, ապա ցավալի սայթաքումներ պարզապես չեն լինի։

-Ո՞րն է եղել լավագույն խորհուրդը, որ ստացել եք Ձեր կյանքի ընթացքում։ Եվ ո՞րն է այն խորհուրդը, որը տալիս եք Ձեր երեխաներին։ 

-Մարդկային կյանքում խորհուրդները միշտ կարևոր դեր են խաղում։ Մենք բոլորս, հատկապես վաղ տարիքից, մշտապես խորհուրդներ ենք ստանում՝ մեծերից, ուսուցիչներից, ծնողներից կամ ընկերներից։ Այդ խորհուրդները հաճախ այնքան շատ են լինում, որ մարդը կարող է խճճվել դրանց մեջ կամ պարզապես մոռանալ դրանք։ Սակայն երբեմն լինում են խորհուրդներ, որոնք այնքան ազդեցիկ են, որ դառնում են ուղենիշ ողջ կյանքի համար։

Մի դասախոսից լսած խորհուրդը, որը ինձ մշտապես ուղեկցել է, հետևյալն էր՝ «Մի քիչ մարդ եղեք»։ Այս խոսքերը նա ասում էր այն ժամանակ, երբ մենք՝ ուսանողներս, դասերը չէինք սովորում կամ անտեղի աշխուժություն էինք ցուցաբերում։ Դասախոսը չէր սիրում բարկանալ, բայց երբեմն խոժոռվում էր և այս պարզ խոսքերով մեզ հիշեցնում մարդկային էության կարևորությունը։ Նրա ասածի խորությունը տարիների ընթացքում ավելի ու ավելի եմ հասկացել. որքան ավելի մարդ լինենք, այնքան ավելի լավ կլինի մեզ համար։

Այս խորհուրդը ես փոխանցել եմ նաև իմ երեխաներին՝ «Մարդ կոչմանը ծառայեք և արժանացե՛ք մարդ կոչմանը»։

Կյանքում ինչքան էլ տիտղոսներ կամ պաշտոններ ունենանք, եթե մարդ չլինենք, դրանք արժեք չեն ունենա։ Մարդկային էությունը և սերը ամենակարևորն են։ Քրիստոսը մարդկային կերպարանք ստացավ և ապրեց երկրային կյանք՝ առանց իշխանություն բանեցնելու կամ իր աստվածային զորությունը ցուցադրելու։ Նա աշխարհը գրավեց սիրով՝ առանց զենքի կամ պատերազմի։ Նապոլեոնը մի անգամ արտահայտվել է այս մասին՝ նշելով, որ ինքը մեծ զորքով փորձեց գրավել աշխարհը՝ պատերազմներով ու կոտորածներով, բայց Քրիստոսը սիրո՛վ գրավեց ամբողջ աշխարհը։

Այսպիսով, եթե ուզում ենք հաջողություններ ունենալ և առաջ գնալ կյանքում, պետք է սիրո միջոցով առաջնորդվենք։ Սերը մեզ դարձնում է ավելի լավ մարդիկ՝ ազատ նախանձից, կասկածամտությունից և կործանարար սովորություններից։ Մարդկային էությունն ու սերը մեր կյանքի հիմքն են, և որքան ավելի շատ սեր ունենանք մեր մեջ, այնքան ավելի առաջ կգնանք։

Այս խորհուրդը ինձ համար դարձել է կյանքի կարևոր ուղեցույց՝ հիշեցնելով, որ մարդկային արժեքները գերակա են բոլոր նյութական ձեռքբերումների նկատմամբ։

 

Միլենա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930