Պաշտպանը համոզված է, որ Տիգրան Խաչատրյանն անմեղ է, երդվյալ ատենակալները կարդարացնեն նրան
Ավելի քան 8 ամիս է, ինչ ՀՀ քաղաքացի, գործարար Տիգրան Խաչատրյանը գտնվում է ՌԴ–ում կալանքի տակ՝ առանց որևէ ապացույցի: Թիվ 12402450016000096 քրեական գործով Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել իր դստեր՝ Մարինա Խաչատրյանի նախկին ամուսնու՝ Գարեգին Մուրադյանի և նրա հոր՝ Արամ Մուրադյանի սպանությունը նախապատրաստելու մեջ:
Գործի փաստերը
2024թ. հուլիսի 3-ին Տիգրան Խաչատրյանը ժամանել է Մոսկվա և հանգրվանել քաղաքի հյուրանոցներից մեկում: Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները բերման են ենթարկել նրան և նույն օրը ձերբակալել:
Կարդացեք նաև
Գործի քննության ընթացքում բացահայտվել են մի շարք էական հակասություններ:
Ապացույցների բացակայություն. Քրեական գործն ամբողջությամբ հիմնված է երկու «գաղտնի» վկաների ցուցմունքների վրա, որոնց ինքնությունը հայտնի է Խաչատրյանների ընտանիքին: Ավելի քան 8 ամիս տևող կալանքի ընթացքում ՌԴ քննիչը Տիգրան Խաչատրյանին, նրա պաշտպաններին և կալանքը սահմանող դատարանին չի ներկայացրել ոչ մի ձայնագրություն, տեսանյութ կամ այլ օբյեկտիվ ապացույց:
Տրամաբանական անհամապատասխանություններ. Ըստ քրեական գործի՝ Տիգրան Խաչատրյանն իբր Երևանում հանցավոր դիտավորություն է ունեցել և այդ նպատակով ներգրավել մեկ այլ անձի: Սակայն, ինչպես փաստում է Մարինա Խաչատրյանը, նա նախկին ամուսնու հետ բաժանվել է 10 տարի առաջ, այդ ընթացքում որևէ շփում չի ունեցել, և չի եղել որևէ կոնֆլիկտ, որը կարող էր դրդապատճառ հանդիսանալ:
Արտառոց ընթացակարգային որոշումներ. Գաղտնի վկան, ենթադրաբար ստանալով սպանության պատվերը Երևանում, փոխանակ դիմեր ՀՀ իրավապահներին, մեկնել է ՌԴ և այնտեղ հաղորդում տվել: Բացի այդ, ըստ մեղադրանքի, 2023թ. դեկտեմբերից մինչև 2024թ. հուլիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Տիգրան Խաչատրյանի նկատմամբ իրականացվել են օպերատիվ միջոցառումներ, բայց այս ընթացքում չեն հավաքվել որևէ օբյեկտիվ ապացույցներ:
Անօրինական նույնականացում և ընթացակարգային խախտումներ
Մոսկվայի փաստաբանական պալատի անդամ Վլադիմիր Սարուխանովի խոսքով, գործի քննության ամբողջ ընթացքը լի է եղել խախտումներով: Հատկապես մեծ խախտումներով է իրականացվել նույնականացման գործընթացը:
«ՌԴ օրենսդրության համաձայն՝ նույնականացումը պետք է տեղի ունենա այնպիսի պայմաններում, երբ ստատիստները, որոնց միջև պետք է նույնականացում կատարվի, պետք է Տիգրան Խաչատրյանին նման լինեն», – նշում է փաստաբանը: Մինչդեռ, ինչպես երևում է տեսաձայնագրությունից, ստատիստներից մեկը սլավոնական արտաքինով անձ է եղել, իսկ մյուսն ընդամենը պատահական անցորդ:
Բացի այդ, ՌԴ-ում նույնականացումը կիրառվում է այն դեպքերում, երբ վկան ինչ-որ բանում վստահ չէ, մինչդեռ գաղտնի վկան պնդել է, թե ճանաչում է Տիգրան Խաչատրյանին 2014 թվականից: «Եթե այդքան երկար ժամանակ ճանաչում ես մարդուն, ապա ինչու է անհրաժեշտ նույնականացում», – հարցադրում է անում փաստաբանը:
Ընթացակարգային լուրջ խախտում է հանդիսացել նաև այն, որ նույնականացման ժամանակ ընթերականները եղել են ոստիկանության աշխատակիցներ կամ քննչական մարմինների այլ ներկայացուցիչներ:
Ուղղակի սպառնալիքներ իրավապահ մարմինների կողմից
«Երբ հորս տարել են կալանավայր, երկու օպերատիվ աշխատակիցներ մտել են նրա խուց և ուղիղ սպառնացել են՝ «Կնստես քսան տարի, կգնաս Ուրալ կամ Սիբիր, ու քո հետքը էլ չեն գտնի»: Սա բացահայտ ճնշում և սպառնալիք է եղել իրավապահ մարմինների կողմից՝ շորթման գործընթացն ապահովելու նպատակով» – հայտնում է Տիգրան Խաչատրյանի դուստր Մարինա Խաչատրյանը:
Հիմնավորված կասկածներ «գաղտնի» վկաների շահագրգռվածության վերաբերյալ
Փաստաբանին հայտնի է գաղտնի վկաների ինքնությունը. նրանցից մեկը կին է, որի դեմ խարդախության հետ կապված մեղադրանքներ են առաջադրված: Սարուխանովի մոտ նաև հարցեր են առաջացել ՀՀ քաղաքացու՝ ՌԴ-ում, Մոսկվայի կոնկրետ բաժնում հաղորդում տալու մոտիվացիայի վերաբերյալ:
«Մեզ համար պարզ է, որ Մոսկվայում առանց լավ կապերի այդ գաղտնի վկան չէր հայտնվի քաղաքի հյուսիս-արևելյան շրջանի ոստիկանության բաժանմունքում: Ընդհանրապես Մոսկվայում չէր հայտնվի», – ընդգծում է պաշտպանը:
Խաչատրյանի ընտանիքի նկատմամբ շարունակվող ճնշումները
Վլադիմիր Սարուխանովին նույնպես հայտնի է անդրազգային հանցավոր խմբավորման գոյության մասին, որը ճնշումներ է գործադրում Խաչատրյանների ընտանիքի վրա՝ շորթման նպատակով: «Նշված անձինք Ռուսաստանում չեն, որքանով ինձ հայտնի է, սակայն ես համարձակվում եմ ենթադրել, որ առանց ծանոթության, առանց հովանավորչության նման քրեական գործը շատ դժվար է մեռած կետից տեղաշարժել», – նշում է փաստաբանը:
Ակնհայտ անհիմն մեղադրանքներ
Տիգրան Խաչատրյանին մեղադրում են սպանություն նախապատրաստելու մեջ, սակայն գործով տուժող ճանաչված Խաչատրյանի դստեր նախկին ամուսինը՝ Գարեգին Մուրադյանը, և Արամ Մուրադյանը հայտարարել են, որ ոչինչ չեն գիտակցում գործի վերաբերյալ:
«Իմ պաշտպանյալ Խաչատրյանը հենց այդպես էլ ասել է՝ ոչ մի պահանջ չունի տուժողներից: Նրանք լավ ծանոթներ են, նախկին բարեկամներ, որոնց նա 10 տարի չի տեսել: Տուժողներից մեկն էլ իր դստեր նախկին ամուսինն է, որի հետ բաժանումը տեղի է ունեցել ընտանեկան պատճառներով», – պարզաբանում է Սարուխանովը:
Փաստաբանի հեռանկարային գնահատականը
Սարուխանովը լուրջ հույսեր է կապում հիմնական դատաքննության և երդվյալ ատենակալների հետ: «Մենք կապացուցենք, որ Խաչատրյանն անմեղ է: Երդվյալ ատենակալները, իհարկե, կարդարացնեն նրան: Եվս մեկ անգամ ասում եմ՝ այս ապացույցների ծավալի պարագայում, եթե այդպես կարելի է ասել, դատարանը չի կարող մեղադրական դատավճիռ ընդունել», – հավաստիացնում է պաշտպանը:
Տիգրան Խաչատրյանի պաշտպանական խումբն իր համերաշխությունն է հայտնում փաստաբանի դիրքորոշմանը և կրկին պահանջում.
Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններից
ուժեղացնել դիվանագիտական ջանքերը ՀՀ քաղաքացու պաշտպանության գործում,
ակտիվացնել միջգերատեսչական համագործակցությունը ՌԴ իրավապահ մարմինների հետ՝ գործի օբյեկտիվ քննության ապահովման նպատակով,
արագացնել շորթման գործով քննությունը ՀՀ-ում:
Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններից
հաշվի առնել գործի քննության ընթացքում արձանագրված էական խախտումները,
ապահովել միջազգային իրավունքի նորմերի և ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանությունը դատավարության ընթացքում:
Տիգրան Խաչատրյանի պաշտպանական խմբի մասին
Պաշտպանական խումբը ձևավորվել է Տիգրան Խաչատրյանի ՌԴ–ում հարուցված թիվ 12402450016000096 և ՀՀ–ում հարուցված թիվ 15-0756-24 քրեական գործերի հանրայնացման, նրա իրավունքների պաշտպանության և արդարության վերականգնման նպատակով: Խմբի առաքելությունն է հասնել Տիգրան Խաչատրյանի վերջնական անմեղության հռչակմանը և գործով մեղավորների պատասխանատվության ենթարկմանը, ինչպես նաև՝ ՀՀ–ում կատարվող հանցագործության փաստով հարուցված թիվ 15-0756-24 քրեական գործը բացահայտելու համար: Պաշտպանական խմբի կազմում ներգրավված են Տիգրան Խաչատրյանի ընտանիքի անդամներ, մտերիմ ընկերներ, փաստաբաններ, իրավական և անվտանգության ոլորտի փորձագետներ, ինչպես նաև հասարակության ներկայացուցիչներ։
Տիգրան Խաչատրյանի պաշտպանական խումբ