Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ենք «դահիճների բարեկամ» դառնում

Ապրիլ 22,2025 10:00

Պատկերացրեք, Իսրայելի վարչապետը հանդես է գալիս ուղերձով, որտեղ կոչ է անում հրեաներին մտածել՝ արդյոք Հոլոքոսթի մեջ չկա՞ հրեաների պատասխանատվությունը: Գուցե Հիտլերն ու Հիմլերը որոշակի հիմքեր ունեի՞ն հրեաներին գազային խցիկներ ուղարկելու եւ հենց հրեաների «սխալ կեցվածքն» էր որոշ չափով դրա հիմքը տալիս: Ենթադրում եմ, որ նման վարչապետը կամ, ընդհանրապես, նման քաղաքական գործիչը չէր կարողանա շարունակել իր գործունեությունը: Եվ պատճառը պարզ է. Իսրայելի հասարակությունն իմունիտետ ունի նման սրբապղծությունների դեմ:

Մենք նման իմունիտետ չունենք: Չեմ զարմանա, որ եթե մեզ մոտ պաշտոնապես հայտարարվի, թե մարդակերությունն ընդունելի է այն դեպքերում, երբ զոհերը «դրա առիթն են տալիս», դա էլ միանգամայն ընդունելի քաղաքական ուղերձ կհամարվի: Կամ՝ որ «իրական Հայաստանի» տեսլականը Ադրբեջանի կամ Թուրքիայի կազմում լինելն է:

Հոգեբանության մեջ ընդունված հասկացություն է «victim blaming» (զոհին մեղադրելը), երբ ինչ-որ «արդարություն» են փնտրում որեւէ հանցագործության մեջ: Օրինակ, կնոջը բռնաբարել են, բա ինչո՞ւ էր նա կարճ շրջազգեստ հագել եւ երեկոյան դուրս եկել փողոց: Բայց սովորաբար նման հանցագործություններն «արդարացնում են» կա՛մ ինքը՝ հանցագործը, կա՛մ նրա ազգականներն ու ընկերները: Այնինչ մեր դեպքում «արդարացումներ» են փնտրում նրանք, ովքեր, կարծես, պետք է զոհի բարեկամները լինեն: Բայց Հայաստանի իշխանություններն, ըստ երեւույթին, «հանցագործների կողմից» են:

Գուցե 1990 թվականին Բաքվի ջարդարարները նույնպես «արդարացումներ ունեին» այն մասին, թե ինչու էին բարձրահարկ շենքերի պատշգամբներից գցում հայերին՝ այդ թվում կանանց, երեխաներին, ծերերին: Բա ինչո՞ւ էին Երեւանում սկսել ղարաբաղյան շարժումը: Չէ՞ որ այն «սխալ էր»:

Գուցե Ռամիլ Սաֆարովն էլ «հիմքեր ուներ» քնած վիճակում կացնահարելու Գուրգեն Մարգարյանին: Նա այնքան էր հուզվել, որ Արցախն ազատագրված էր (որն, ըստ ներկա իշխանությունների, դարձյալ «սխալ էր»), որ ուրիշ ելք պարզապես չէր տեսնում:

Խնդիրն այն չէ, որ նման ստորագույն, սրբապիղծ մտքեր հիմա արտաբերվում են, խնդիր է, որ դա մարսվում է հասարակության կողմից: Դա հասարակության մահացու հիվանդության ախտանիշ է: Այդպիսով, «հանցագործների, դահիճների բարեկամ» դառնում են ոչ միայն իշխանությունները, այլեւ մենք բոլորս:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարում՝ Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման 108-րդ տարելիցին Ջահերով երթի ցուցարարները որպես բողոքի նշան այրում են Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հայ says:

    Ւսկ ի՞նչ կապ կա Արեւելյան Հայաստանում ապրող, Թաթուլ կլկլացնողների, եւ Արեւմտյան Հայաստանում ցեղասպանված հայերի միջեւ։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Նույն կապը, որը կա ժամանակակից Իսրայելում ապրող հրեաների եւ Աուշվիցում կամ Դախաուում ցեղասպանված հրեաների միջեւ:

      • Հայ says:

        Ժամնակից Իսրայելը հիմնվել է սիոնիստական գաղափարախոսության հիման վրա եւ արդյունքում: Հայաստանի երրորդ հանրպետության հիմքը սովետական Հայաստանն էր…Ռոբերտ Քոչարյան -սովետական կոմսոմոլ, Սերժ Սարգսյան – սովետական պրոլետարիատ, Նիկոլ Փաշինյան- սովետական կոլխոզ:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930