Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ հասա տեղ ու տեսա, որ մեզ լսելու է եկել ընդամենը 30 հոգի, իսկ Թաթուլին լսելու է եկել 12 հազար մարդ, շատ մեծ ափսոսանք ապրեցի. Երվանդ Երզնկյան. «Հրապարակ»

Ապրիլ 22,2025 10:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ռաբիս երգիչ Թաթուլ Ավոյանի հոբելյանական մենահամերգը՝ «Թաթուլ եւ ընկերներ» խորագրով։

Դահլիճը լեփ-լեցուն է եղել` համերգին ներկա է եղել ավելի քան 12 հազար մարդ, ինչը Հայաստանի պայմաններում զարմանալի թիվ է: Ճանաչված երգիչների պարագայում անգամ Համալիր «լցնելը» բավականին դժվար գործ է, նույնիսկ` անհնար, նույնիսկ նրանք, ովքեր ունեն բարձր երաժշտական ճաշակ, ինքնատիպ ոճ ու երգացանկ, 500 հոգանոց դահլիճներ չեն կարողանում լցնել: Ռաբիս երգի կարկառուն ներկայացուցիչ Թաթուլը ռեկորդ է սահմանել, ինչն իրարանցում է առաջացրել համացանցում:

Հայ ժողովրդի երաժշտական ճաշակի, ռաբիսի հանդեպ հետաքրքրության մասին «Հրապարակը» զրուցել է կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի հետ:

– Թաթուլի համերգից հետո, որին մասնակցել է 12 հազար մարդ, աղմուկ է բարձրացել, տարատեսակ կարծիքներ են հնչում: Դուք ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ է մեր հասարակության մեծամասնությունը նախընտրում ցածրաճաշակ երաժշտություն լսել:

– Շատ բարդ հարց եք տալիս, բայց…. երեկոները ես աշխատում եմ Համալիրի մոտակայքում գտնվող «Լիվինգսթոն» ռեստորանում, որտեղ մենք բարձրաճաշակ երաժշտություն ենք մատուցում` բառի բուն իմաստով: Այդ օրը չկարողացա անգամ մեքենաս կայանել ռեստորանի մոտ, ոտքով ահագին տեղ քայլեցի, որովհետեւ ամեն ինչ փակ էր: Չորս կողմը ընտանիքներով, տոնական, գեղեցիկ հագնված մարդիկ էին, իրենց երեխաների հետ, ուզում եմ հատուկ ընդգծել, որ երեխաները շատ-շատ էին, ծնողները երեխաներին իրենց կարծիքով տանում էին բարձրաճաշակ երաժշտություն լսելու: Մի այնպիսի ոգեւորությամբ էին քայլում, կարծես… երբ հասա տեղ ու տեսա, որ մեզ լսելու է եկել ընդամենը 30 հոգի, իսկ Թաթուլին լսելու է եկել 12 հազար մարդ, շատ մեծ ափսոսանք ապրեցի եւ հասկացա, որ մենք սա ենք… ուրեմն մենք հայ ազգի «մուտանտներն» ենք, ճիշտը Թաթուլ լսելն է: Մենք մի տեսակ մեծ պահանջներ ունենք մեր ժողովրդից, բայց պետք է հասկանալ մի բան. ի՞նչ կարող ենք պահանջել նման մարդկանցից: Իհարկե, ես ու ինձ նման մարդիկ մեր գործը շարունակում ենք, սակայն՝ մեծ ափսոսանքով:

– Մարդու երաժշտական ճաշակն ինչպե՞ս է ձեւավորվում:

– Ընտանիքից:

– Իսկ ընտանիքի երաժշտական ճաշա՞կը: Պետությունը չունի՞ անելիք:

– Պետությունն ունի մեծ անելիք: ԽՍՀՄ-ի ժամանակ ռաբիս երաժշտություն չէր պրոպագանդվում, շատերը սիրում էին ռաբիս, օրինակ` բոլոր տաքսիստները ժամը 5-ին Բաքու էին միացնում եւ լսում էին ցածրորակ երաժշտություն, բայց այն ժամանակ տաքսիստները մեզանում այսքան շատ չէին, որքան հիմա են: Ռաբիսը հեշտ ընկալելի երաժշտություն է, գեղեցիկ շորեր են հագնում, իրենց ժանրի մեջ շատ էլ լավ կատարումներով են հանդես գալիս Թաթուլը, Սպիտակցի Հայկոն, Ռազմիկ Ամյանը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930