Երեւանցիներին աղբահանության վճարների արտոնություն կտրամադրվի․ այդ մասին նախագիծն այսօր Երեւանի ավագանու նիստում ներկայացրեց եկամուտների հավաքագրման եւ հաշվառման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը։ Ըստ այդմ, քանի որ մինչեւ 90 քառակուսի բնակմակերես ունեցող բնակարանները կազմում են մայրաքաղաքի բնակարանային ֆոնդի շուրջ 90 տոկոսը, բնակարանների սեփականատերերի շուրջ 90 տոկոսի համար աղբահանության վճարը կտատանվի 300-1000 դրամի սահմաններում, իսկ անհատական տների համար՝ միջինում 500-1300 դրամի սահմաններում։
Հիշեցնենք, 2025-ի հունվարի 1-ից աղբահանության գումարը Երեւանում թանկացել է՝ 1 քառակուսի մետրի դիմաց դառնալով 13 դրամ, մինչ այդ հաշվարկը կատարվում էր անձով՝ մեկ անձի համար ամսական 200 դրամ էր սահմանված։
100 տոկոս արտոնություն կտրամադրվի արցախյան պատերազմների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ զոհված, գերեվարված կամ անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց կամ նրանց ընտանիքի անդամներին (երեխաներ, ծնողներ և ամուսին), ինչպես նաև ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին պատկանող (բաժնային սեփականության իրավունքի դեպքում իր բաժնի մասով) բնակելի նպատակային նշանակության շենքերում եւ շինություններում։ Ավտոտնակների համար եւս կգործի այդ արտոնությունը։
Կարդացեք նաև
50 տոկոս արտոնություն կտրամադրվի միայնակ չաշխատող կենսաթոշակառու համարվող անձին պատկանող (բաժնային սեփականության իրավունքի դեպքում իր բաժնի մասով) բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում, ամսական մինչև 10 կիլովատ էլեկտրաէներգիա սպառող բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում, նաեւ՝ բազմաբնակարան բնակելի կամ բազմաֆունկցիոնալ շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի 65 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար։
75 տոկոսի չափով արտոնություն կտրամադրվի անհատական բնակելի տների, առանձնատների, այգետնակների (ամառանոցների), օժանդակ ու տնտեսական շինությունների, բազմաբնակարան բնակելի կամ բազմաֆունկցիոնալ շենքերի ընդհանուր մակերեսի 75 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։ Մինչ այդ վճարված գումարները կմնան տվյալ անձի հաշվեկշռում՝ գերավճարի տեսքով, կամ անձը կարող է ետ ստանալ՝ դիմում գրելով։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ