«Գյումրեցին մերժեց ՔՊ-ին եւ իր կոալիցիոն եվրոբաջանաղին»,- Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ երեւանցիներին ասելով, որ Գյումրին վառ օրինակ է նրա, որ ՔՊ-ի գնացքը վաղուց գնացել է եւ․ «Համապետական առումով եկել է ախուրյանցի Անոյի վրեժի ժամանակը»։
Ընդդիմադիր ավագանու անդամի ելույթին արձագանքեց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը․ «Ինչ վերաբերվում է քիչ առաջ այստեղ տեղի ունեցած ինչ-որ մեկի ոռնոցին՝ ասեմ․ այո, ԵվրաՔվեն գնալու է․․․Այո, անցած նիստին մենք դահլիճը լքեցինք, որովհետեւ դահլիճում կար մարդ, ով ամբիոնից խոսելու երազանքով եկել էր, ամբիոնը թողեցինք ձեզ, որ ինքներդ ձեզ խոսեք։ Ինչ վերաբերվում է Գյումրիին՝ ՀՀ-ն ցույց կտա ձեզ, քեզ, ձեր տեղը։ Պարոն Սուքիասյան, ուզում եմ հասկանալ՝ ո՞ր Մանուկն եք․ էն հազար ճամբար փոխած, հազար քաղաքական դռան դեմը չոքած»։
Կարդացեք նաև
Մանուկ Սուքիասյանի պատասխանը հետեւեց։ Նա Անի Խաչատրյանին հորդորեց նայել իր կուսակցության նախկին դեմքերն ինչ դիրքերում են։ Նա նկատի ուներ նախկին քաղաքապետեր Սուրեն Աբրահամյանին, Ալբերտ Բազեյանին ու նրանց բացասական վերաբերմունքը գործող իշխանությունների նկատմամբ ու հավելեց, որ նախկիններին դեմ լինելը չի նշանակում լոյալ լինել գործող իշխանության անօրինականությունների նկատմամբ․ «Դուք ընդամենը նախկին իշխանությունների արատավոր բարքերը քննադատելով դարձել եք իշխանության կոալիցիոն կցորդը, դա անում եք նրա համար, որ ֆոտոշոփով շենքերը հեռացնեք իրարից, որ հնարավորություն տաք՝ ձեր հետ փոխկապակցված անձինք իրենց բիզնեսները զարգացնեն։ Էդ ա ձեր հայրենասիրության ընկալումը․․․ Վազգենի արձանը Շուշիում պղծեն՝ ձեզ չտեսնելու տաք»։
«Ես միշտ ընդդիմություն եմ եղել ու շարունակում եմ մնալ ընդդիմություն, դրա համար էլ ա պլոճիկ պետք, ոչ թե մնալ կցորդի կարգավիճակում։ Շատ-շատ ծկլտոցներ ունենաք, դա է ձեր արածը»,- ասաց նա՝ հեգնելով․ «Կողքի ոչ մի կաղկանձոց, վայրահաչոց մեզ չի շեղելու մեր ուղուց, թող ոչ մեկը ոտքի տակ չընկնի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անի Խաչատրյանն ավելի ուշ ֆեյսբուքյան էջում գրել է. «Վազգեն Սարգսյանն է Արցախի և ՀՀ հերոս, ոչ թե իր արձանը։ Ադրբեջանցու արածով ուրախացողները թող իրենց քաղաքական և ֆինանսական հայր Ռոբերտ Քոչարյանի և նրա հարազատների շիրիմների մասին հոգ տանեն, որ մնացել են Արցախում։ Վազգեն Սարգսյանի շիրիմը Եռաբլուրում է իր հերոս ընկերների ու Անդրանիկ Զորավարի կողքին»: