Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական դպրոցը խաչքարերով է կառուցվել, բնակելի թաղամասեր կառուցելու պատրվակով ոչնչացվել են մշակութային արժեքներ. Հովիկ Ավանեսով

Ապրիլ 22,2025 12:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի նախաձեռնությամբ ապրիլի 22-23-ը Երեւանում անցկացվում է միջազգային գիտաժողով՝ « Հայ ժողովրդի ազգային զարթոնքը եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը» խորագրով։

Գիտաժողովի նպատակն է համակողմանիորեն ուսումնասիրել եւ հանրահռչակել 1965 թվականին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 50-րդ տարելիցի կապակցությամբ Խորհրդային Հայաստանում եւ Սփյուռքում սկիզբ առած ազգային զարթոնքը, ինչպես նաեւ դրա ազդեցությունը հայ ժողովրդի դեմ իրագործված հանցագործության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի վրա։

Հովիկ Ավանեսով

Aravot.am-ը զրուցել է գիտաժողովի մասնակիցներից ԳԱԱ Պատմության ինստիտուտի աշխատակից Հովիկ Ավանեսովի հետ, որի զեկուցման թեման է «Մշակութային ժառանգության ոչնչացման դեմ պայքարն Արցախում 1960-80-ական թվականներին»:

«Թեման երկու բլոկից է բաղկացած, առաջին մասում անդրադարձ ենք կատարել 1960-80-ական թվականների մշակութային ցեղասպանությանը, ինչն արձանագրվել է տվյալ ժամանակահատվածում: Հստակ փաստերով ներկայացնում ենք բոլոր այն կառույցները, որոնք այդ ժամանակահատվածում ոչնչացվել են, ձեւախեղվել են: Իհարկե, տալիս ենք նաեւ նախապատմություն, որ այդ քաղաքականության ակունքները գալիս են 1918թ-ից, երբ ստեղծվեց Ադրբեջան հորջորջմամբ արհեստածին կազմավորումը, որը շարունակել է մշակութային ցեղասպանության քաղաքականությունը, ինչն իրականացվում էր Օսմանյան, այնուհետեւ հանրապետական Թուրքիայում՝ Արևմտյան Հայաստանի տարածքում հատկապես ոչնչացնելով, յուրացնելով հայկական պատմաճարտարապետական հուշարձանները»,-ասաց Հովիկ Ավանեսովը:

Նրա խոսքով. «1960-80-ական թթ մշակութային ժառանգության ոչնչացման բավականին փաստեր կան: Դեպքերի հիմնական մասն արձանագրվել է բերդաքաղաք Շուշիի տարածքում. բնակելի թաղամասեր կառուցելու պատրվակով այդ ժամանակահատվածում ադրբեջանցիների կողմից հիմնովին ոչնչացվել են բազմաթիվ մշակութային արժեք ներկայացնող շինություններ, եկեղեցիներ, պատմաճարտարապետական հուշարձանների քարերն օգտագործվել են որպես շինանյութ: Նույնն արձանագրվել է նաեւ Քաշաթաղի շրջանի որոշ բնակավայրերում: Քաշաթաղն ազատագրելուց հետո 1990-ականներին ոլորտով զբաղվող մասնագետները բազմաթիվ տներում այլ շինություններում հայտնաբերել են խաչքարեր, գերեզմանաքարեր, որոնք որպես շինանյութ են օգտագործվել: Նույն քաղաքականությունը եղել է նաեւ 1950-ականներին Ծար գյուղի պարագայում. Ծար գյուղի ադրբեջանական դպրոցը հայկական գերեզմանաքարերից ու խաչքարերից է կառուցված եղել»:

Ինչ վերաբերվում է զեկույցի երկրորդ մասին, Հովիկ Ավանեսովը նշեց, որ այնտեղ անդրադարձ է կատարվել այն իրողությանը, թե ինչ ազդեցություն ունեցավ 1960-ական թվականներին ձեւավորված ազգային զարթոնքը, մտավորականների՝ տարբեր հարցեր բարձրաձայնելը, ու այդ ամենի՝ որոշ իմաստով զսպող մեխանիզմ դառնալը տարվող վանդալիստական քաղաքականությանը:

ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակցի խոսքով. «Երբ 1965թ ազգային զարթոնք սկսվեց՝ հատկապես պայմանավորված Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցով, նաեւ Արցախյան հիմնախնդրի հետ կապված գործընթացներ տեղի ունեցան, որոնցից որոշակի առումով Արցախն էլ անմասն չմնաց, ընդհատակյա գործունեություն ծավալեցին մեր հայրենակիցները: Այդ տարիների ակտիվությունն ուղղված էր ոչ միայն բարձրաձայնելու Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի մասին, այլ դրան զուգահեռ խոսվում էր Արցախի մշակութային արժեքների դեմ իրականացվող քաղաքականության մասին: Իսկ առավել արդյունավետ զսպման մեխանիզմներ ստեղծվեցին 1980-ական թվականներին, երբ Արցախյան շարժումը որակապես այլ հարթություն տեղափոխվեց, եւ տեղեկատվական-քարոզչական պայքարին զուգահեռ՝ հանրահավաքային փուլը սկսվեց: Դրանով է պայմանավորված, որ 80-ական թվականներին այդքան շատ չէին արձանագրվում վանդալիզմի դեպքերը»:

Հովիկ Ավանեսովն ընդգծում է. «Այսօր Ադրբեջանի նույն ձեռագիրը շարունակվում է: Արցախն ամբողջովին հայաթափված է եւ հայկական ամբողջ մշակութային ժառանգությունն է վտանգի տակ, օրեցօր վանդալիզմի նորանոր դեպքեր ենք արձանագրում: Դրանց ծավալները այնքան են մեծանում, որ կարող ենք հստակորեն արձանագրել, որ սա խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկն է: Ընդ որում, ոչնչացվում են ոչ միայն հայկական, այլեւ համամարդկային արժեքներ: Անկախ նրանից, թե Արցախի տարբեր հատվածներում զավթողական հեռանկարից ելնելով ինչպիսի բնակեցման քաղաքականություն է իրականացրել այդ ժամանակի Ադրբեջանը, դա թույլ չի տալիս Ադրբեջանին տարածքային նկրտումներ ունենալ Արցախի եւ հիմա էլ՝ ամբողջ Հայաստանի տարածքների նկատմամբ, քանի որ այդ տարածքները Ադրբեջանի հետ որեւէ կապ չունեն, ինչպես Ադրբեջանի հետ որեւէ կապ չունի ներկայիս Ադրբեջանի տարածքը; Այդ պետությունն արհեստականորեն ստեղծվել է, ինչպես արհեստականորեն ստեղծվել է ադրբեջանցի էթնոսը:

Եվ նման գիտաժողովները լավագույն պատասխանն են տասնյակ հարցերի, իսկ կոնկրետ այս գիտաժողովով ցույց ենք տալիս, որ մտավորականությունը չի ընդունում այն քաղաքականությունը, որն իրականացվում է: Այս գիտաժողովը՝ այս թեմայով եւ բովանդակությամբ առաջինն է, որը ապրիլին կազմակերպվում է; Այն կարեւոր է նրանով, որ կազմակերպվում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930