Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը պահանջել է 18 տարվա ազատազրկման դատապարտել մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող Իշխան Վահանյանին

Ապրիլ 22,2025 14:40

«Փաստինֆո». Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող Իշխան Վահանյանի գործով դատավարությունը շուրջ երեք տարի քննությունից հետո մոտենում է ավարտին։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, երեկ տեղի ունեցած դատական նիստի ընթացքում մեղադրող Գևորգ Ավետիսյանը հրապարակեց մեղադրական ճառը՝ միջնորդելով մեղավոր ճանաչել Իշխան Վահանյանին և դատապարտել ազատազրկման՝ 18 տարի ժամկետով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը։

Դատական հաջորդ նիստին, որը նշանակվել է հունիսի 3-ին, ճառով հանդես կգա տուժող կողմը։

Հիշեցնենք, որ Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Ըստ ՔԿ-ի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ: Ըստ քրեական գործի՝ զոհվել է առնվազն 16 զինծառայող, վիրավորվել՝ 6-ը, գերեվարվել՝ 7-ը։ Նշենք, որ այս գործով անցնող միակ մեղադրյալը Իշխան Վահանյանն է։

Քրեական գործն ի սկզբանե մակագրվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ․ Սեփխանյանին, սակայն հետագայում գործի ընդդատությունը փոխվել է՝ պայմանավորված միջադեպով։ Գործն այժմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի վարույթում է։

Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930