Նոր աղբավայրի կառուցման համար 3 ուղղությամբ ծրագրեր կան․ այսօր Երեւանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. «Մեկը Համաշխարհային բանկի հետ ծրագիրն է։ Ստացել ենք եւս մի հրավեր՝ մասնակցելու Սոֆիայում անցկացվող գիտաժողովին, որը նվիրված է հենց աղբի վերամշակման թեմային, մասնավորապես՝ ունենք World Bank-ից առաջարկ՝ ծրագիրն իրականացնելու:
Երկրորդ ծրագիրը, որը ՎԶԵԲ-ի հետ է. որոշակի աշխատանք է տարվել շատ երկար ժամանակ՝ 10 տարուց ավելի: Մենք այդ ծրագիրը չեղարկեցինք, որովհետև հասկացանք, որ հեռանկար չունի, որովհետև տրամաբանությունն ի սկզբանե սխալ էր դրված այդ ծրագրում:
Երրորդ տարբերակը, որը ամենահավանականն եմ համարում երկփուլ մրցույթի տրամաբանությամբ, քաղաքապետարան-մասնավոր միջազգային որեւէ գործընկերության տրամաբանությամբ իրականացվելիք ծրագիրը, որն իր մեջ կներառի աղբավայրի փակում եւ նոր վերամշակման կայանի կառուցում: Ամենահավանական տարբերակը երրորդն է:
Չնայած մենք դեռեւս վերջնական պատասխան մեր մյուս գործընկերներին չենք տվել, բայց ընդհանուր առմամբ, հավաքագրել ենք փաթեթների առաջարկները, որոնց հիման վրա պատրաստել ենք երկփուլ մրցույթ»։
Կարդացեք նաև
Ավագանու նիստում քննարկվում էր «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ում նոր վարորդներ ընդունելու հարցը։ ՀՈԱԿ-ն օրեր առաջ համալրվել է նոր տեխնիկայով՝ 12 նոր Karcher տեսակի բազմաֆունկցիոնալ մեքենաներով, որոնց համար նոր վարորդներ են անհրաժեշտ։ Հարցը ներկայացնում էր ՀՈԱԿ-ի տնօրեն Սաշա Կատվալյանը:
Հաստիքացուցակի փոփոխման արդյունքում համայնքային հիմնարկի ծախսը կավելանա 58 մլն դրամով։
«Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն առաջարկեց դեմ քվեարկել նախագծին, ուղարկել այն վերանայման. «Մենք չենք ցանկանում, որ Երեւանի աշխատողները գիշերները չքնեն ու աշխատեն առանց հերթափոխի: Մենք ձեզ հորդորեցինք, որ 12 մեքենաների համար առնվազն 18 հաստիք լինի, որ մարդիկ կարողանան երկու գիշեր աշխատել, մի գիշեր գոնե տանը քնել»:
Սաշա Կատվալյանը համաձայն չէ, վստահեցնում է, որ օրենքով սահմանված շաբաթական աշխատելաժամանակը պահպանվում է․ «Եթե մենք իրականացնենք նման փոփոխություն, այդ դեպքում գիշերային հերթափոխի քանակը պետք է ավելացնենք, քանի որ սա առաջին անգամ չէ, որ վարորդներն աշխատում են գիշերը:
Մենք այս պահին աշխատեցնում ենք նաեւ 8 փոշեկուլ մեքենաներ, 30 ջրցան մեքենաներ: Եթե շարժվենք ձեր տրամաբանությամբ, ապա հաստիքների քանակը 1,5 անգամ պետք է ավելացնենք: Չենք կարող մենք տարբերակված մոտեցում ցուցաբերել, նոր ձեռքբերված 12 ավտոմեքենաների համար ընդունենք 18, իսկ նախկինում ձեռք բերված ավտոմեքենաների համար, որոնք 2019 թվականից աշխատում են, այդ մասով թողնենք նույնը»։
Հարցի՝ ելույթների հատվածը վերածվեց միմյանց նկատմամբ կսմիթների՝ Գյումրիում կայացած ընտրությունների համատեքստում։
Իշխանական խմբակցության ավագանու անդամ Միքայել Խաչատրյանը Զարուհի Փոստանջյանին նախատեց՝ կոռուպցիայի մասին հայտարարությունների համար՝ ասելով, որ Երեւանում աղբի տեսակավորում չի եղել, փոշեկուլ մեքենաներ չեն եղել։
Ապա անդրադառնալով Գյումրիի ընտրությունների հետ զուգահեռներին՝ ասաց․ «Ժողովուրդ ջան, դուք Վարդանիկին կցորդ քաղաքական ուժ եք, դա մի մոռացեք։ Աջակցել եք, կոալիցիա եք կազմել․․․ մարդասպան, թալանչի Վարդանիկին դուք կցորդ եք»։ Նա խոստացավ, որ Երեւանի ավագանու հաջորդ ընտրություններում «Մայր Հայաստանն» իր պատասխանը կստանա, քանի որ Գյումրիում խաբել է ժողովրդին, ձայներ ստացել ու կոալիցիա կազմել։
Ավագանու իշխանական խմբակցության մեկ այլ անդամ՝ Քրիստինե Վարդանյանն էլ ընդդիմադիրներին մեղադրեց խանգարելու, սաբոտաժ անելու մեջ, փոխարեն այլընտրանքային առաջարկներ ներկայացնեն։
«Սաբոտաժի համար Ստալինի ժամանակ գնդակահարում էին։ Այսօր ոչ մի հին մարդ չկա, որ դա հիշի, բայց պատմությունից դա հիշում ենք»․ այս խոսքերը օրեր առաջ ասել է Գյումրու քաղաքապետի․․․ այն կոմունիստ հոգեւոր հանցագործ քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ Շիրակի մի տերտեր։ Ինձ համար այսպիսի ելույթները զարմանալի չեն, ինչպես զարմանալի չէր լինի, եթե լսեմ ԿԳԲ-ի գործակալների որեւիցե մեկի ելույթը»։
Դահլիճում լեզվակռիվ սկսվեց։
Մանրամասները՝ տեսանյութում
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն էլ շնորհավորել էր փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի նոր եւ թանկարժեք բրենդային կոշիկները եւ իր սկզբունքներին դեմ գնալով խոսել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր՝ «հեղինակային խոսքերի» մասին, Փամբուխչյանի հոր՝ «մի քանի միլիոն դալար նախկինների չսիրած «Սպայկայի» ու այսօրվա «Սպայկայի»՝ չիմացանք էլ թե ո՞վ էր՝ ձեր հետ համագործակցության» մասին։
«Իմ կյանքը փոխվել է իմ ծնվելու առաջին օրից․ կապ չի ունեցել կոալիցիայի հետ, կապ չի ունեցել հեղափոխության հետ»,- ասաց նա՝ տարակուսելով, որ Տիգրան Ավինյանը հրապարակային խոսել է իր հոր կառուցած ՀԷԿ-ի մասին, որի՝ ապօրինի ծագման գույքի մասին հարուցված գործը դատախազությունը կասեցրել է՝ հանցակազմ չի եղել։
Հարցի քվեարկություն այդպես էլ չկայացավ։ Ավագանու նիստը ընդհատվեց՝ 15 րոպե ընդմիջումով, վերսկսվեց մոտ մեկ ժամ անց, այն էլ քվորում չլինելու պատճառով չշարունակվեց․«Հանրապետություն» խմբակցության անդամները եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեծամասնությունը չվերադարձան դահլիճ։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ