«Մենք ուզում ենք, որ այս հարցն ընդդիմության քվեարկությամբ անցնի։ Համայնքի բյուջեով ձեռք ենք բերել 12 փոշեկուլ մեքենա եւ այդ 12 մեքենաների համար վարորդների հաստիք ենք ավելացնում։ Հիմա եթե ընդդիմությունը դեմ է, որ քաղաքը 12 փոշեկուլ մեքենա շահագործի՝ ի՞նչ ասեմ»,- Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
Հիշեցնենք, ավագանու նիստում քննարկվում էր «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ում նոր վարորդներ ընդունելու հարցը, որի քվեարկությունը չկայացավ։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը քվեարկություն հայտարարեց, բայց ընդդիմադիր խմբակցությունները 15 րոպե ընդմիջում վերցրեցին։ Ընդմիջումը համընկավ կանոնակարգով նախատեսված մեկժամյա ընդմիջման հետ։ Ավագանու նիստը 1 ժամ 15 րոպե անց չվերսկսվեց, քանի որ իշխանական կոալիցիան՝ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» խմբակցություններն արդեն չներկայացան նիստին։ Հաջորդիվ պետք է քննարկվեր «Մայր Հայաստանի» նախագիծը, որով առաջարկում էր կասեցնել տրանսպորտի թանկացման մասին որոշումը մինչեւ 2026 թվականի մարտի 1-ը՝ հնարավորություն ստեղծելով 2025 թվականի ուղեվարձի վճարումների տվյալների հիման վրա պարզել տրանսպորտի ուղեվարձի ինքնարժեքը:
Լրագրողների դիտարկմանը՝ «Հանրապետություն» խմբակցությունը որոշում ունի չմասնակցելու, ինչպե՞ս դա կբացատրեք, Արմեն Գալջյանն պատասխանեց, որ դա իրենց դիրքորոշումն է․ «Թող այս անգամ ընդդիմության քվեարկությամբ անցնի՝ տեսնենք իրենք համայնքի շահի մասին մտածո՞ւմ են, թե՞ չէ»։ Ապա հավելեց, որ չեն մասնակցում հենց այն պատճառով, որ ընդդիմությունը մասնակցի այդ քվեարկությանը եւ ակնհայտ դառնա համայնքային շահի վերաբերյալ ընդդիմության տեսակետը․ «Այս պահին դա է, թող տեսնենք՝ ընդդիմությունը ո՞նց կքվեարկի»։
Լրագրողի դիտարկմանը՝ երեւանցու շահը ստորադասելով անձնական, ներքին խնդիրնե՞րն եք ուզում լուծել, Արմեն Գալջյանն արձագանքեց․ «Ընդդիմությունն էլ, չէ՞. պետք է համայնքի շահը սպասարկի»։
Կարդացեք նաև
Լրագրողները հավելեցին, որ տարբեր զրույցներում ընդդիմադիրներն ասել են՝ կողմ են նախագծին, ավելին, լրացումներ են ուզում անել։ Արմեն Գալջյանն անկոտրում մնաց․ «Հիմա թող քվեարկեն, մյուս նիստին թող լրացնեն, նոր նախագիծ բերեն»։
Նա չի կիսում լրագրողների տեսակետը, որ այդպիսով հարցը մանկապարտեզի է վերածվում, քանի որ կարելի է միանգամից եւ ամբողջական նախագիծ բերել․ «Բա ինչի՞ համար ենք հավաքվել, ժամանակներս ինչի՞ վրա ենք ծախսում։ Թող մյուս նիստում լրացնեն»։
Արմեն Գալջյանը նաեւ հավելեց, եթե ընդառաջ գնան ընդդիմությանը, ետ վերցնեն նախագիծը եւ ամբողջական՝ լրացված նախագիծ ներկայացնեն, ևս մեկ ամիս Երեւանը փոշեկուլ մեքենաներ չի ունենա։
Ինչ վերաբերվում է ընդդիմության ներկայացրած նախագծին՝ կասեցնել տրանսպորտի թանկացման մասին որոշումը մինչեւ 2026 թվականի մարտի 1-ը՝ հնարավորություն ստեղծելով 2025 թվականի ուղեվարձի վճարումների տվյալների հիման վրա պարզել տրանսպորտի ուղեվարձի ինքնարժեքը, Արմեն Գալջյանն ասաց, որ քննարկմանը չեն մասնակցելու․ հարցը քննարկված է, թեման՝ փակված․ «Կներեք, մենք չենք պատրաստվում մի քաղաքական ուժի բերած նախագծի քննարկմանը մասնակցել, որը որ Երեւան քաղաքի շահերից չի բխում, որոնք որ կողմ են Վարդան Ղուկասյանի քաղաքապետությանը, որը որ Հայաստանի պետականության դեմ հայտարարություններ է անում»։
Քաղաքային տնտեսությանը վերաբերվող լրագրողների բոլոր հարցերին իշխող խմբակցության ղեկավարը պատասխանեց՝ խնդրից տեղյակ չէ, լրացուցիչ պետք է ուսումնասիրի։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ