Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար «Սովորական հրաշքը» դարձավ ոչ թե սովորական, այլ անսովոր, բացառիկ ու հուզիչ մի ճամփորդություն»

Ապրիլ 22,2025 17:39

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, Սարգիս Մանուկյանի ռեժիսուրայով, վերջերս կայացավ Եվգենի Շվարցի «Սովորական հրաշք» բեմադրության պրեմիերան:

 

Այդ առիթով մենք զրուցեցինք ներկայացման գլխավոր դերակատար Դավիթ Չուխուրյանի հետ:

– Դավիթ, չենք դիտել «Սովորական հրաշքը», բայց ներկայացման պրեմիերայից անմիջապես հետո մասնակից եղանք մի այլ «սովորական հրաշքի», երբ հաջողված գործի մասին խոսում է ոչ միայն մասնագետը, հանդիսատեսը, այլ շատ արագ լուրը հասնում է թատրոնով հետաքրքրված ու նույնիսկ չհետաքրքրված անձանց, որոնք էլ իրենց հերթին են խոսք ու զրույցի բռնվում այդ առիթով: Ասում են, որ սա ձեր` Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի երկրորդ կուրսի ուսանողի առաջին մեծ դերն է, և այն դեպքերից, երբ կերպարը կարծես ձևված է հենց ձեր վրա: Ի՞նչ կասեք այս առնչությամբ: 

-Շնորհակալ եմ հաճելի խոսքերի և ուշադրությանհամար։ «Սովորական հրաշքն» իսկապես, իմ առաջին մեծ ներկայացումն է, երբ դերասանը զգում է, որ կերպարը պարզապես չի խաղում, այլ այն ապրում է իր միջոցով և այդ ժամանակ է ստեղծվում դերը, որի մասին խոսում են։ Նման կապն իմ ու դերի միջև միգուցե պատահական չէր և միգուցե այդ կերպարն իսկապես, սպասում էր ինձ։ Դժվարն առաջին անգամն է։ Յուրաքանչյուր կերպար պահանջում է որոշակի ժամանակ իրեն յուրացնելու և սերտելու համար։ Մյուսների պես, այս կերպարն էլ բավական ժամանակ պահանջեց, բայց հաղթահարելով բոլոր լարված զգացողությունները, յուրացնելով կերպարի նախասիրություններն ու կենդանական առանձնահատկությունները՝ կարողացա ստանալ այն, ինչ անհրաժեշտ էր։

-Որպես Արջի կերպարի դերակատար՝ հավանաբար գիտեք, որ Շվարցն իր հեղինակած «Սովորական հրաշք» պիեսը սկզբում վերնագրել էր «Արջ», իսկ 1950-ական թվականներին, առաջին բեմադրությունից հետո այն մշտապես վերանվանվեց «Սովորական հրաշք», որն իրականում մեծ սիրո հրաշքի մասին է կամ սիրո մեծ հրաշքի: Արդյոք «Սովորական հրաշք» ներկայացումը՝ որպես Ձեր առաջին բեմել, Ձեզ համար դարձավ սովորական հրաշք, թե՞ գուցեև անսովոր: 

-Ինձ համար «Սովորական հրաշքն» անշուշտ դարձավ ոչ թե սովորական, այլ անսովոր, բացառիկ ու հուզիչ մի ճամփորդություն։ Շվարցի պիեսի վերնագրի պատմությունը՝ «Արջ»-ից դեպի «Սովորական հրաշք», միանշանակ խորհրդանշական է։ Կերպարը միաժամանակ ուժեղ է, խոցելի, պարզ, նաև՝ բարդ։ Այս ներքին հարստությունն ինձ թույլ տվեց բացահայտել նոր շերտեր և՛ մասնագիտական ոլորտում, և՛ մարդկային տարբեր տեսակների միջև։Այո, ներկայացումն իմ առաջին բեմելն էր, և երբ առաջին փորձը կայանում է նման հզոր ստեղծագործությամբ, բնականաբար այն դառնում է ոչ թե սովորական, այլ հենց՝ վերափոխող։

-Ձեր արդեն վերապրած դերասանական ապրումներով, նաև հաշվի առնելով՝ որքանով էր այս դերը ձերը, ինչպես ասում են` ավելի շատ ձե՞զ էիք խաղում, թե՞ ամեն դեպքում որպես կերպարը կերտող դերակատար՝ բեմական խնդիր էիք իրականացնում: Դերակատարման ընթացքում որչա՞փ էիք անձամբ Դուք` ձեր անձով, և որչա՞փ էր պրոֆեսիոնալ դերասանը` իր բեմական խնդրով: Կա՞ արդյոք սահման, թե՞ փորձերի ընթացքում ջնջվում է այդ թվացյալ սահմանը:

-Ասել, թե ե սամբողջությամբ խաղում էի ինքս ինձ, ճիշտ չի լինի , բայց նաև չեմ կարող ասել, որ ամբողջությամբկ երպարի մեջ էի։ Կարծում եմ՝ մի սահման կա, որը սկսվում է փորձերի սկզբում, երբ դեռ փորձում ես հասկանալ դերը, նրան ճանաչել որպես «մյուսին», բայց այդ սահմանն աստիճանաբար սկսում է մաշվել, ջնջվել։ Եվ արդեն բեմում, երբ ամեն ինչ գծագրված է, թվում է, թե դու միաժամանակ և՛ դու ես, և՛ կերպարը։ Այդ երկվության մեջ կա իսկական հրաշք` դու դառնում ես մի նոր էություն, մի խառնուրդ՝ կազմված քո անձնական զգացողություններից, անցած ճանապարհից ու կերպարի ապրումների խորությունից։

Շատ հատկանիշներ ու նախասիրություններ մեզ մոտ նույնն են։ Կերպարի և իմ համբերատար լինելը կյանքի բոլոր փորձությունների ժամանակ մեզ հանգեցնում է նույն մտքին, պետք է համակերպվել որոշակի իրավիճակների հետ և շարունակել ապրել։

-Ասում են, թե վտանգավոր է, երբ արտիստն իր գործունեության սկզբում ունենում է հաջողություն և, ինչպես ժողովուրդն է ասում՝ «աստղայինը տանում է»: Եվ հետագայի համար մեծ ուժ է պետք հաջողությանը դիմագրավելու համար…

-Հասկանալի է, հաջողությունն ինձ միայն ոգևորում է է՛լ ավելի լավ աշխատելու և ավելի պրոֆեսիոնալ դառնալու գործում։ Երբեք չեմ մեծամտացել և չեմ էլ մեծամտանա։ Մասնագիտությունն անդադար աշխատանք է պահանջում, և հետևաբար երբեք էլ «աստղայինս չի տանի»։ Ամեն բան պետք է անել լուռ և ոչ ցուցադրական։

Զրուցեց` Սամվել Դանիելյանը

Լուսանկարներում` Դավիթ Չուխուրյանը Արջի կերպարում` «Սովորական հրաշքում» և տեսարաններ ներկայացումից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930