CivilNet. Մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում արցախցիների կազմակերպած հանրահավաքից հետո նրանց նկատմամբ իշխանությունների ու նրանց մեդիաների կողմից ատելության արշավը չի դադարում։ Հանրահավաքի հիմնական պատճառն ու առիթը կառվարության կողմից կեցության ծախսերը հոգալու սոցիալական ծրագրի կրճատումն էր։ Հանրահավաքի ընթացքում ելույթներ եղան նաև վերադարձի իրավունքի ու այլ հարցերի մասին։
Հայաստանի իշխանությունների և նրանց սպասարկող մեդիառեսուրսների՝ արցախցիների դեմ ատելության արշավի ծավալներն այնքան են աճել, որ կա փախաստականների թիրախավորման, նրանց դեմ ատելության խոսքի տարածման ամենահնչեղ դեպքերը փաստագրելու անհրաժեշտություն։ Այդ դեպքերը կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի՝ պաշտոնատար անձանց ու իշխող ուժին պատկանող կամ դրա հետ ասոցացված լրատվամիջոցների կողմից տարածվող ատելության խոսք։
ՔՊ-ական պաշտոնյաները՝ ընդդեմ փախստականների
Մարտի 29-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հանրահավաքին մասնակցած արցախցիներին անվանեց «մսացու»՝ պնդելով, որ նրանք օգտագործվում են ընդդիմության կողմից իշխանափոխության համար։ «Շատ ավելի ուշագրավ է, որ իշխանափոխության պահանջ հնչեցնողների մեծամասնությունը անգամ ՀՀ քաղաքացի չէ, իսկ շատերը հայտարարում են, որ երբեք չեն դառնա ՀՀ քաղաքացի»,- գրեց նա։
Չախոյանի այս գրառումը ոչ միայն հստակ ատելության խոսք է պարունակում, այլև ապատեղեկատվություն, որովհետև հանրահավաքի ընթացքում ներքաղաքական բնույթի պահանջներ չեն հնչեցվել (այստեղ պետք է ընդգծել, որ քաղաքական պահանջներ հնչեցնելու մեջ ևս որևէ դատապարտելի բան չկա։ Հայաստանում բնակվող բոլոր մարդիկ ունեն այդպիսի իրավունք)։
Կարդացեք նաև
Ավելին, փախստականներին որպես «ռեսուրս» կամ «գործիք» ներկայացնելու միտումը գերիշխող է Հայաստանի հանրային խոսույթում 2023-ի բռնագաղթից հետո։ Հատկանշական է, որ այդ գրառումների տակ արցախցիների նկատմամբ ատելություն և թշնամանք սերմանող բազմաթիվ մեկնաբանություններ են արվում, որոնց Չախոյանը ոչ մի կերպ չի անդրադառնում։
Չախոյանի այսօրինակ գրառումների մյուս խնդրահարույց ասպեկտը, իհարկե, այն է, որ նա, լինելով քաղծառայող, պարտավոր է իր հրապարակային գործունեության մեջ քաղաքական չեզոքություն ցուցաբերել։ Այս պաշտոնյայի խնդրահարույց գործելաոճի մասին ժամանակին առանձին անդրադարձ ենք կատարել Democracy Watch նախաձեռնության շրջանակում։
Մյուս պաշտոնյան, որը արցախցիների հանրահավաքից անմիջապես հետո վնասակար կարծրատիպեր սկսեց տարածել փախստականների մասին, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն էր։ Թորոսյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ պնդում էր, թե ԼՂ հարցը միշտ ծառայել է իշխանությանը տիրանալու և այն պահելու համար։ «Եվ հիմա նույն այդ քաղաքականությունը փորձում են իրականացնել Հայաստանում այդ նույն մարդկանց հետևորդները՝ Հայաստանի ժողովրդի այսքան զոհողություններից հետո՝ մոռանալով նույնիսկ, թե ինչպես ընդունեց Հայաստանի ժողովուրդը իր քույրերին և եղբայրներին մեր երկրում տեղահանությունից հետո»,- գրեց նա։
Թորոսյանը, լղոզելով տարբերությունը փախստականների և ղարաբաղյան էլիտայի միջև, հստակություն չմտցնելով իր կողմից օգտագործվող բառապաշարի մեջ, ատելություն է խթանում մարդկանց նկատմամբ՝ ակնարկելով նաև, որ հանրահավաքի մասնակիցները անշնորհակալ են։ Հիմնականում սոցիալական պահանջներ պարունակող հանրահավաքի մասին գրառման մեջ նմանատիպ շեշտադրումներ անելով՝ Թորոսյանը խթանում է «անշնորհակալ ղարաբաղցիների» մասին քարոզչական պատումի տարածումը։
Վերջին օրերի ընթացքում իշխանական պաշտոնյաների կողմից հնչեցվող ատելության խոսքի ամենաակնառու դեպքը ՔՊ-ական պատգամավոր և խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի մեկնաբանություններն էին արցախցի փախստականների վերաբերյալ։ Սուքիասյանը, պատասխանելով 24News.am-ի լրագրողի հարցին, հայտարարել է․ «Զոհ չեն ունեցել Ղարաբաղում 23 թվականին, 10 հոգի մարդ ա … եթե բենզինի տրաքելուց ա, դա ուրիշ բան ա, զոհ չեն ունեցել, էդ սկզբի մի կռիվն ա էղե, որ մի քանի հոգի մարդ ա զոհվել»։
Սուքիասյանի այս հայտարարությունը ամբողջությամբ ապատեղեկատվություն էր։ Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ Լեռնային Ղարաբաղում 2023-ի սեպտեմբերի ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 265 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել 14 քաղաքացի:
Այս հանգամանքը ավելի ուշ ընդունեց նաև Խաչատուր Սուքիասյանը։ Նրա ներկայացուցիչը գրառում արեց և «ներողություն խնդրեց», բայց ոչ թե փախստականներին թիրախավորելու, այլ սխալ թիվ արտաբերելու համար։ Ավելին, հաջորդ օրը, լրագրողների հետ ճեպազրույցում Սուքիասյանն արդեն մոլորեցնող պնդումներ արեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմին արցախցիների մասնակցության վերաբերյալ։ Նա, մասնավորապես, հայտարարեց․ «44-օրյա պատերազմի ժամանակ մեծ մասը չի կռվել, մի մասը ինադու սաբոտաժ ա արել, մի մասը ինադու տվյալներ ա տվել, սա բոլորը գիտեն»։
Սուքիասյանի այդ հայտարարությունները ակնհայտ ապատեղեկատվություն լինելուց բացի (44-օրյա պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի բնակիչներից զոհվել է 763 զինծառայող և 72 քաղաքացիական անձ) նաև լեգիտիմացնում ու բազմապատկում են «դասալիք ղարաբաղցիների» վերաբերյալ տարածված քարոզչական պատումը՝ նպաստելով փախստականների նկատմամբ ատելության աճին։
Սա առաջին դեպքը չէ, երբ բարձրաստիճան պաշտոնյաները օգտագործում են այսպիսի պատումներ՝ փախստականներին թիրախավորելու համար։ Ամիսներ առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ արցախցիները 2023-ի սեպտեմբերին պետք է «մնային ու կռվեին»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: