Լրահոս
Օրվա լրահոսը

«Առկա են լուրջ խնդիրներ՝ կապված ԳԱԱ կազմակերպությունների և ՀՀ բուհերի ինտեգրման գաղափարի հեռանկարի հետ»

Ապրիլ 22,2025 17:43

ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2024թ-ի գործունեության արդյունքները

Սույն թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը ներկայացրեց 2024 թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:

Բաժանմունքի տարեկան ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները․

  • Կենսաբանական թիրախների 4D հիպերսպեկտրալ պատկերավորում (զեկ.՝ կ.գ.թ. Ն.Ա. Սարվազյան)։
  • Տիեզերական ճառագայթման ազդեցության տրանկրիպտոմային վերլուծություն
    (զեկ.՝ կ.գ.թ. Ռ.Վ. Զաքարյան)։
  • Դեսմինի մի քանի մուտացիաներ կրող կարդիոմիոցիտների բնութագրումը՝ միոֆիբրիլյար միոպաթիայի պայմաններում (զեկ.՝ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, բ.գ.դ. Դ. Պաուլին (Ֆրանսիա), բ.գ.դ. Ե. Հովհանիսյան (Ֆրանսիա),
    բ.գ.դ. Օ. Ագբալութ (Ֆրանսիա))։
  • Հեմորֆիններ թերապևտիկ կիրառման հեռանկարները (զեկ.՝ կ.գ.թ. Ֆ.Պ. Սարուխանյան)։
  • ՀՀ ջրային էկոհամակարգային ծառայությունների գնահատման մեթոդաբանական մոտեցումները (զեկ.՝ կ.գ.թ. Վ.L. Ասատրյան)։
  • Արբանյակային հեռազննման կիրառման հեռանկարները Սևանա լճի ջրի էկոլոգիական վիճակի մոնիթորինգի գործում (զեկ.՝ աշխ.գ.թ. Շ.Գ. Ասմարյան)։
  • Միկրոօրգանիզմների շտամների ընտրության սկզբունքները կենսապատրաստուկների ստեղծման և կիրառման նպատակով
    (զեկ.՝ Ս.Հ. Հարությունյան)։

Բաժանմունքի կազմում ընդգրկված են Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը, Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտը, Գագիկ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը։ Բաժանմունքն ունի 6 ակադեմիկոս, 8 թղթակից և 27 արտասահմանյան անդամ, 12 պատվավոր դոկտոր: 2024թ-ի ընթացքում բաժանմունքի գիտաշխատողների կողմից տպագրվել է 337 հոդված, 19-ը՝ գիտաժողովների նյութերի ժողովածուներում, 172 թեզիս, 3 մենագրություն, 7 ուսումնական ձեռնարկ։ Ստացվել է 4 արտոնագիր: Անցկացվել է հանրապետական և միջազգային 35 միջոցառում, որոնց մասնակցել է 1396 մարդ:

Բաժանմունքն անցկացրել է ԳԱԱ կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային խորհրդի 5 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են Երևանում ծառահատման խնդիրները, Սևանա լճի էկոհամակարգին վերաբերող հիմնախնդիրները, բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանության և Հայաստանում վիրուսային վարակների արդի խնդիրները:

Երիտասարդների շրջանում գիտության հանրայնացման նպատակով բաժանմունքը նախաձեռնել է «Գիտությունն այսօր» սեմինարների շարք՝ «Չընդհատված ծածկագիր, հայեր», «Ապակոդավորում ենք գենոմը», «Հավաքում ենք փաթիլ. ատոմներից դեպի մոլեկուլ և բյուրեղ», «Սննդակարգ և առողջություն», «Թմրամիջոցները և դրանց հետևանքները», «Ամբողջական գենոմի առաջին հետազոտությունը հայկական պոպուլյացիայում» թեմաներով:

«Գիտության շաբաթ» գիտական փառատոնի, Գիտության օրվա առթիվ ԳԱԱ կազմակերպած ցուցահանդեսի ընթացքում գիտնականները երիտասարդներին ծանոթացրել են իրենց գիտական արդյունքներին։

Բաժանմունքի գիտահետազոտական կազմակերպություններում միջազգային ֆինանսավորմամբ իրականացվել է 41 դրամաշնորհային ծրագիր։

ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովն ընդունել է որոշում։ Որոշման մեջ, մասնավորապես, նշված է․ «Առկա են լուրջ խնդիրներ՝ կապված ՀՀ ԳԱԱ կազմակերպությունների և ՀՀ բուհերի ինտեգրման գաղափարի հեռանկարի հետ: Բաժանմունքի բոլոր կազմակերպությունները համարում են, որ այդ գործընթացի ճանապարհային քարտեզը կազմելուց պետք է հիմնվել աստիճանական և կշռադատված քայլերի վրա: Այդ ինտեգրումը պետք է բխի գիտության, կրթության, ռազմաարդյունաբերության, տնտեսության, անվտանգության և հասարակական տարբեր ոլորտների զարգացման ռազմավարությունից: ՀՀ ԳԱԱ կազմակերպությունների և ՀՀ բուհերի ինտեգրումը պետք է իրականացվի փուլերով, ռիսկերի գնահատման և կառավարման հստակ մեխանիզմների կիրառմամբ»: Անդրադարձ է կատարվել նաև գիտության հանրայնացման խնդրիներին։ «ՀՀ ԳԱԱ նախագահությունը պետք է ապահովի անհրաժեշտ կազմակերպչական և ֆինանսական պայմաններ ԳԱԱ-ի գրախոսական և գիտության հանրայնացման ասպարեզում, զարգացնի միջգիտակարգային և համատեղ դրամաշնորհների համակարգը», – նշված է որոշման մեջ:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930