Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարևորել հատկապես անվտանգային և  առողջապահական բնագավառներում կիրառման նպատակով հեռանկարային նորարական աշխատանքների իրականացումը»

Ապրիլ 22,2025 18:30

ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքն ամփոփեց 2024թ-ի գործունեության արդյունքները

Սույն թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Կոստանյանը ներկայացրեց 2024թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:

Տարեկան ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները.

  • «Խիստ ցրող օբյեկտների օպտիկական թափանցող պատկերագրում» (զեկ.՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Վ. Պապոյան)
  • «Ակտիվ գալակտիկաների բազմալիքային որոնումներ և ուսումնասիրություններ» (զեկ.՝ ֆ.-մ.գ.թ. Ա.Մ. Միքայելյան)
  • «Բլազարների ճառագայթման ուսումնասիրությունը մեքենայական ուսուցման ալգորիթմների միջոցով» (զեկ.՝ ֆ.-մ.գ.դ. Ն.Վ. Սահակյան)
  • «Ակուստիկ ալիքների ազդեցությամբ նոր բյուրեղների ստացում և աճեցում» (զեկ.՝ ֆ.-մ.գ.թ. Ռ.Պ.Սուքիասյան):
  • Հաղորդում ՌՖԷ-ում կատարվող և նախատեսվող կարևոր նշանակության հետազոտությունների վերաբերյալ (զեկ.՝ ֆ.-մ.գ.թ. Տ.Վ. Զաքարյան)
  • «Մութ նյութի մասնիկների որոնում Bell II դետեկտորով. տեսության և փորձի   համընկնում» (հեռավար զեկ՝ ՀՀ ԳԱԱ արտ. անդամ Ա. Յու. Խոջամիրյան)։

Բաժանմունքի կազմում ընդգրկված են Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, Ֆիզիկական հետազոտությունների, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտները և ԻԿՐԱՆԵՏ-Հայաստան միջազգային կազմակերպությունը:

Բաժանմունքն ունի 4 ակադեմիկոս, 10 թղթակից անդամ և 22 արտասահմանյան անդամ։ Բաժանմունքի ինստիտուտները ստացել են 3 արտոնագիր։ Գիտաշխատողները տպագրել են 4 մենագրություն, 3 հանրապետական ուսումնական ձեռնարկ, 231 հոդված, 151 թեզիս։ Բաժանմունքի գիտահետազոտական ինստիտուտներն անցկացրել են 29 միջոցառում, այդ թվում՝ սեմինարներ, միջազգային ու երիտասարդ գիտնականների գիտաժողովներ։ Ձևավորվել և գործում են ԳԱԱ Ներդրումային հիմնահարցերի ու Հատուկ նշանակության հիմնախնդիրների մասնագիտական խորհուրդներ: Բաժանմունքը հրատարակում է «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. ֆիզիկա», «Աստղաֆիզիկա», «Armenian journal of physics» ամսագրերը։

ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողով որոշեց․

  1. քննարկել կազմակերպությունների՝ տարիներ առաջ հաստատված թեմատիկայի վերանայման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով արդիականությունը, հանրապետության համար կարևորությունը և կադրերով ապահովվածությունը:
  2. Կարևորել հիմնարար հետազոտությունների արդյունքների հիման վրա հանրապետության՝ հատկապես անվտանգային և  առողջապահական բնագավառներում կիրառման նպատակով հեռանկարային նորարական աշխատանքների իրականացումը:
  3. Նախատեսել հանրապետական և միջազգային գիտական համագործակցության վերաբերյալ տնօրենների զեկույցներ (5 սեմինար)։
  4. Կազմակերպել արտասահմանյան գիտնականների սեմինարներ, համատեղ իրականացվող հետազոտությունների արդյունքների վերաբերյալ (8 սեմինար)։
  5. Ձևավորել նախաձեռնող խումբ տիեզերական հետազոտությունների բնագավառի աշխատանքները համակարգելու, միջգիտակարգային ծրագրեր մշակելու և ՀՀ ԳԱԱ նախագահությանն առաջարկներ ներկայացնելու համար:

ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2024թ-ի գործունեության արդյունքները

Սույն թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը ներկայացրեց 2024թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:

Ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները.

  • «Աբովյանի յուրօրինակ մագնետիտ-ապատիտային հանքավայրը Հայաստանում և դրա կապը Երևանի աղային ավազանի հետ» (Уникальное Абовянское магнетитапатитовое месторождение в Армении и его связь с Ереванским солевым бассейном), զեկուցող` ե.գ.թ. Ն.Ա.Նեկրիլով
  • «Հին դեղամիջոցներին՝ նոր կյանք», զեկուցող՝ ք.գ.թ. Շ.Շ.Դաշյան
  • «Նորարարական լուծումներ նանոէլեկտրոնիկայում առաջադեմ նանոնյութերի կիրառմամբ», զեկուցող՝ ֆ.-մ.գ.թ. Մ.Ա.Երանոսյան
  • «Ցինկսիլիկատային ֆոտոկատալիզատորների միկրոալիքային սինթեզ», զեկուցող՝ կ. գ.ա. Ա.Ս.Պետրոսյան

ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի կազմում ընդգրկված են Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի, Մանվել Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի, Երկրաբանական գիտութ­յունների, Արմենակ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտները, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը (Օրգանական քիմիայի, Արմենակ Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտներ, Մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրման կենտրոն):

Բաժանմունքն ունի ԳԱԱ 5 ակադեմիկոս, 5 թղթակից անդամ և 16 արտասահմանյան անդամ: 2024թ․ բաժանմունքի ինստիտուտների կողմից տպագրվել է 202 հոդված, 84 թեզիս, 5 մենագրություն և 2 ուսումնական ձեռնարկ: Ստացվել է 11 արտոնագիր։

Անցկացվել է 4 ընդհանուր ժողով, հանձնաժողովի 1 և բյուրոյի 14 նիստ, 5 խորհրդակցություն, ԳԱԱ սեյսմաբանության, սեյսմակայուն շինարարության, բնական և տեխնածին աղետների հիմնախնդիրների պրոբլեմային խորհրդի ենթահանձնաժողովի 2 նիստ: Պրոբլեմային խորհրդի ենթահանձնաժողովի նիստերում քննարկվել են «Էկոատոմ» ՍՊԸ-ի ներկայացրած «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա լաք էթինոլի օգտահանման տեխնոլոգիան, հավանության է արժանացել ներկայացված տեխնոլոգիան գործնականում ներդնելու առաջարկությունը, «Փի Էս Այ» ՍՊԸ-ի մշակած սենսորային տեխնոլոգիան ու դրա կիրառությունները (հիմնականում սահմանների հսկման համար), հավանության է արժանացել առաջարկվող սենսորային տեխնոլոգիան։

ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը որոշեց դրական համարել բաժանմունքի 2024թ. գործունեությունը:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930