Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները Ազատության հրապարակում տեղադրված վրանում այսօր հանդիպեցին «Հայրենիք» կուսակցության անդամների հետ։
«Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանն ասաց․ «Մենք այն մարդկանց թվին ենք պատկանում, ում համար Արցախի էջը փակված չէ։ Մեր հայրենակիցները պայքարը մեզ համար էլ սրբազան խաչ է, եւ այսօր այստեղ ենք՝ ձեզ հետ քննարկելու ու հասկանալու՝ ինչպե՞ս կարող ենք իրար օգնել։ Արցախն այս պահին հայաթափված է, բայց ես վստահ եմ, որ մեր ժողովրդի համար բարձրագույն արժեք է Արցախ վերադարձի իրավունքը, նորից ինքնորոշման համար պայքարը, նորից Ղարաբաղյան շարժումը վերաբորբոքելը։ Արցախը մեզ համար հայրենիքի մի կտոր է»։
Նա նշեց, որ արցախցիների կողմից ՀՀ կառավարությանը ներկայացված պահանջագրի բոլոր կետերն իրենց համար ընդունելի են՝ սկսած քաղաքական իրավունքներից, վերջացրած սոցիալական հարցերով։ «Սխալվում են այն մարդիկ, ովքեր ձեր պայքարը փորձում են միայն ստամոքսի կամ փողի պայքարի վերածել։ Չկա այդպիսի բան, շատ ծանր օրեր ենք ապրում ձեզ հետ միասին։ Եվ այն ատելության խոսքը, որն այսօր քարոզվում է տարբեր լրատվամիջոցներով, մեզ համար դատապարտելի եւ անընդունելի է։ 30 տարի շարունակ Արցախն ունեցել է պետական ինստիտուտներ, դա բոլոր աչքի առաջ է եղել, հիմա եկել են մարդիկ, ովքեր ասում են, որ Արցախի էջը փակված է։ Չկա այդպիսի բան, Արցախի պետական ինստիտուտների շարունակականությունը պետք է պահպանենք»,- հավելեց Խաչիկ Գալստյանը։ Նա նաեւ ասաց, որ շատ կարեւոր է արցախցիներին պահել Հայաստանում։
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանն էլ նշեց, որ արհեստական ու ոչ իրավաչափ է ՀՀ անձնագրեր ունեցող Արցախի քաղաքացիներին մեկ որոշմամբ զրկել ՀՀ քաղաքացիությունից։ «Մեր պետությունը պետք է ուժերի ներածի չափով ջանք գործադրի, որպեսզի Արցախից բռնի տեղահանված անձինք իրենց ընտանիքներով կարողանան ՀՀ-ում ապահովել իրենց նվազագույն, բայց արժանապատիվ կեցությունը։ Արցախից բռնի տեղահանվածներն այս իրավիճակում հայտնվել են նաեւ այն պատճառով, որ բոլորիս անվտանգությունն է խոցվել։ Ոչ միայն արցախցիներն են այդ վնասը կրել, մեր հայրենիքն ու երկիրն է այդ վնասը կրել»,- նշեց Արսեն Նիկողոսյանը։
Կարդացեք նաև
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանի խոսքով՝ սա միայն արցախցիների խնդիրը չէ, համայն հայության խնդիրն է։ Եվ անթույլատրելի է, որ այսօրվա կառավարությունը փորձում է Արցախի էջը փակված համարել։ «Մենք տեսնում ենք, թե ինչպիսի օրակարգով է առաջ գնում իշխանությունը։ Մարտի 29-ի հավաքն ինքնաբուխն էր եւ ապացուցում է, որ ՀՀ իշխանությունները որեւէ կերպ հաշվի չեն նստել Արցախի պետական ինստիտուտների ու արցախցիների հետ, եւ գրասենյակում նստած մշակել են ծրագրեր, որոնք իրականության մեջ խնդիրներ չեն լուծում։ Դրա մասին է վկայում այն, որ 25 հազար արցախցիներ արտագաղթել են Հայաստանից։ Եվ մենք ստիպված էինք ձեւավորել խորհուրդ ու խնդիրները բարձրաձայնել»,- նշեց Նժդեհ Իսկանդարյանը։ Նա ասաց, որ կառավարությունում մի քանի հանդիպում են ունեցել, բայց արցախցիներին հետեւյալ առաջարկն են արել՝ «եթե երկու ամսով երկարաձգում ենք 40 հազար դրամ աջակցությունը, ապա այն նախապայմանով, որ դուք վրանը հանելու եք»։
«Արդեն մարտի 29-ին մեկ ամիս կդառնա, բայց դեռ շոշափելի արդյունքներ չունենք, ներկայացրել ենք մեր խնդիրները, իրենք ընդունել են, որ ունեն ձախողված ծրագրեր, միաժամանակ պատրաստակամություն են հայտնել աշխատել։ Խորհուրդն արդեն 2-3 օրից հանդես կգա հայտարարությամբ։ Եթե կառավարությունը որոշակի լուծումներ չառաջարկի, մենք ստիպված ենք անցնել հստակ գործողությունների»,- նշեց Նժդեհ Իսկանդարյանը։
Խորհրդի անդամ Ապրես Մարգարյանն էլ ասաց, որ անցած օրերին երկու տասնյակից ավելի խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժեր Ազատության հրապարակի վրան են այցելել ու աջակցություն հայտնել իրենց։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ