Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում դատավոր Սաթենիկ Անդրեասյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի՝ «ՍԴ գործով» դատական նիստը: Դատալսումները գտնվում են դեռ նախնական փուլում:
Էդգար Ղազարյանը շարունակեց դեռեւս նախորդ նիստից անավարտ մնացած բավականին ծավալուն բացման խոսքը, որը վերաբերում է իր նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդմանը, որը նրա համոզմամբ ունի քաղաքական բնույթ, նախաքննության ընթացքում տեղ գտած եւ մեղադրանքի ապօրինությանը:
Կարդացեք նաև
Պարոն Ղազարյանի խոսքը այս անգամ էլ անավարտ մնաց՝ կապված աշխատանքային ժամն ավարտվելու հետ: Նա իր ասելիքը կշարունակի հաջորդ դատական նիստում, որը կկայանա մայիսի 14-ին, ժամը 10:00-ին:
Դատական նիստի ավարտից հետո Էդգար Ղազարյանը Aravot.am-ին ասաց. «Մենք լսել ենք դատախազի շատ համառոտ ելույթը: Մեղադրական եզրակացությունը համառոտ է, որովհետեւ ըստ էության նա վերաբերելի ասելու բան չուներ:
Ես հիմա ներկայացնում եմ կոնկրետ իրավական, փաստական հանգամանքների համապարփակ վերլուծությունը: Այսինքն, փաստեր՝ համադրելով իրավական ակտերի հետ եւ վերլուծություն: Իմ ելույթը շարունակվելու է: Ես ունեմ շատ ծանրակշիռ փաստեր, որոնք առաջիկայում պետք է ներկայացնեմ, որ այս գործը իմ գործողությունների հետ վերաբերելիության որեւէ սահման չունի: Սա ընդամենը խոսքի ազատության անհարկի սահմանափակում է: Ինձ ներկայացվող մեղադրանքը վերաբերում է անհատի, կոնկրետ դատավորի, դատախազի, քննիչի մասին եւ այլն, արատավոր տեղեկություններ իմանալուն եւ տարածելուն: 490-րդ հոդվածը վերաբերում է նրան, որ որեւէ մեկը, այդ թվում եւ դատավարության մասնակից, փորձի հայթայթել անձնական կամ այլ տիպի տեղեկություններ դատավորի, դատախազի մասին, որոնք իրենց բնույթով արատավորում են եւ դրանց տարածման նպատակը անազնիվ է, նպատակ ունի ազդել դատավորի, դատախազի, քննիչի եւ այլնի գործողությունների, դրանով նաեւ արդարադատության վրա: 490-րդ հոդվածը դրան է վերաբերում:
Բայց իմ գործողությունները այս գործի մեղադրական եզրակացության մեջ վերաբերեւմ են Սահմանադրական դատարանի «Հայ-ադրբեջանական սահմանային հանձնաժողովի կանոնակարգի վերաբերյալ որոշման կապակցությամբ եւ դրա ընդունելուց հետո հնչեցրած քննադատական խոսքին: Այսինքն, դրանք ոչ թե դատավորների մասին տեղեկություններ են, այլ մեկնաբանություններ, վերլուծություններ, համեմատություններ, կարծիք: Այո, նաեւ քննադատություն: Իսկ ո՞վ է ասում, որ դատավորներին չի կարելի քննադատել: Ո՞վ է ասում, որ մարդը եթե դատավոր է, դատախազ է, պետք է նրա մասին միայն լավն ասենք:
ՍԴ-ն կայացրել է որոշում, որն արդեն վերջնական է, բողոքարկման ենթակա չէ: Բա, չասե՞ս, որ այդ որոշումը սխալ որոշում է: Մանավանդ, որ դա ոչ միայն իմ կարծիքն է, այլ նաեւ ՍԴ դատավորի: Օրինակ, ես նայել եմ դատավոր Հրայր Թովմասյանի հատուկ կարծիքը, որտեղ ասվում է, որ ՍԴ-ն այդ գործն ընդհանրապես վարույթ չպետք է ընդուներ, որ ՍԴ-ն այդ որոշումը կայացնելով՝ դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից, որ դուրս է եկել միջազգային պայմանագրի դրույթները քննարկելուց եւ անցել է այլ իրավական ակտերի քննարկմանը, որի իրավասությունը ինքը չունի: Այսինքն, Անկախության հռչակագիրը մեկնաբանելու իրավասություն ոչ մեկը ՍԴ-ին չի տվել:
Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանված են Սահմանադրության եւ ՍԴ մասին օրենքով: Եթե նրանք կայացնում են որոշում ու ես կարդում եմ այդ որոշումը, ասում եմ՝ դու այդ որոշումը կայացնելու իրավունք չունեիր: Ու համեմատում եմ, ասում, որ նույն փաստաթուղթը Ադրբեջանում չի անցել վավերացման գործընթաց, այնտեղ ՍԴ-ն դա քննության առարկա չի դարձրել, դուք ինչի՞ եք սա վարույթ ընդունել: Ուրեմն, դուք գուցե ունեցել եք այլ մտադրություններ: Եվ գնահատական եմ տալիս այդ մտադրությանը: Դա տեղեկություն չէ դատավորի մասին, դա կարծիք է նրա գործողությունների վերաբերյալ»,-ասաց Էդգար Ղազարյանը՝ վստահեցնելով, որ հաջորդ դատական նիստերում պաշտպանական կողմը դեռ բազմաթիվ հետաքրքիր հարցադրումներ ունի հնչեցնելու, որոնց պատասխանները պետք է տրվեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ