Համատեղ զորավարժություններ` «մարտական պատրաստվածությունը բարձրացնելու, ահաբեկչության դեմ պայքարի եւ կայուն խաղաղություն համար»
Հայաստանի եւ Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն ապրիլի 9-10-ը համատեղ զորավարժություններ անցկացրեցին: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, իսկ ԻԻՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում: Ըստ հայկական կողմի՝ զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ:
Հայաստանի եւ Իրանի համատեղ զորավարժությունները խաղաղ բնույթ են կրում, հայտնեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Վալիոլլահ Մանին՝ որոշ մանրամասներ ներկայացնելով։ Նրա խոսքով՝ դրանք տեղի էին ունենում հայ-իրանական սահմանի Նորդուզ շրջանում՝ սահմանային անվտանգությունն ապահովելու նպատակով։ «Իրանի եւ Հայաստանի սահմանային տարածքներում որեւէ վտանգ չկա, դա արվում է մարտական ուժերի պատրաստվածությունը բարձրացնելու, ահաբեկչության դեմ պայքարելու եւ կայուն խաղաղություն պահպանելու համար», նշել էր Մանին՝ հավելելով. «Երկու երկրների սահմանային տարածքները ռազմավարական նշանակություն ունեն՝ հաշվի առնելով այն զգայուն դիրքը, որ տարածաշրջանը զբաղեցնում է»։
Մարտի վերջին արտգործնախարարի պաշտոնում առաջին անգամ Երեւան ժամանեց Սեյեդ Աբբաս Արաղչին։ Նա Երեւանում վերահաստատեց՝ Իրանն աջակցում է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը եւ դեմ է ցանկացած միջազգային սահմանի փոփոխության: Արաղչին միեւնույն ժամանակ նկատել էր, որ էսկալացիայի վտանգը տարածաշրջանում գոյություն ունի, եւ հույս էր հայտնել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում այդ վտանգները նվազագույնին կհասնեն։
Կարդացեք նաև
Նա Երեւանում մի քանի անգամ կրկնեց Թեհրանի արդեն տարիներ շարունակ հնչող տեսակետը՝ Իրանն աջակցում է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը եւ դեմ է ցանկացած միջազգային սահմանի փոփոխության, խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանում երկխոսությամբ, առանց ուժի կիրառման: «Գտնում ենք, որ Կովկասի խաղաղության եւ կայունության համար այդ համաձայնությունը շատ կարեւոր է, այդ հարցը շատ կարեւոր է նաեւ տնտեսական հարաբերությունների զարգացման համար, եւ հուսով ենք, որ այն խնդիրները, որոնք գոյություն ունեն, շուտով կլուծվեն, եւ համաձայնագիրը կստորագրվի։ Էսկալացիայի վտանգը տարածաշրջանում գոյություն ունի, եւ մենք հույս ունենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում այդ վտանգները նվազագույնին կհասնեն, եւ մենք ականատես կլինենք կայունությանը, որը բխում է բոլորի շահերից», ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում նշեց Արաղչին:
Սյունիքով միջանցքի գաղափարից Ադրբեջանը չի հրաժարվում, Հայաստանի իշխանության առաջարկած ապաշրջափակման տարբերակն ամիսներով անպատասխան է թողնում: Հարցին՝ ի՞նչ քայլի կդիմի Իրանը, եթե Ադրբեջանը փորձի ռազմական ճանապարհով լուծել հարցը, իրանցի պաշտոնյան պատասխանեց՝ դրան դեմ են: Նա կարծում է՝ Հայաստանի իշխանության առաջարկած «Խաղաղության խաչմերուկը» մեծ հնարավորություն կստեղծի ՀՀ-ի եւ Իրանի հարաբերությունների զարգացման համար: «Մենք գտնում ենք, որ խնդիրները տարածաշրջանում պետք է լուծվեն երկխոսության եւ դիվանագիտության միջոցով, եւ դեմ ենք տարաձայնությունները լուծելու համար ցանկացած ռազմական քայլի», – նշել էր պաշտոնյան, հավելելով. «Հաղորդակցությունների եւ տրանզիտային ուղիների բացումը ընդունելի է, բայց դրանք պետք է լինեն երկրների ինքնիշխանության ներքո, պետք է հարգվեն երկրների տարածքային ամբողջականությունը եւ ազգային օրենքները: Իրանը միանգամայն կողմ է, որ տարածաշրջանի երկրները օգտագործեն հաղորդակցության եւ տրանզիտային ուղիները, բայց ինչպես նշեցի, միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման եւ երկրների ազգային ինքնիշխանության շրջանակներում: Բացի սրանից, որեւէ այլ տարբերակ ընդունելի չէ»:
Կարեւոր գործընթացներ` հարեւան Իրանի շուրջ
Հարեւան Իրանի շուրջ վերջին շաբաթներին կարեւորագույն իրադարձություններ են ծավալվում: Ոչ միայն տարածաշրջանային առումով, այլեւ աշխարհաքաղաքական առումով ապագայում հնարավոր են համաձայնություններ, գործարքների կայացում` Իրանի մասնակցությամբ, որը ազդեցություն կթողնի տարածաշրջանային գործընթացների վրա:
Իրանի արտգործնախարարը Երեւանում հայտարարեց, որ Իրանը դեռ չի արձագանքել ԱՄՆ նախագահի նամակին, բայց պատասխանը պատրաստման փուլում է: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 12-ին նամակ էր ուղարկել Իրանին՝ առաջարկելով բանակցել միջուկային ծրագրի շուրջ նոր գործարք կնքելու համար։ Թրամփը Թեհրանին երկու ամիս էր տվել՝ որոշելու՝ նոր բանակցությունների մեջ կմտնե՞ն, թե՞ կբախվեն ավելի խիստ պատժամիջոցների:
Երեւանում Իրանի ԱԳ նախարարին «Ազատությունը» հարցրել էր` Իրանը պատրա՞ստ է ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել: «Ամերիկայի հետ բանակցություններում մեր դիրքորոշումը հստակ է, մենք ճնշումների ու ռազմական սպառնալիքների, տնտեսական պատժամիջոցների խստացման պայմաններում Ամերիկայի հետ չենք ունենա ուղիղ բանակցություն, բայց Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ պատրաստ է իր խաղաղ միջուկային ծրագրի շուրջ թափանցիկություն ստեղծելու համար բանակցել: Հենց հիմա էլ մենք եվրոպական երեք եւ շահագրգիռ մյուս երկրների հետ ունենք բանակցություններ, եւ ընդհանուր առմամբ, մեր միջուկային ծրագրի հարցով մենք երբեք չենք լքել եւ չենք լքի բանակցությունների սեղանը», – պատասխանել էր Արաղչին:
Այսպես, անցյալ ամսվա վերջին Թեհրանից հստակ ուղերձ հղվեց` Իրանը համաձայն է ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններին: Թեհրանը պատասխանեց Թրամփի նամակին, որով ԱՄՆ նախագահը հորդորել էր վերսկսել բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Թե ինչ է գրված պատասխան նամակում՝ Արաղչին չէր բացահայտել, բայց ակնարկել էր, որ Թեհրանը նախընտրել է ոչ մերժելու, ոչ էլ՝ համաձայնելու տարբերակը` պատրաստ ենք անուղղակի շփումների: Արաղչին նշել էր. «Մեր քաղաքականությունն է մնում` չներգրավվել ուղիղ բանակցություններում՝ ԱՄՆ-ի կողմից առավելագույն ճնշման քաղաքականության պայմաններում, միաժամանակ, ինչպես եւ անցյալում, ոչ ուղղակի բանակցություններն այս դեպքում էլ կարող են շարունակվել»։ Հոգեւոր առաջնորդ Այաթոլահ Ալի Խամենեիի խորհրդականը եւս նշել էր, որ` Իրանը չի փակում բոլոր դռները եւ պատրաստ է անուղղակի բանակցությունների ԱՄՆ-ի հետ։
Ի դեպ, ուղերձը Թեհրան ուղարկելուց առաջ Դոնալդ Թրամփը հայտարարել էր՝ կա՛մ Թեհրանը կհամաձայնի բանակցել, կա՛մ հարցը կլուծվի ռազմական ճանապարհով. «Նրանք շատ են հզորացել եւ արել են դա շատ արագ, հսկայածավալ նավթ են վաճառել Չինաստանին եւ մյուսներին։ Մենք պարզապես չենք ուզում, որ նրանք միջուկային զենք ունենան»։
Հիշեցնենք, որ պաշտոնավարման առաջին շրջանում Թրամփը միակողմանիորեն դուրս էր եկել գերտերությունների եւ Իրանի միջը կնքված միջուկային համաձայնագրից։ Հունվարին Սպիտակ տուն վերադառնալով նա հրամանագիր էր ստորագրել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները առավելագույն մակարդակի հասցնելու մասին։ «Այս պայմաններում բանակցություններն անիմաստ են», արձագանքել էր Իրանի նախագահը` հավելելով. «Թրամփը հայտարարում է, թե ուզում է բանակցել, հետո նույն վայրում ստորագրում ու հայտարարում է դավադրություններ, որոնք նպատակ ունեն ծնկի բերել այս երկիրը»։
Այսպես, ի՞նչ էր գրել ԱՄՆ նախագահն իր նամակում… Թե կոնկրետ ինչ էր գրել ԱՄՆ-ի նախագահն իր նամակում՝ չէր գաղտնազերծվում։ Միացյալ Արաբական Էմիրությունների բարձրաստիճան դիվանագետը, որը Թեհրան էր հասցրել այդ ուղերձը, տեղական լրատվամիջոցներին ասել էր, թե այն սպառնալիքներ է պարունակում, միաժամանակ՝ հնարավորություններ։
Թրամփի՝ Մերձավոր Արեւելքի հարցերով խորհրդական Սթիվ Ուիթքոֆը, առանց բովանդակությունը գաղտնազերծելու, որոշ մանրամասներ էր բացահայտել, ընդգծելով՝ չնայած ռազմական լուծման գնալու մասով Միացյալ Նահանգների վրա հսկայական ճնշում կա, սակայն Թրամփը նախընտրում է նախ բանակցությունների հնարավորությունը փորձել: «Իրանին ուղղված նամակը մոտավորապես ասում է՝ ես խաղաղության նախագահ եմ, մենք այս խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու պատճառ չունենք։ Մենք պետք է խոսենք, պետք է փարատենք թյուրըմբռնումները, պետք է ստեղծենք վերահսկման ծրագիր, որպեսզի որեւէ մեկը մտահոգություն չունենա, թե ձեր միջուկային արտադրանքը կարող է միջուկային զենքի վերածվել։ Ես կուզեի, որ այդպես էլ լիներ, քանի որ սրա այլընտրանքը ամենեւին լավը չէ», – ըստ «Ազատության», ասել էր Ուիթքոֆը։
Ըստ ամերիկյան պարբերականների, նամակը Իրան հասցնելուց առաջ Սպիտակ տունը ճեպազրույց է անցկացրել դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի, Սաուդիան Արաբիայի ու Միացյալ Արաբական Էմիրությունների հետ՝ ներկայացնելով դրա բովանդակությունը։
Իսկ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, անանուն մնալու պայմանով Axios -ին հայտնել էր, որ մարտի սկզբին Թեհրան ուղարկած նամակով Դոնալդ Թրամփը Իրանին երկու ամիս ժամանակ է տալիս՝ միջուկային ծրագրի շուրջ նոր գործարք կնքելու համար։ Հստակ չէ՝ այդ ժամկետի հաշվարկը սկսվում է նամակը ստանալու, թե հնարավոր բանակցությունները մեկնարկելու պահից։ Եթե բանակցությունները ձախողվեն, Իսրայելն ու Միացյալ Նահանգները սպառնում են թիրախային հարվածներ հասցնել Իրանի երկու՝ Նաթանզի ու Ֆորդոյի ընդհատակյա միջուկային օբյեկտներին։
Այսպիսով, ըստ փորձագետների` կուլիսներում կողմերը բանակցությունների հնարավորությունների փնտրտուքով են զբաղված։ Փորձագետների համոզմամբ` իրանական կողմին նաեւ երկրի տնտեսական ծանր վիճակն է համաձայնությունների դրդում: Այս իրադարձություններից օրեր անց դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով, ամերիկյան Axios կայքը հայտնեց, որ Սպիտակ տունը «լրջորեն քննարկում է Իրանի հետ անուղղակի բանակցությունների հնարավորությունը»:
«Բանակցությունները որքան հնարավորություն են, այդքան էլ՝ փորձություն»
Ապրիլի սկզբին հայտնի դարձավ, որ Իրանի արտգործնախարարն ու Մերձավոր Արեւելքի հարցերով ԱՄՆ նախագահի բանագնացը Օմանում կբանակցեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Առանց մանրամասների՝ Աբբաս Արաղչին X-ում հայտնեց, որ Սթիվ Ուիթքոֆի հետ բանակցությունները կլինեն ոչ թե ուղիղ, ինչպես ԱՄՆ նախագահն է ասել, այլ՝ միջնորդավորված: Իսկ թե ինչ նկատի ունի միջնորդավորված ասելով, իրանցի դիվանագետը չէր բացատրել: Բանակցությունները որքան հնարավորություն են, այդքան էլ՝ փորձություն: Գնդակն Ամերիկայի դաշտում է, նկատել էր Իրան ԱԳ նախարարը: Արաղչին միեւնույն ժամանակ կանխատեսել էր` համաձայնության հնարավոր է գալ, եթե ԱՄՆ-ը բարի կամք դրսեւորի, ապա հավելել էր, որ Իրանի գլխավոր նպատակն է, որ վերացվեն պատժամիջոցները:
ԱՄՆ նախագահ Թրամփը նույնպես հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու Իրանը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բարձր մակարդակի ուղիղ բանակցություններ կվարեն: Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպմանը ԱՄՆ-ի նախագահը զգուշացրել էր, որ Իրանի շահերից է բխում, որ բանակցությունները հաջող ընթանան:
«Բավական բարձր մակարդակի հանդիպում ունենք իրանցիների հետ, եւ ուղիղ շփումների մեջ ենք … Գուցե գործարք կնքվի: Դա հիանալի կլինի: Դա իսկապես հիանալի կլինի Իրանի համար», – ասել էր Թրամփը:
Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական գործողություններ կկիրառի, եթե բանակցությունների արդյունքում հնարավոր չլինի համաձայնության գալ Թեհրանի հետ, Թրամփն արձագանքել էր. «Եթե բանակցությունները հաջող չանցնեն, կարծում եմ՝ դա շատ վատ օր կլինի Իրանի համար»: ԱՄՆ նախագահը նշել էր, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, շեշտելով՝ ինքը նախընտրում է «գործարք» կնքել Իրանի հետ, քան ռազմական առճակատման գնալ։
Իր հերթին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ էր արել ԱՄՆ վարչակազմին ի ցույց դնել անկեղծ շահագրգռվածությունը բանակցություններ անցկացնելու հարցում, շեշտելով՝ Թեհրանը հավանություն չի տա «նվաստացուցիչ պայմաններով բանակցություններին»։
Առհասարակ, Իրանում կարծում են, որ Թրամփն իր վերջին սպառնալիքներով ցանկանում է Թեհրանին ստիպել զիջումների գնալ: Ըստ «Ազատության», իրանցի բարձրաստիճան պաշտոնյան անանուն մնալու պայմանով ասել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է առաջ քաշել նաեւ այլ խնդիրներ՝ ներառյալ Մերձավոր Արեւելքում Իրանի ազդեցության նվազեցումն ու բալիստիկ հրթիռների ծրագրից հրաժարվելը, ինչը Թեհրանը բացառում է: «Թրամփը ցանկանում է վերջ տալ տարածաշրջանում Իրանի ազդեցությանը, վերացնել միջուկային ծրագիրը եւ դադարեցնել նրա հրթիռաշինության ոլորտում աշխատանքը: Դա անընդունելի է Թեհրանի համար», – նշել է իրանցի պաշտոնյան: Մեկ այլ պաշտոնյա նկատել է, որ Իրանը չի կարող զինաթափվել, երբ Իսրայելը միջուկային մարտագլխիկներ ունի. «Ո՞վ է մեզ պաշտպանելու, եթե Իսրայելը կամ մյուսները հարվածեն»:
Թեհրանի ուղերձն, այսպիսով, միանգամայն հստակ էր. Իրանն «իրական հնարավորություն» է տալիս Միացյալ Նահանգների հետ բանակցություններին, X-ում նշել էր Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը` շեշտելով. «Մենք մտադիր ենք գնահատել մյուս կողմի մտադրությունները եւ որոշում կայացնել այս շաբաթ օրը»:
Իսկ իսրայելցի որոշ փորձագետներ համոզված են, որ հիմա է Իրանի միջուկային օբյեկտները հարվածելու կատարյալ պահը՝ հաշվի առնելով, որ միջուկային ծրագիրն իր զարգացման ամենաբարձր կետում է, իսկ Իրանի դաշնակիցները՝ լիբանանյան «Հեզբոլա» խմբավորումը եւ Սիրիան, էապես թուլացած են: Թել Ավիվի համալսարանի ավագ հետազոտող Յոել Գուզանսկին The New York Times-ին ասել է՝ Իսրայելի համար իդեալական տարբերակը կլիներ շատ լավ գործարք կնքելը: «Սակայն աշխարհում իդեալական ոչինչ չկա», – հավելել է նա՝ կիսելով մտահոգությունը, որ Թրամփը կարող է ավելի ճկուն լինել, քան Իսրայելը, եւ արդյունքում գուցե տարաձայնություններ ծագեն:
Նկատենք նաեւ, որ Մոսկվան ողջունել է ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցությունները: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ դրանք կարող են հանգեցնել Իրանի շուրջ լարվածության թուլացմանը: «Միանշանակ ողջունում ենք, քանի որ բազմիցս ենք ասել, որ աջակցում ենք Իրանի միջուկային խնդրի կարգավորմանը քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով։ Եթե այդպես լինի, ապա դա միայն ողջունելի է», նշել էր Կրեմլի խոսնակը: Այդ ֆոնին Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը վավերացրեց Իրանի հետ 20-ամյա ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը: Սակայն ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն նկատել էր, որ Իրանի վրա ԱՄՆ հարձակման դեպքում ՌԴ-ն չի պարտավորվում ռազմական աջակցություն տրամադրել Իրանին, թեեւ միջոցներ կձեռնարկի խնդրի կարգավորման համար:
Ամփոփումը` վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.04.2025