Ապրիլի 12-ին, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ և Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցել է «Ժնևցի հումանիստ-բարերարների հայանպաստ գործունեությունը հայ ժողովրդի պատմության ողբերգական իրադարձությունների ժամանակ» խորագրով համաժողովին, որը տեղի է ունեցել Ժնևի հայկական կենտրոնում։ Միջոցառմանը մասնակցում էին շվեյցարացի և հայազգի մտավորականներ, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքների ժառանգներ։
Համաժողովը կազմակերպվել էր Ժնևի «Գուստավ Ադոր» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիմնադրամների համագործակցությամբ՝ նպատակ ունենալով հիշել և երախտիքի տուրք մատուցել այն արժեքներին, որոնցով առաջնորդվել են ժնևցի հումանիստ-բարերարները հայոց պատմության դժվարին օրերին հայ ժողովրդին սատարելու ջանքերում։
Համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել Օսմանյան կայսրությունում համիդյան ջարդերի և Հայոց ցեղասպանության օրերին շվեյցարացի ժողովրդի և հումանիստների հայանպաստ գործունեությանն և համերաշխությանը հայ ժողովրդին, ինչը հայ-շվեյցարական բարեկամության հիշարժան էջերից է։ Ներկայացվել են հայ ժողովրդի համար դժվարին այդ ժամանակահատվածում ժնևցի հումանիստ-բարերարների՝ Շվեյցարիայի Ազգային ժողովի նախագահ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Գուստավ Ադորի, ինչպես նաև Լեոպոլդ Ֆավրի և Էդուարդ Նավիլի ջանքերը որբացած հայ մանուկներին օգնություն ցուցաբերելու հարցում։ Հայ նկարիչ Սարգիս Խաչատուրյանի՝ «Հայ որբերի բարեկամին» մակագրությամբ Գուստավ Ադորի՝ 1913 թվականին ստեղծված դիմանկարը միջոցառմանը ներկայացվել է որպես հավաքական հիշողության յուրօրինակ խորհրդանիշ։
Մեծ երախտագիտությամբ հիշատակվել է Անտոնի Կրաֆտ Բոնարի շնորհիվ Բենյինում ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ որբերին ապաստան տրամադրելու համար մանկատան հիմնումը՝ մանուկներին հայկական կրթությամբ ու ոգով դաստիարակելու վեհ նպատակով։
Կարդացեք նաև
Իր խոսքում դեսպան Հասմիկ Տոլմաջյանը բարձր է գնահատել Շվեյցարիայի ժողովրդի անմնացորդ նվիրվածությունը հայ ժողովրդին նրա պատմության դժվարին ժամանակաշրջանում։ Դեսպանը երախտիքի տուրք է մատուցել շվեյցարացի հումանիստներին՝ ընդգծելով, որ նրանց գործունեության շնորհիվ տեղի ունեցած իրադարձությունները հիշվում են ոչ միայն ողբերգական և դաժան էջերով, այլև հումանիզմի դրսևորումներով, որոնք մարդկային արժեքների հանդեպ հավատի աղբյուր են հանդիսանում։ Դեսպանը նաև կարևորել է համատեղ ջանքերով հայ–շվեյցարական բարեկամության խորացմանն ուղղված քայլերն ու հավաքական հիշողության պահպանումը։
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն